Գերմանիայի Հանովեր քաղաքում մարտի 5-ից 9-ը կայացած CeBIT 2013 աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցել է նաեւ հայկական տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններից բաղկացած պատվիրակությունը:
Պատվիրակությունն արդեն վերադարձել է Հայաստան, ու այսօր «Նովոստի» մամուլի սրահում պատվիրակության անդամները կիսվեցին ցուցահանդեսից ստացած իրենց տպավորություններով:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տնօրենի տեղակալ Վահան Հովսեփյանի խոսքով, Հայաստանը ցուցահանդեսին մասնակցել է դեռեւս 2000 թվականից:
«Հիմնականում այդ ցուցահանդեսում ոչ մի պայմանագիր չի կնքվում, բայց, եթե ցուցահանդեսին չես մասնակցում, դու չես կարողանում մարդկանց բացատրել՝ որտեղ է Հայաստանը գտնվում: Ինձ թվում է, որ մենք լավ համագործակցության եզրեր գտանք մի շարք այլ կազմակերպությունների հետ: Համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել չինական ու լեհական ընկերությունների հետ»,-նշեց Վ. Հովսեփյանն ու հավելեց, որ ցուցահանդեսի ժամանակ հայկական պատվիրակությունը նաեւ ստպված էր այցելուներին բացատրել, թե որտեղ է գտնվում Հայաստանը:
Կարդացեք նաև
Ինչպես նշեցին պատվիրակության անդամները, չինական պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանի մասին ընդհանրապես չգիտեին ու Հայաստանը շփոթում էին Ռումինիայի հետ:
LimeTech ընկերության տնօրենը հույս ունի, որ այս հաջողությունից հետո, կառավարությունը իր վերաբերմունքը կփոխի ոլորտում իրականացվող նմանատիպ միջոցառումների հանդեպ:
Ցուցահանդեսին մասնակցած մեկ այլ ընկերության՝ X-Tech ընկերության տնօրեն Արման Աթոյանի խոսքով, հայկական պատվիրակությունը ցուցահանդեսի առաջին օրը մի քիչ ընկճված էր ցուցահանդեսի մեծությունից ու մասնակիցների բազմությունից:
«Երկրորդ օրը ընկճվածությունն անցավ, ու սկսեցինք աշխատել: 7 առջարկություններ եղան, որոնք ավելի հստակ էին: Եթե խաղերի տեսակետից նայենք, մեր ներկայացրած լուծումները բավականին մրցունակ էին»,-ասաց Ա. Աթոյանն ու նշեց, որ հայկական ընկերությունների կողմից ներկայացված լուծումները տարբերվում էին ցածր գներով:
Aravot.am-ի այն հարցերին, թե արդյոք Վրաստանն ու Ադրբեջանն էլ էին ներկայացված ցուցահանդեսին ու հատկապես որ ընկերության լուծումներն են տպավորություն թողել ցուցահանդեսի այլ մասնակիցների ու այցելուների վրա՝ պատասխանեց.
«Վրաստանն ու Ադրբեջանը ներկայացված չէին ցուցահանդեսին, ինձ անձամբ ավելի շատ դուր է եկել Locator ընկերության կողմից ներկայացված լուծումները»:
Ինչպես նշեցին պատվիրակության մյուս անդամները, ցուցահանդեսի գերմանացի մասնակիցները հատկապես հետաքրքրված էին Locator ընկերության կողմից ներկայացված շինությունների 3D լուծումներով: Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը համակարգում եւ ղեկավարում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի եւ Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության առանձնացված ստորաբաժանման՝ CBI աջակցությամբ:
Աշոտ ԱԹԱՅԱՆ