Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Հարցերս հիմնավորված են քննչական մարմնին հանձնած փաստաթղթերով

Մարտ 13,2013 15:43

Aravot.am-ը կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ ընթացք ունեցավ Երևանի 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի գործունեության վերաբերյալ իր հրապարակային հայտարարությունը՝ հանցագործության մասին:

«Հաղորդումը եղել է անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին, որից հետո բավական ջանքեր պահանջվեցին, որպեսզի այդ հաղորդումը ստանա օրենքով պահանջվող ընթացք, եւ վերջապես այս տարվա փետրվարի 20-ին Շենգավիթի քննչական բաժնում այդ հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ: Անցած ամիսների ընթացքում ես մի քանի անգամ լրացրել եմ այդ հայտարարությունը նոր նյութերով, որոնց մեջ, բացի կայքով արված հայտարարության մեջ ներառվածի, բարձրացրել եմ դպրոցի ֆինանսավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես. 22.12.2011թ. Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հաստիքացուցակով դպրոցին տրվել է երկարօրյա խմբի ղեկավարի մեկ հաստիք, սակայն քաղաքապետարանը 2012-2013թթ. դպրոցի տարիֆիկացիան հաստատել է մեկական դրույքով երկու երկարօրյա խմբի ղեկավարի, որոնցից մեկն էլ տնօրենի ամուսինն է՝ 81000 դրամ աշխատավարձով: Խնդրել եմ պարզել՝ տնօրենի ամուսինն աշխատո՞ւմ է, արդյոք, որպես երկարօրյա խմբի ղեկավար, թե՞ ոչ: Դպրոցի հաշվապահ Անի Սարգսյանի եղբայր Սարգիս Սարգսյանը վերջին երեք տարում աշխատե՞լ է, արդյոք, որպես լաբորանտ, ինչպես գրված է վերջին երեք տարվա տարիֆիկացիաներում և ստացե՞լ է, արդյոք, աշխատավարձ: Ինչպես նաև խնդրել եմ պարզել այդ տեղեկությունները, որ վերջին երեք տարվա տարիֆիկացիաներում որպես հավաքարար գրված են անձինք, ում դպրոցում չեն ճանաչում և տնօրենի հետ փոխկապակցված անձինք են»,- պատասխանեց տիկին Բախշյանը:

Մեր զրույցի ընթացքում կրթության ոլորտի փորձագետը անդրադարձավ նույն դպրոցի տնօրենին դատի տված մյուս ուսուցչուհու խնդրին. տնօրենը 2012թ. սեպտեմբերի սկզբին կրճատել էր նրան, իսկ ուսուցչուհին «բաց նամակով» դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«2012 թվականի դեկտեմբերի 25-ին Շենգավիթի դատարանը վճիռ կայացրեց՝ անվավեր ճանաչել տնօրենի 03.09.2012թ. հ.189-Ա հրամանը, վերականգնել նրան նախկին աշխատանքում: Սակայն դատի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 26-ին, տնօրենն այս հրամանը համարեց անվավեր եւ նոր հրամանով Գոհար Ստեփանյանին նորից կրճատեց՝ առանց վերականգնման մասին հրամանի և պատշաճ ծանուցման: Այս հրամանի անօրինականությունը նույնպես դեռևս վիճարկվում է նույն դատարանում»,- փաստեց մեր զրուցակիցը:

Նաեւ հավելեց. «Պատկան մարմիններն ինձ հավաստիացրել են, որ քննության բոլոր փուլերում, չնայած արագության տեսակետից դանդաղ ընթացքին, ապահովվել է անաչառ ու արհեստավարժ քննություն: Գիտեմ, որ ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության բաժինն արդեն իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքներին դեռևս տեղյակ չեմ: Հուսամ՝ իմ բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները կստանամ հավուր պատշաճի և գրագետ հիմնավորված: Ի դեպ, հստակ հիշում եմ իմ բարձրացրած բոլոր հարցերը, որոնք հիմնավորված են քննչական մարմնին հանձնած փաստաթղթերով»:

27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը ասել էր, թե այդ դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանը իր հետ անձնական խնդիր ունի, ինչը, սակայն, տիկին Բախշյանը հերքում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031