Լրահոս
Օրվա լրահոսը

1988 պարկ կդատակոչվի՞ որպես «վկա» (Տեսանյութ)

Մարտ 13,2013 16:55

Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննության կապակցությամբ ընթացած դատական նիստում լսվեցին հարակից պատասխանողների՝ ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ ոստիկանության բացատրությունները: Դատարանը լսեց դիմումատու կողմերի միջնորդությունները:

Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչները հանդես եկան 10 միջնորդություններով Անդրիաս Ղուկասյանը՝ 1 միջնորդությամբ:

Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը միջնորդեց կասեցնել այս գործի քննությունը, քանի որ, ըստ նրա, Սահմանադրական դատարանում կա մեկ այլ դիմում՝ կապված Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից վարչական դատարանի փետրվարի 4-ի դատական ակտի սահմանադրականության հարցի հետ:

Մեժլումյանը միջնորդեց դատարան հրավիրել դիտորդ Նարինե Իսմայիլին՝ որպես վկա: Մեկ այլ միջնորդություն կապված էր ԿԸՀ-ի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանին որպես վկա ներգրավելու հետ, քանի որ, ըստ նրա, տիկին Հովհաննիսյանը ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներին էլեկտրոնային փոստով նամակներ է ուղարկել՝ Ր. Հովհաննիսյանի դիմումների մերժման պահանջով: Այդ մասին տեղեկացրել է ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, որին որպես վկա դատակոչելու միջնորդությամբ հանդես եկավ:

Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը նկարներ տրամադրեց դատարանին, որտեղ պատկերված էին, թե ինչպես են զինվորները տեղամասերում ցուցակներով քվեարկում:

Փոստանջյանը միջնորդեց, որ 1988 պարկերը դատարան բերվեն, որպեսզի տեսնեն, թե ինչ կա պարկերի ներսում: Միեւնույն ժամանակ նա միջնորդեց, որ դատարանը որպես վկա կանչի Սերժ Սարգսյանին: Այս միջնորդությանը հետեւեց ՍԴ նախագահի ռեպլիկը. «Տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Թանկյանին էլ կհրավիրենք»:

Միջնորդություններից մեկը վերաբերում էր ԱԱԾ-ի կողմից Հայաստանի Հանրապետություն մուտք ու ելք արած քաղաքացիների վերջին 5 տարիների թվին: Անդրիաս Ղուկասյանը  դիմեց դատարանին, որ հնարավորության դեպքում դատարան ներկայացնեն 576 տեղամասերում բացակա քաղաքացիների քանակը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031