«Ինձ համար լուրջ բացահայտումներ եղան, որոնք, նույնիսկ պրակտիկ իրավաբան լինելով, չգիտեի այդ աստիճանի և խորության: Խոսքը վերաբերում է Քրեական օրենսգրքի հանրահայտ 70-րդ և 64-րդ հոդվածներին` պատիժը սահմանադրորեն չկիրառելը, չափանիշ ընտրելով` առանց պատիժը կրելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության գնահատումը: Զեկույցն ըստ էության պլատֆորմ է ստեղծում նմանատիպ մյուս հետազոտությունների համար».-ասաց ԵՊՀ դոցենտ Հրայր Ղուկասյանը:
Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Բոլ Րում» սրահում տեղի ունեցավ «Պատժողական քաղաքականությունը ՀՀ-ում» թեմայով հանրային քննարկում, որը հրավիրել էին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հետ համատեղ: Միջոցառման նպատակն է վեր հանել պատժի համակարգում և դրա կիրառման պրակտիկայում առկա թերությունները և առաջարկել լուծումներ դրանց շտկման համար:
Հրապարակելով զեկույցը` կազմակերպությունը ցանկանում է վերհանել պատիժների նշանակման օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով` նպաստել պատիժների նշանակման միասնական մոտեցման ձևավորմանը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ նախագահ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ աշխատությունն իրականացնելիս, իրականացված ծրագրի շրջանակներում ուսումնասիրված 1735 քրեական գործերից 1690-ը ներկայացնում են 2010 թվականը: «1735 քրեական գործերով ներգրավված են եղել 2446 ամբաստանյալներ: Գործերից 691-ը` 975 ամբաստանյալներով, եղել են Երևանի դատարաններում քննված գործեր, իսկ 1044-ը` 1471 ամբաստանյալներով, մարզային դատարաններում քննված քրեական գործեր»:
Կարդացեք նաև
Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ` առավել մեծ թվով գործեր (221) են դիտարկվել Սյունիքի դատարանից, առավել քիչ (50)` Արագածոտնի դատարանից, համապատասխանաբար ամենաշատ` 294 և ամենաքիչ` 82 ամբաստանյալներով:
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանն անդրադառնալով դատավճիռներին, ասաց, որ այսօր պատժողական քաղաքականության հետ մենք ունենք անորոշություն: «Նախքան դատավճիռը, հաճախ մեզ, որպես փաստաբան, հարցնում են, թե դատն ինչպես կավարտվի: Երբևէ մենք չենք կարող կանխատեսել, թե դատարանը ինչ պատիժ կարող է կիրառել, միայն մի դեպքում, բոլորիս քաջ հայտնի է, երբ փաստաբանը նախօրոք ինչ-որ քննարկումներ և երկխոսություն է ունեցել: Կան գործեր, որտեղ պատիժը սահմանված է 2-ից 6 տարվա ազատազրկմամբ: Այս դեպքում դատավորը քանի տարի պետք է տա, որ արդարացի լինի: Մենք ունենք մի հատ մեծ ստվեր, իսկ որտեղ կա ստվեր, այնտեղ կա կոռուպցիոն ռիսկեր: Ես վախենում եմ, որ էն, ինչ վերաբերում է պատժողականությանը, դատարանը որդեգրում է կամայականություն»,-ընդգծեց Ալումյանը;
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ