Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը՝ Արամ Աբրահամյանին

Մարտ 13,2013 17:51

«Իմ առողջությունը լավ է, ես ինձ լավ եմ զգում: Շնորհակալ եմ այդ ուշադրության համար, որ ստանում եմ իմ քաղաքացիների կողմից: Ընծաները, օրհնանքները շարունակվում են, դա ինձ լիցք է տալիս: Նկատել եք, որ միգուցե ավելի քիչ եմ ձեռքով բարեւ տալիս, բայց ձեր հայացքը կիսելով, այդ բարեւի ոգին շարունակվում է, մինչեւ ունենանք նոր Հայաստանի մեկնարկը»,- այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա շնորհավորեց Չարենցի ծնունդը եւ մեջբերեց նրա խոսքերը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»:

Նա նաեւ պատմեց, թե ովքեր են իրեն այցելել. «Տեր Գրիգորն ինձ այցելեց առավոտ կանուխ: Մենք միասին աղոթեցինք, շնորհակալություն եմ հայտնում այդ հոգեւոր իրական, անմնացորդ ծառայության համար, որ տարիներ շարունակ նա մատուցում է: Այցելեց նաեւ ոստիկանապետը: Մենք առանձնացանք Ազատության հրապարակում, քննարկեցինք ստեղծված իրավիճակը, ինքը հետաքրքրվեց իմ առողջությամբ, ցանկացավ, որ այլ եղանակով մեր ժողովուրդը, ես շարունակեմ պայքարը: Ես շնորհակալություն հայտնեցի, կրկնեցի ժողովրդի պահանջը, որ մենք բաց ենք ցանկացած քննարկման, զրույցի, առաջարկի առջեւ, բայց միաժամանակ մենք պատրաստ չենք զիջելու մեր նվաճած հաղթանակը: Ինչպես իմացաք, նաեւ այցելեցին ՀԱԿ-ի ներկայացուցիչները, մտավորականներ, նկարիչներ, գրողներ, բժիշկներ, փաստաբաններ, շնորհակալ եմ բոլորին՝ անկախ մասնագիտությունից»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումը, որի ժամանակ Պուտինը նշել է, որ Սերժ Սարգսյանը 60 տոկոս ձայն է ստացել՝ ավելի շատ, քան պաշտոնական արդյունքներն են: Նա պատասխանեց ռուսերեն. «Գոսպոդին Պուտին օշիբայետսյա»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք է՞լ եք Ստյոպա Սաֆարյանի պես տպավորություն ստացել, որ Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի այցը զուտ քաղաքավարության այց էր: Նա նախ ճշտեց՝ իրենք՝ զրուցակիցներն այդպե՞ս են մեկնաբանել: Նա ասաց, որ եթե իր զրուցակիցը ցանկություն չունի զրույցի մասին տեղեկություն տալ, ինքը չի հրապարակի զրույցի մանրամասները, միայն շնորհակալություն հայտնեց այցի համար:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսի ընթացքում պատասխանեց «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի այսօրվա խմբագրականին՝ ասելով, որ «Սա հացադուլ եւ ծոմ չէ, որ ես անում եմ: Ինքնամաքրում է: Պատասխանելով «Առավոտի» հարգելի խմբագրին՝ ասեմ՝ ինքնամաքրումը քաղաքացիական է, հոգեւորը ես անում եմ իմ հոգու մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031