«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում հանրապետության 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների տրամադրեց դրամաշնորհներ՝ հանրային եւ համայնքային ծրագրեր իրականացնելու նպատակով: 11 աշակերտական հասարակական կազմակերպությունները ներկայացնում էին Բջնիի, Վանաձորի թիվ 30, Գյումրիի թիվ 23, Եղեգի, Վարնաշենի, Արարատ գյուղի թիվ 2, Մայիսյանի, Բյուրականի, Լիճքի, Կողբի թիվ 1 եւ Երեւանի թիվ 115 դպրոցները: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, ծրագրի շրջանակներում անցած կիսամյակում՝ որպես ծրագրի գործարար միջոցառումների բաղկացուցիչ մաս, աշակերտները հիմնել եւ գործարկել էին «մինի-գործարար ընկերություններ» եւ նախաձեռնել էին իրական բիզնես գործառնություններ: Նրանք ընտրել էին բիզնես-կառավարիչներ, կատարել շուկայական հետազոտություն, կազմել բիզնես- պլան, արտադրել էին ապրանք կամ ծառայություն, մշակել էին գովազդային եւ վաճառքի ռազմավարություն: Իբրեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իրականացում, երեխաները իրենց վաստակած գործարար շահույթի մի մասը հատկացրել էին հանրային եւ համայնքային ծրագրերի նախաձեռնմանը: Օրինակ, ձեռք էին բերել գույք՝ դպրոցի մարզադահլիճի համար, ստեղծել պրոյեկտորային դասասենյակ, խաղահրապարակ, օժանդակել համայնքի աղբահանությանը, վերանորոգել դպրոցի սանհանգույցը եւ այլն:
Երեկ «Օրրանի» գրասենյակում տեղի ունեցավ դրամաշնորհային մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ինչպես հոգաբարձուների խորհրդի անդամները, այնպես էլ USAID-ի զարգացման գրասենյակի տնօրեն Քոնըն Փեյսենը:
Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ նախաձեռնության նպատակը նախեւառաջ
լիարժեք քաղաքացի դաստիարակելն է: Հավելենք, որ մրցանակներից մեկը տրամադրել էր «Պատանեկան նվաճումների» նախկին սան Լուսինե Արզումանյանը, որն այժմ սովորում է Ֆրանսիայում:
Կարդացեք նաև
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ