Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` մարտի 12-ին, Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցների խաչմերուկում՝ «Անելիք» բանկի դիմաց, Երևանի 16 թաղամասի բնակիչ, 58-ամյա Ալեքսանդր Բարսեղյանի կողմից «Հոնդայի Ազերա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի կատարման փաստով:
Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաստատվել են իր տեղեկությունները, որ «Հոնդայի Ազերա» մակնիշի ավտոմեքենայի համարանիշները 030 ՕՕ 11 են եղել, որոնք հաշվառված են Ազգային Ժողովի պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի անվամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև ոստիկանների ժամանումը, համարանիշները հանվել էին ավտոմեքենայի վրայից:
Իսկ վրաերթի ենթարկվածը Երևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Հայկ Մարգարյանն էր, ով տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն: Վրաերթի ենթարկվածն աշխատում է «Անի Էլեկտրոնիքս» ՍՊԸ-ում՝ որպես բաժնի վարիչ: