Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի պետական համալսարանի (Սփյուռքագիտության ամբիոն) և Բեյրութի Հայկազյան համալսարանի (Սփյուռքի ուսումնասիրության կենտրոն) նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» խորագրով երկօրյա գիտաժողովը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով` պետական եւ ազգային համատեքստում թեման արդիական է եւ խիստ կարեւոր. «Մեր ազգի 2/3-ն ապրում է աշխարհի տարբեր երկրներում` կրելով տարբեր ռեժիմների ազդեցությունը: Այդպես հայի ինքնությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվում: Մյուս կողմից՝ մեր ազգակիցներից շատերը, որոնք վախի եւ դժվարության պայմաններում չէին կարողանում խոսել իրենց ինքնության մասին, այսօր դարձի են գալիս եւ մկրտվում: Հետեւաբար` պետք է քննարկումներ սկսել նաեւ կրոնափոխ եղած եւ ծպտյալ հայերի վերաբերյալ»:
Նախարարը փաստեց, որ հայի ինքնությունը պահպանվում է լեզվի, ընտանիքի, հավատքի եւ մշակույթի շնորհիվ. «Համաշխարհայնացման պայմաններում մենք պարտավոր ենք ասել, որ մեր լեզուն վտանգված է: Քչանում են լեզուն կրողները եւ այստեղ է, որ մեծ անելիք ունի Հայաստան-Սփյուռք համագործակցությունը: Պետք է հասնել նրան, որ հայն ընդունի եւ հավատա, որ մյուս լեզուներին զուգահեռ նա պետք է սովորի իր մայրենին»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ ինքնության հարցերը բարձրացվել են դեռեւս 1988թ.-ին. «ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնում այդ ժամանակ լուսահոգի Լ. Խուրշուդյանի ղեկավարությամբ գործող խումբը քննարկում էր ինքնության խնդիրները»: Ռեկտորն ասաց, որ ինքնության վերաբերյալ քննարկումներին պետք է մասնակցեն ոչ միայն պատմաբաններն ու փիլիսոփաները, այլեւ հոգեբանները, սոցիոլոգները եւ այլ մասնագիտությունների տեր մարդիկ»:
Կարդացեք նաև
Գիտաժողովն աշխատանքները կշարունակի վաղը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ