Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու ընտրություններին մասնակցության հարցում ՀԱԿ-ում կան հակասություննե՞ր

Մարտ 13,2013 14:38

Այս օրերին ՀՀ քաղաքական ուժերը որոշում են Երևանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը: Երեկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ տիկին Ելիշկա Ժիգովայի հետ հանդիպմանը երեկ տեղեկացրեց, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը հակված է մասնակցել: Այնինչ ՀԱԿ խմբակցության անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ կուսակցությունը չի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, քանի որ վերջին մի քանի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ընդհանրապես գոյություն չունի ընտրական գործընթաց:

Aravot.am-ը «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության հիմնադիր, նախկին ՀԱԿ դաշինքի անդամ Զոյա Թադևոսյանի հետ զրույցում հետաքրքրվեց` արդյոք հակասություն չի՞ առաջանում ՀԱԿ խմբակցության երկու անդամների մոտեցումներում: Մյուս կողմից՝ հետաքրքրվեցինք, թե ո՞րն է մասնակցության նպատակահարմարությունը` հաշվի առնելով այն փաստը, որ 2009-ից ՀԱԿ-ն ուներ Երեւանի ավագանիում մանդատներ, բայց այդպես էլ չօգտագործեց դրանք: Տիկին Թադևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պետք չէ որևէ հակասություն փնտրել, ուղղակի մարդկանց գնահատականները և մոտեցումները մեկտեղել հնարավոր չէ` ելնելով այն իրավիճակից, որը տիրում է ՀՀ ընտրական համակարգում:

Այնուհետև Զ. Թադևոսյանը մանրամասնեց. «Արամ Մանուկյանը գտնում է, որ ամեն դեպքում մասնակցությունը ճիշտ է, քանի որ եթե հնարավոր լինի Երևանում հասնել հաղթական արդյունքների, կնշանակի նաև ամենամեծ բնակչություն ունեցող ՀՀ տարածքում ունենալ որոշակի իշխանություն: Դա տրամաբանական և ընդունելի է: Ենթադրում եմ, որ Լյուդմիլա Սարգսյանն էլ գտնում է, թե, միևնույն է, ընտրությունները կեղծվում են, այս պարագայում դառնալ իշխանության ձեռքի խաղալիք, ճիշտ չէ: Սրանք մոտեցումներ են, որ չեն կարող դառնալ քաղաքական գիծ: Եթե ՀԱԿ-ը միասնական որոշում ընդունեց մասնակցել, չեմ կարծում, որ Լյուդմիլա Սարգսյանը  շատ դեմ լինի, դեմ լինելու դեպքում էլ իր կուսակցությունը չի մասնակցի: Համենայնդեպս, ամեն դեպքում գնահատելի են քաղաքական ուժի մասնակցային մոտեցումները, քանի որ անընդհատ մերժել ընտրությունները, սպասել հինգ տարի հետո նախագահական ընտրություններին,  դա ճիշտ չէ, մանավանդ այս իրավիճակում, երբ ժողովուրդն իր որոշումն ունի` մերժել ընտրակեղծիքները, գնալ ընտրություններին մասնակցել և իր քվեն տալ նախընտրած թեկնածուներին: Դեռ վերջնական ցուցակների մասին, բայց ես կարծում եմ, որ պետք է ցուցակները երիտասարդացնել և ուղարկել նոր սերնդին: Այդ դեպքում ինքը կորոշի այն կարգը, որով պիտի կառուցի իր ապագան: Այս իմաստով կարծում եմ, որ մասնակցությունը հիմա իմաստ ունի»:

«ՄԻ-96» կուսակցության նախագահ, նախկին ՀԱԿ քաղխորհրդի անդամ  Ռուբեն Թորոսյանն էլ նշված հարցերի վերաբերյալ փոխանցեց հետևյալը. «ՀՀ  օրենսդրության պահանջների  համաձայն,  Ձեզ  հետաքրքրող  «ՀԱԿ»-ը  որևէ  ձևով չի կարող մասնակցել  որևէ ընտրության, քանի  որ  ՀՀՇ-ական «ՀԱԿ»-ը  դեռ  չի  ստեղծվել, իսկ  «ՀԱԿ»  կուսակցությունների  դաշինքից մնացել է միայն հռչակագրային  ՀԱԿ-ը, որը  կարծես  փորձում  է  ոտքի  կանգնել  և որի  հետ  Ձեր  նշած  անձինք  որևէ առնչություն  չունեն: Իսկ  եթե հակառակը  տեղի  ունենա, ուրեմն  իշխանությունների  «մատը  խառն  է»: Ի դեպ, հենց  դա է պատճառը, որ  այդ  «հակիստները» խոսում են Ավագանու  ընտրությանը իրենց  մասնակցության մասին: Ցանկանում են  տպավորություն  ստեղծել, որ  «ՀԱԿ»-ում  ամեն  ինչ  նորմալ  է, որ   ՀՀՇ-ական  «ՀԱԿ»-ը  լինի  «ՀԱԿ»  կուսակցությունների  դաշինքի  իրավահաջորդը: Իհարկե, Ձեր  բերված  հակասությունն  ակնհայտ է, բայց դա  արվում է մտածված, որ  հետագայում  հեշտ  լինի  չմասնակցելը, որպես  «ՀԱԿ»  կամ  մասնակցելը, իբր  միասնական թիմով: ՀՀ  նախագահի  ընտրությունը  իբր  բոյկոտած  և  ընտրության  օրինական ընթացքին  բացարձակապես  չհետևած  այդ  3  հայտնի   կուսակցություններից  ոչ մեկը  բարոյական  իրավունք  չունի  մասնակցել  Երևանի  ավագանու   ընտրության: Առավել  ևս՝ ՀԱԿ-ը, որն առնվազն  ԱԺ մտնելուց  հետո  պետք  է  վերադառնար ավագանի, սակայն դա  չարեց գիտեք, որ  ես  մենակ մնացի/:

Ավելին, «ՀԱԿ» կենտրոնական  գրասենյակ  կոչվող  կամ  ՀՀՇ-ական «ՀԱԿ»-ը  պետք  է  պատասխան  տա երևանցիներին  իր  այդ  անիմաստ  և  արհամարհական  գործունեության համար: Այնպես  որ, «ՀԱԿ»-ի  մասին  խոսելը Երևանի  ավագանու ընտրության  շրջանակներում  ժամանակավրեպ  է՝ և՛ իրավական, և՛ քաղաքական տեսակետից: Շուտով առավել  կարևոր    կլինի  խոսել  «ՀԱԿ» ԱԺ  խմբակցության իրավական  ճակատագրի մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031