Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահական» մրցանակի հետեւանքները

Մարտ 13,2013 14:22

Մեկնաբանում են պրոֆեսորները

ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին արժանանալու համար շուտով կմեկնարկի ավանդաբար անցկացվող մրցույթը: Ինչպես ցանկացած մցույթ, այնպես էլ այս  մրցույթը բացառություն չէ տարաբնույթ  խոսակցությունների առումով: Հիշեցնենք, որ մրցույթի  կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, նաեւ նշենք, որ երկու տարի անընդմեջ «Երգեցողություն» անվանակարգում իսկապես հեղինակավոր ժյուրին այդպես էլ չկարողացավ ընտրել մեկական երգիչ-երգչուհու, այն դեպքում, երբ հայկական վոկալ դպրոցի համբավը վաղուց տարածված է աշխարհում: Իսկ ժյուրին գլխավորում է դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը, անդամներն են  Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի վարիչ Սվետլանա Կոլոսարյանը, օպերային երգչուհի Հասմիկ Հացագործյանը, օպերային թատրոնի գլխավոր կոնցերտմայստեր Օլգա Խաչիկյանը եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:

«Առավոտը» մինչ մրցույթի  մեկնարկը փորձելով պատասխաններ ստանալ մի շարք հարցերի՝ դիմեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի խորհրդական Աիդա  Խաչիկյանին: Նախ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ «նախագահական» մրցույթի ժյուրին «աշխատում» է բալերով, այն դեպքում, երբ աշխարհի հեղինակավոր եւ պակաս հայտնի մրցույթներում փուլերի ընթացքում ժյուրիի անդամները բավարարվում են ընդամենը «այո» կամ «ոչ» ասելով, ընդհանուր համաձայնության արդյունքում որոշելով լավագույնին: Տիկին Խաչիկյանին փոխանցեցինք նախորդ երկու մրցույթներից հետո դոմինանտող այն կարծիքը, թե իբր ճանաչված խմբավար Սոնա Հովհաննիսյանի նշանակած ցածր բալերի արդյունքում է, որ երկու տարի շարունակ մրցանակի չի արժանանում եւ ոչ մի երիտասարդ կատարող: Չէ՞ որ այս առիթով հնարավոր է, որ ստվեր գցվի իսկապես բարձրակարգ  խմբավարի բարի անվան վրա: Կամ՝ ինչպե՞ս է, որ մրցույթին 5 տարի համառորեն մասնակցող սոպրանո Թերեզա Գեւորգյանը, ով վերջերս «Քարնեգի հոլլում» բեմ բարձրացավ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ եւ ճանաչված երգիչներ Ռենե Պապի (բաս), Անժելա Գերգիույի (սոպրանո) ընկերակցությամբ, հայրենիքում, փաստորեն, մեղմ ասած՝ չգնահատվեց: Նախկինում մասնակից տենոր Կարո Խաչատրյանն այսօր Գերմանիայի «Ռոստոկ» թատրոնի առաջատար երգիչներից է: Ի դեպ, վերջերս երգչուհին Համբուրգում կայացած միջազգային մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման: Մյուս օրինակը. Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանը (բաս), ով զբաղված է թատրոնի խաղացանկի համարյա բոլոր ներկայացումներում, դարձյալ չգնահատվեց ժյուրիի կողմից եւ այլն: Աիդա Խաչիկյանը նախ հայտնեց, թե ժյուրիի աշխատանքը դա ներքին խոհանոց է, ինչի մասին երբեւէ չի բարձրաձայնվում, հետո էլ ասաց. «Մեր մրցույթի օրենքները մշակված են հենց համաշխարհային նման միջոցառումների օրինակով: Այստեղ ժյուրին գնահատում է երգչի արտիստականությունը, տեխնիկական կատարումը, երաժշտականությունը եւ, վերջապես՝ մեկնաբանությունը: Չպետք է մոռանալ, որ սա ՀՀ նախագահի երիտասարդական մրցույթ է, հետեւաբար ժյուրին ընտրել է բարձր նշաձող եւ չի ուզում այն մեկ միլիմետր անգամ իջեցնել: Ինչ վերաբերում է դժգոհություններին, ապա ցանկացած մրցույթի ավարտին լինում են գոհեր եւ դժգոհներ, ու հետեւաբար, դժգոհությունները չեն բացառվում»: Թեեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում դեռ տեղադրված չէ մրցույթի օրագիրը, տիկին Խաչիկյանը սիրահոժար հայտնեց, որ երգիչների առաջին փուլը կկայանա մարտի 21-ին, իսկ 2-րդ կամ վերջին փուլը՝ 28-ին:

Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, վոկալ ամբիոնի վարիչ Սուսաննա Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝  իրեն չի՞ անհանգստացնում կոնկրետ երկու տարի շարունակ որեւէ երգչի ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ չշնորհելու փաստը:  «Ինքս լավ չեմ հասկանում, թե երիտասարդ երգիչների գնահատման ինչ չափանիշներ է որդեգրել ժյուրին: Գոնե անցյալ տարի կային հիանալի երգիչներ: Լավ կլիներ, որ ժյուրին բացատրեր իր որդեգրած քաղաքականությունը, ինչի արդյունքում էլ մասնակիցը կամ իր դասախոսը կտեղեկացվեին ինչպես հանդես գալ, որ գոհացնեն խստապահանջ ժյուրիին»,- ասաց պրոֆեսորը:

Մենք զրուցեցինք նաեւ կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի հետ, ով ժամանակին ընդգրկված է եղել Չայկովսկու եւ Գլինկայի անվան միջազգային հեղինակավոր մրցույթների կազմկոմիտեում ու որի շուրջ 40 ուսանողներ տարբեր տարիներին հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիրներ են: Պարոն  Հակոբյանցը, առանց մանրամասնելու, նախ նշեց, որ ժամանակին իր սան Արսեն Սողոմոնյանի «մի կերպ» «նախագահական» մրցանակ ստանալուց հետո այլեւս ցանկություն չուներ այս մրցույթին իր դասարանի որեւէ երգչի ներկայացնելու, հետո էլ ասաց. «Այս տարի առաջին անգամ  մրցույթին չի մասնակցի իմ նախկին ու ներկա եւ ոչ մի ուսանող: Երգչի համար այս կամ այն մրցույթում հաջողության չհասնելը դեռ վերջը չէ, օրինակ, 1972թ. Արաքս Դավթյանը մասնակցելով անդրկովկասյան մրցույթին, 21 հոգուց չընդգրկվեց այն 18 մասնակիցների ցանկում, որ անցան հաջորդ փուլ, իսկ Գեղամ Գրիգորյանին շնորհվեց ընդամենը 2-րդ մրցանակը, այն դեպքում, երբ առաջին մրցանակի արժանացավ միանգամից 7 երգիչ: Հասմիկ Պապյանն էլ, ով այսօր բեմ է բարձրանում աշխարհի հռչակավոր թատրոններում, 1984թ. Գլինկայի անվան մրցույթին չանցավ 3-րդ փուլ… Այս հանրահայտ երգիչների օրինակը թող իմանան երիտասարդները: Ցավոք, հաճախ կյանքը բոլորովին այլ բան է ապացուցում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031