Լրահոս
Օրվա լրահոսը

Անեկդոտ՝ ՍԴ նիստի ժամանակ

Մարտ 13,2013 15:07

ՀՀ դատախազության աշխատանքային խմբի անդամ Կորյուն Փիլոյանը Սահմանադրական դատարանում շարունակեց ներկայացնել փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ ինչպես իրենց «թեժ գծով», այնպես էլ աշխատանքային խմբի կողմից ստացված հաղորդումների մասին: Դատախազությունը 181 էջանոց տեղեկանք էր ներկայացրել ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների կապակցությամբ ՍԴ-ում ընթացող գործով դատավարության բոլոր կողմերին: Ըստ Կ. Փիլոյանի, իրենց ստացած 90 հաղորդումների աղբյուրը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը, սակայն հաղորդումներում եղած ընտրախախտումների մասին փաստերը չեն համապատասխանել իրականությանը, շատ դեպքերում էլ, ըստ հարակից պատասխանողի՝ թեկնածուի վստահված անձինք տեղյակ չեն եղել եւ հարցրել են, թե ինչու են իրենց անունները տրվել:

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը զարմացավ, որ ընտրակաշառքների մասին եղել է 90 հաղորդում, սակայն ընթացք է տրվել 1-ին:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներին՝ Կարեն Մեժլումյանին եւ Զարուհի Փոստանջյանին հետաքրքրում էր, թե ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբում ստացվե՞լ է հաղորդում դիտորդներից կամ հանձնաժողովների նախագահներից: Գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանն էլ պատասխանեց, որ Շիրակի մարզից հանձնաժողովի նախագահի կողմից հաղորդում է ստացվել, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքներին, հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում:

Զարուհի Փոստանջյանին հետաքրքրում էր, թե արդյոք ԿԸՀ-ի էլեկտրոնային կայքի խափանումը աշխատանքային խմբին հայտնի է եղել եւ չի՞ ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Հարակից պատասխանող դատախազության կարծիքով՝ էլեկտրոնային կայքի խափանումը չէր կարող դիտվել որպես ընտրախախտում եւ դա գնահատվեց անձի մեկնաբանություն: Փոստանջյանը, որը գրեթե նույն հարցերն է տալիս դատավարության բոլոր կողմերին, դատախազությունից դարձյալ ուզում էր իմանալ, թե աշխատանքային խմբում անդրադարձե՞լ են Սերժ Սարգսյանին Թանկյանի կողմից ուղղված նամակին՝ «ժողովրդի քվեների գողության» վերաբերյալ: Կորյուն Փիլոյանը պատասխանեց, որ աշխատանքային խմբում բանավոր քննարկվել է այդ հարցը, սակայն դա չի դիտվել որպես հաղորդում:

Ինչ վերաբերում էր թեկնածուներ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձին կամ Վարդան Սեդրակյանի ազատազրկմանը, դատարանը թույլ չտվեց այդ հարցերը մինչեւ վերջ հնչեցնել, հորդորելով կողմին՝ դուրս չգալ դիմումի շրջանակներից:

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին էլ հետաքրքրում էր, թե ինչպես է դատախազությունը հաստատված համարում՝ հղում անելով մարդկանց, որ ընտրակաշառք չի եղել: Դատախազությունը նորից մեկնաբանեց, որ հաղորդումներից շատերը հնչեցվել են ինքնությունը չպարզելու պայմաններում, հաճախ եղել են անձանց անուններ, որոնց տվյալները, պարզվել է՝ ճիշտ չեն:

Այն հարցին էլ, թե ինչպե՞ս է, որ թեժ գծով դատախազություն ստացվել է 5 հաղորդում, արդյո՞ք իրազեկվել են թեժ գծի մասին, ավագ դատախազ Հարություն Հարությունյանը պատասխանեց, որ «դատախազությունը ինքը չի կազմակերպում իր զանգերը» եւ որ թեժ գծի մասին իրազեկված են եղել ինչպես ԶԼՄ-ները, դիտորդներն ու վստահված անձինք, այնպես էլ դատախազության կայքէջից կարող էին իրազեկվել:

ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը ոստիկանության ներկայացուցիչ Թ. Պետրոսյանից նրանց տրամադրած տեղեկանքում առկա մի բառակապակցության մեկնաբանությունից փորձեց իր հարցը ձեւակերպել. «Դուք նշել եք ողջամիտ հավանականության աղբյուրի՝ մարդու իրավունքների պաշտպանից հաղորդում ստացաք եւ պաշտպանն էլ արեց հայտարարություն, որ ոստիկանության թափանցիկությունից է կախված հանրային վստահությունը: Պաշտպանի այդ 11 հաղորդումները ինչպե՞ս ուսումնասիրեցիք»: Ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց, որ իրենք ուշադրություն են դարձրել «աննշան հաղորդումներին», արտահայտություններին, որ տեղի է ունեցել կաշառատվություն, իսկ ոստիկանությունն էլ մանրամասն իրազեկել է, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկել այդ կապակցությամբ:

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանին հետաքրքրում էր ոչ միայն այն, որ 90 ընտրակաշառքի ահազանգերով 1 քրեական գործ է հարուցվել, այլ նաեւ ահազանգերի բովանդակությունը եւ մոտեցումները, «գործիքները» բացահայտելու համար: Հարակից պատասխանող ոստիկանության ներկայացուցիչ Պետրոսյանը հայտնեց, որ ստացված ահազանգերը ոչ միշտ են եղել պատշաճ, շատ հաճախ ստիպված են եղել մեկ ահազանգի հետեւից գնալու համար (նշվել է՝ Հրազդանի տեղամասեր) լինել նշված տարածքի բոլոր տեղամասերում, քանի որ հաղորդում էր ստացվել, թե «500 դոլարով վստահված անձին ասել են աչքերդ փակիր լցոնման դիմաց» կամ նշվել էր՝ «Էրեբունու վուլկանիզացիայում»: Պարզվել էր՝ նման տարածք չկա:

ՍԴ անդամ Կիմ Բալայանը, ի տարբերություն երեկվա, այսօր իր հարցերից մեկը սկսեց անգամ անեկդոտով՝ «Մեկի տունը գող է մտնում, գնում է միլիցիա հայտարարություն տալու, այնտեղ հարցնում են՝ ի՞նչ փական էր, պատասխանում է, որ տեղական է, հարցնում են՝ բա ինչու անգլիական չի, ասում է՝ գումար չունեմ…: Ոստիկանների բոլոր հարցերին պատասխանում է, ոստիկանն ասում է՝ բա որ այդքան մեղք ունես, ինչո՞ւ ես եկել միլիցիա, մարդն էլ ասում է՝ բա լավ, գողը մի չըրթ մեղք չունի՞»: Հետեւեց Կիմ Բալայանի հարցը. «Չե՞ք տեսնում, որ հայտնաբերման առումով լրացուցիչ լծակներ են պետք»: Ոստիկանության աշխատակիցը ետ չմնաց ՍԴ անդամից՝ անեկդոտին պատասխանելով առակով. «Դուռդ փակ պահիր, հարեւանիդ էլ գող մի ասա»: Նա նաեւ հայտնեց, որ կաշառք տվողը եւ ստացողը շահագրգիռ կողմեր են եւ լատենտային այդ հանցագործությունը դժվար է բացահայտելը: Թե հարցուպատասխանները ինչ կապ ունեին դիմումատուների կողմից ԿԸՀ-ի վիճարկվող որոշման հետ՝ դատեք ինքներդ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031