«Կարին» ավանդական երգի եւ պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը մշակույթի այն սակավաթիվ գործիչներից է, ում այս օրերին կարելի է հանդիպել Ազատության հրապարակում: Aravot.am-ը արվեստագետից հետաքրքրվեց՝ ինչ է «փնտրում» Ազատության հրապարակում, ի՞նչ մղումով է գնում: «Կարծում եմ՝ ամեն արվեստագետ, մտավորական պետք է ականջալուր լինի իր երկրում կատարվող յուրաքանչյուր իրադարձության, եւ հատկապես այն իրադարձություններին, որոնք մտահոգիչ են: Մտավորականը պետք է լինի իր ժողովրդի հետ, եւ նրա սրտի զարկը համապատասխանի ժողովրդի սրտի զարկին: Այն, որ ժողովրդի մի ստվար հատված դժգոհության ու բողոքի ալիք է բարձրացրել եւ պահանջներ ու ցավ ունի, ակնհայտ է: Հիմա էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել, ինչը նույնպես մտահոգիչ իրավիճակ է առաջացրել, եւ չեմ կարծում, թե պետք է անտարբեր մնանք: Դա մի օր կարող է հանգեցնել ազգային անվտանգության լուրջ խնդիրների»,-ասաց նա:
Իսկ ի՞նչ կարծիքի է այն արվեստագետների մասին, ովքեր ասում են, թե քաղաքականությանը չեն խառնվում եւ զբաղված են զուտ ստեղծագործելով:
«Երբեւէ որեւէ մեկն ինձ չի տեսել քաղաքական ասպարեզում, ես քաղաքականության մեջ երբեք չեմ եղել եւ չեմ էլ պատրաստվում: Մյուս կողմից էլ, որոշ մարդկանց այն դիրքորոշումը, թե քաղաքականությամբ հետաքրքրված չեն, որովհետեւ զբաղված են ստեղծագործելով, ընդամենը խուսափողական մանյովր է, որովհետեւ եթե մարդը միայն ստեղծագործում է եւ իր երկրում կատարվող ոչ մի իրադարձության չի արձագանքում, իր խոսքը չի ասում, սրտացավությունը չի հայտնում, նրան լավագույն դեպքում կարելի է ուղղակի կոչել արվեստագետ, բայց ոչ մտավորական: Մտավորականը պիտի լինի ազգի խիղճը»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Հարցրինք՝ լավատե՞ս է որպես մարդ, ի՞նչ ակնկալիքներ ունի: «Մի քանի տարի առաջ նման հարցադրմանը՝ լավատես եմ, թե վատատես, պատասխանել եմ, որ երկու տեսակներին էլ չեմ պատկանում: Ես պայքարող տեսակ եմ: Այս պահին ինձանից չի կախված, թե ինչպես կփոխվի իրավիճակը, որովհետեւ մինչեւ ապրիլի 9-ը հացադուլ է հայտարարված, մի բանում, սակայն, վստահ եմ՝ ազգային անվտանգությունը վտանգող դրսեւորումներ կլինեն: Ու յուրաքանչյուր սրտացավ հայ մարդ պետք է ջանք ու եռանդ չխնայի, որպեսզի մեր երկրի անվտանգությունը չխաթարվի»,-պատասխանեց Գինոսյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ