Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Արարատ դահլիճում տեղի ունեցավ ԵՄ Թվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես եկան ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, Գերմանիայից ծրագրի ղեկավար Վոլֆ-Դիտեր Պլեսինգը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք բոլորն էլ ուրախ էին ծրագրի շրջանակներում իրականացրած նվաճումների համար, բայց և միաժամանակ տխուր, քանի որ իրենց համագործակցությունն այս նախագծի շրջանակներում ավարտվում էր:
Ըստ ծրագրի ղեկավար պարոն Վոլֆ-Դիտեր Պլեսինգի՝ ԵՄ Թվինինգ ծրագրի փորձագետների և հայ գործընկերների համատեղ ջանքերը հաջողված են: «Մենք լավ հիմքեր ենք դրել Հայաստանի մրցակցության մարմնի կարողությունների հետագա բարելավման և զարգացման համար»,- իր ելույթի ընթացքում ասաց պարոն Պլսինգը:
Անդրադառնալով ծրագրի շրջանակներում տարբեր պետական կառույցների աշխատակիցների հետ պարբերաբար կազմակերպվող սեմինար-քննարկումներին՝ նա նշեց, որ համագործակցության ընթացքում էականորեն բարձրացել է մրցակցային մասով հայ գործընկերների տեղեկացվածության աստիճանը:
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը իր ելույթում նշեց, որ ԵՄ փորձագետների մասնակցությամբ իրականացված օրենսդրական բարեփոխումների, համատեղ վարույթների, ինչպես նաև դատարաններում առկա գործերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրման շնորհիվ էականորեն բարձրացել է հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը:
Կարդացեք նաև
Ծրագրի շրջանակներում կատարվել է ևս մի էական քայլ՝ մրցակցային օրենսդրության կարգավորման բնագավառում: ԵՄ փորձագետները մշակել են մրցակցության օրենսգրքում փոփոխություններ կատարելու և պետական օժանդակության վերահսկման մասին օրենքի առաջարկներ՝ Հայաստանի օրենսդրությունը բարելավելու և այն ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով:
Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ