Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Չարենց: Չարենցի ճակատագիրն էր մնալ առեղծվածային (ֆոտոշարք)

Մարտ 13,2013 16:22
PrevPhoto
NextPhoto

Այսօր մեծն բանաստեղծ Եղիշե Չարենցի 116 ամյակն է: Նրա հուշարձանի մոտ էին հավաքվել բազմաթիվ դպրոցականներ և արվեստագետներ:

Չարենցի թոռնուհին` Գոհար Չարենցն ասաց. «Դա Չարենցի ճակատագիրն էր, որ գերեզման չունեցավ: Նա ստալինյան բռնապետության զոհ էր և մենք չենք կարող փոխել այդ ամենը կամ էլ փաստերը խեղաթյուրել: Ուրեմն էդպես էլ թող լինի: Նա չունի գերեզման. այս հուշարձանն է նրա գերեզմանը: Դա նրա ճակատագիրն էր` թող մնա առեղծվածային Չարենցը»:

Չարենցագետ Ռոբերտ Դավթյանն էլ նշեց, որ Չարենցն իր հողի, ջրի մեջ է թաղված: Որտե՞ղ կլինի` դա նշանակություն չունի:

Թատերագետ Լևոն Մութաֆյանն էլ հավելեց. «Ամեն տարի մարտի 13-ին ես սկսում եմ խորհել Չարենցի առեղծվածի մասին` հասկանալու համար, թե ինչպե՞ս կարող էր ընդամենը 40 տարի այս աշխարհում ապրած մարդը` այն էլ պատերազմի, դժվարությունների միջով անցած, լիներ այդքան հանճարեղ ու մեծ: Եվ ստեղծել մի գրականություն, որը մի ողջ ժողովրդի ինքնության վկայությունն է: Սա իսկապես առեղծված է»:

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ իր հերթին ասաց. «Չարենցն աշխարհ եկավ շատ բարդ ժամանակաշրջանում: Աշխարհ եկավ հեղափոխության տարերքի ժամանակ: Ձուլվեց այդ տարերքին` շիկացավ, շիկացավ և դարձավ ամենաոգեղեն բանաստեղծը և ամենակենդանի բանաստեղծը հայ պոեզիայում»:

Իսկ ահա ըստ ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի, հավուր պատշաճի հուշարձանի մոտ միայն ծաղիկ դնելը քիչ է Չարենցի համար: Նախ Չարենցին պետք չէ դա, այլ մեզ է պետք իր դասերը` «Ով Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Բայց այսօր գնալով դատարկվում ենք, ոչ թե լցվում Հայաստանով մեկ:

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն էլ հավելեց. «Սրանից 80 տարի առաջ Եղիշե Չարենցի համար տոնական տարի էր, նա պիտի նշեր իր գրական գործունեության 20-ամյա հոբելյանը: Ավաղ, չնշվեց, և հանճարեղ բանաստեղծը դառնացած գրեց, որ եթե իր մեծ վաստակից գոնե մի բառ, մի տող մնա անմեռ` ինքը շատ երջանիկ  կլինի»:

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031