«Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները սկսվել են երկու պետական արգելավայրերի `«Իջևանի» և «Արջատխլենու» տարածքում, սակայն ըստ նախնական փորձաքննական եզրակացության, ՓՀԷԿ-ը պետք է կառուցվեր Ենոքավան համայնքում, որտեղ բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան եւ որտեղ կատարվել են հանրային լսումները: Այս խնդրի շուրջ այսօր «Ելակետ» ակումբում քննարկումներ անցկացրին համահայկական բնապահպանական ճակատի անդամներ՝ աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը, բնապահպաններ Եղիա Ներսեսյանը և Մարիամ Սուխուդյանը:
«Եթե մի տարածքում, որտեղ երկու արգելավայր կա, որոշվում է ՀԷԿ կառուցել եւ դրական եզրակացություն է տրվում, իսկ երկու օրվա քննարկումներից հետո այդ նույն եզրակացությունը չեղյալ համարվում, դա ուրեմն ԺԷԿ-ի մակարդակի աշխատանք է»,-ասաց Լեւոն Գալստյանը: Նրա խոսքերով` Գետահովիտ համայնքի բնակիչների եւ բնապահպանների դժգոհություններից հետո բնապահպանության նախարարությունը աշխատանքային խումբ է կազմել, որի քննարկումներից հետո որոշվեց իրենց տրված դրական եզրակացությունը չեղյալ համարել: Լեւոն Գալստյանի ներկայացմամբ` այս աշխատանքային խումբը հինգ առաջարկ է ներկայացրել բնապահպանության նախարարին կոնկրետ կատարված խախտումների վերաբերյալ եւ մինչ այժմ այդ առաջարկներից ոչ մեկը արձագանք չեն ստացել. «Չի ստուգվել, թե տարածքում ինչքան ծառ է ոչնչացվել եւ ինչպես է կատարվել փոխհատուցումը, ոնց է եղել, որ տրվել է դրական եզրակացություն, ինչպես է ստացվել, որ ազդակի համայնք է համարվել Ենոքավան համայնքը, որն ընդհանրապես կապ չունի, ինչպես է այդտեղ հող հատկացվել, եթե այդ տարածքում չի կատարվում շինարարությունը: Այս բոլոր հարցերը անպատասխան են եւ բնակչության ձայնը հաշվի չի առնվել»:
Մարտի15-ին, ըստ պարոն Գալստյանի, բնապահպանության նախարարությունում մասնագիտական լսումներ են լինելու. «Նոր նախագծում արդեն գրված է, որ կառուցվելիք տարածքում կա արգելավայր, որ 141 ծառ է անհրաժեշտ հատել, սակայն, թե ով է հաշվարկ կատարել հայտնի չէ, ինչ ծառ, ինչ տեսակի ծառ, օրինակ, ես այդ տարածքով անցել եմ, կարող եմ ասել, որ պետք է 1276 ծառ հատել, իսկ ո՞վ կապացուցի` ես եմ ճիշտ, թե իրենց գրած 141 հատ ծառը»:
Ըստ մասնագետների` `«Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերի տարածքում փոքր ՀԷԿ-երի նախագծի իրականացումը սպառնում է շրջակա միջավայրին:
Կարդացեք նաև
«Մենք որպես բնապահպաններ այսօր ձայն ենք բարձրացնում, որովհետեւ շատ խնդիրներ եւ վտանգներ կլինեն այդ կառուցումից»,-ասաց բնապահպան Մարիամ Սուխուդյանը:
Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ