Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է դիտորդական առաքելության էությունը

Մարտ 13,2013 14:17

Ընտրությունների ժամանակ միջազգային կազմակերպությունների եւ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից իրականացված դիտորդական առաքելության դիտարկումները ընդդիմությունը միշտ փնովում է, թե ընտրողներին կաշառելու եւ այլ կեղծիքներով զուգորդված ընտրությունները որակում են ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող կամ մեկ քայլ առաջընթաց: Իշխանություններն էլ, երբ ընտրությունները կեղծելու համար նեղն են ընկնում՝ արդարանում են, թե հեղինակավոր միջազգային կառույցները ընտրությունների անցկացումը գնահատել են ազատ ու արդար եւ ճանաչել քվեարկության արդյունքները: Ինչպես նկատվում է, դիսկուսիոն առարկան՝ ընտրությունները արդար կամ անարդար լինելն է, ուստի դիտարկենք, թե ինչն է դիտորդական առաքելության էությունը:

Ընտրական օրենսդրությամբ դիտորդները իրավունք ունեն՝

ա) ներկա լինել ընտրական հանձնաժողովների նիստերին,

բ) իսկ քվեարկության ընթացքում՝ նաեւ քվեարկության սենյակում:

Առաջին պարագայում, որը պայմանական անվանենք ընտրությունների նախապատրաստական փուլ, դիտորդները ԿԸՀ-ի սահմանած կարգով կարող են հետեւելու քվեաթերթիկների պատրաստման, տեղափոխման, պահպանման եւ քվեաթերթիկների հաշվառման գործընթացներին, անարգել ծանոթանալ քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովների տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, որոշումներին, արձանագրություններին եւ ստանալու դրանց պատճենը կամ քաղվածքը եւ այլն: Երկրորդ տարբերակում, որը պայմանական անվանենք քվեարկության փուլ, դիտորդը իրավունք ունի ներկա գտնվել քվեարկության սենյակում, հետեւել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին եւ ազատ տեղաշարժվել՝ քվեաթերթիկները եւ քվեատուփը դիտարկելու համար եւ իր դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնել ընտրական հանձնաժողովի նախագահին (Ընտրական օրենսգրքի 31 հոդված):

Ինչպես նկատեցինք, դիտորդական առաքելության բուն նպատակը կայանում է անցկացվելիք ընտրությունների առնչությամբ նախապես եւ քվեարկության օրը ծանոթանալու եւ հետեւելու ընտրական հանձնաժողովների կազմակերպչական աշխատանքներին կամ գործընթացին: Բանից պարզվում է, որ դիտորդական առաքելության դիտարկումները վերաբերվում են միայն ընտրական հանձնաժողովների կողմից ընտրությունները լավ կամ վատ կազմակերպելուն (արտաքին կողմ), այլ ոչ թե ընտրությունը արդար ու ազատ անցկացնելուն կամ նրա քվեարկության արդյունքների ճանաչմանը (ներքին բովանդակություն):

Ըստ այդմ՝ երբ իշխանությունները բարձրաձայնում են, թե միջազգային հեղինակավոր կազմակերպությունները ընտրությունները գնահատել են արդար ու մաքուր եւ այլն, սուտ է, խաբում են՝ դիտորդները նման դիտարկության իրավունք չունեն (մարտի 4-ին հեռուստազրույցի ժամանակ ԱԺ-ում նախագահի դեսպան Վիկտոր Դալլաքյանը նույնը արտաբերեց):

Անհիմն են նաեւ այն մեղադրանքները, իբր դիտորդները ընտրողներին կաշառելու եւ այլ կեղծիքները կոծկում են, քանզի ռեժիմը այդ հանցագործությունները ծրագրում է նախապես եւ ոչ ակնհայտի պարագայում իրականացնում իր ստրուկտուրային հանցավոր ենթաստորաբաժանումների միջոցով (գյուղապետ, քաղաքապետ, մարզպետ, կրիմինալ հեղինակություններ): Դիտորդները դրանց մասին անգամ պատկերացում չունեն եւ չեն էլ հավատա, որ ողջ պետական ապարատը հանցավոր համագործակցություն է:

Հիմա եկեք դիտարկենք, թե ընդդիմությունը ինչպես է գործի դնում ընտրությունների օրինականությունը ապահովելու համար իր իրավունքները: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ընտրական ցուցակները գրանցելուց հետո, իսկ թեկնածուները՝ գրանցվելուց հետո, ընտրական հանձնաժողովներում իրենց շահերը պաշտպանելու համար կարող են ունենալ վստահված անձ եւ, ի տարբերություն դիտորդների, նրանց լիազորությունները ընդարձակ է՝ կարող են քվեարկության ընթացքում ներկա լինելու քվեարկության սենյակում, ծանոթանալ քվեարկած քվեաթերթիկներին եւ դրանում կատարած նշումներին, ներկա լինել քվեաթերթիկների հաշվառմանը, քվեարկության արդյունքների ամփոփմանը եւ օրենքով սահմանված կարգով բողոքարկել հանձնաժողովի որոշումները, գործողությունները, անգործությունը եւ այլն (Ընտրական օրենսգրքի 33 հոդված): Բանից պարզվում է, որ փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ բոլոր ընտրական հանձնաժողովներում վստահված անձ ունեցել է միայն ՀՀԿ թեկնածուն, իսկ մյուսները կամ ընդհանրապես չեն ունեցել, կամ բազմաթիվ տեղամասեր բաց են թողել, այսինքն՝ չեն տիրապետել վստահելի անձի կարեւոր ինստիտուտը: Հատկապես դրանից տուժել է «Ժառանգություն» կուսակցության թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ժողովուրդը տվել է իր քվեն, սակայն նա այդ հաղթանակը չի կարողանում ամրագրել, քանզի կապված վստահված անձանց հետ՝ քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթացը ձախողվել է, իսկ ԿԸՀ-ն մերժում է վերահաշվարկի դիմումները՝ ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 48 հոդվածով:

Վերահաշվարկի հիմքերն են՝

1. Եթե թեկնածուն, վստահված անձը ներկա են եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառում են կատարել:

2. Եթե ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվել քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12-ից մինչեւ 18.00-ն:

Իմ կարծիքով՝ հիշյալ նախապայմանները վիճահարույց են եւ տրամաբանական հարցեր են ծագում.

ա) իսկ եթե թեկնածուն ներկա չի եղել քվեարկության արդյունքների ամփոփմանը կամ հանձնաժողովում իր շահերը ներկայացնող վստահված անձ չի ունեցել, սակայն բավարար հիմքեր կան, որ տեղամասում կեղծել են քվեարկության արդյունքները, ի՞նչ կարգով է լուծվում վերահաշվարկը: Օրինակ, ՀՀԿ թեկնածուն գյուղական բնակավայրերի բազմաթիվ տեղամասերում քվեների բացարձակ առավելություն ունի՝ խփել է 90-100%, ինչը ակնհայտ կասկածելի է,

բ) ըստ 48 նորմի՝ վերահաշվարկի համար վստահելի անձի հատուկ կարծիք ունենալու գրառումը պարտադիր նախապայման է, մինչդեռ ընտրական օրենսդրությամբ շեշտադրված է, որ ընտրական հանձնաժողովում թեկնածուն իր շահերը ներկայացնելու համար «կարող է ունենալ» վստահված անձ, այսինքն՝ պարտադիր չէ (33 հոդված):

Նորմերի այս հակադրության պարագայում հատուկ կարծիքը ինչպե՞ս է գնահատվում: Բանից պարզվում է՝ եթե թեկնածուն ներկա չի եղել տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը (անհնարինություն) կամ վստահված անձ չի ունեցել, ապա քվեատուփը զմռսվում եւ գաղտնագրվում է: Ըստ այդմ՝ եթե ընտրական օրենսդրության թիվ 11 նորմը արգելում է ընտրողների գրանցման ցուցակների հրապարակումը եւ պարտակվում է հանրապետությունից մեկնած քաղաքացիների փոխարեն քվեարկելու հանցագործությունը, ապա թիվ 48 նորմը, ըստ էության, արգելում է վերահաշվարկը, որտեղ ընտրական հանձնաժողովը կեղծել է քվեարկության արդյունքները, այսինքն՝ պարտակում են հաշվառված քվեաթերթիկների թվում չհաշվառված քվեաթերթիկներ խցկելու, քվեարկողի կամքը արտահայտած իրական քվեաթերթիկները անօրինական փչացնելու, փոփոխելու, քվեները ակնհայտ սխալ հաշվարկելու հանցագործությունները:

Քննարկվող նորմը ըստ էության հակասում է ընտրությունները արդար եւ թափանցիկ անցկացնելու ոգուն եւ անկատար է («վենետիկյան մեծն իրավագետի խարդավանքը»): Բացի այդ, քվեարկության արդյունքների ճիշտ եւ մաքուր հաշվարկելը թեկնածուի կամ վստահված անձի գործը չէ, այլ ընտրական հանձնաժողովների պարտականությունն է, ուստի եթե «անկախ եւ անկողմնակալ» ընտրական հանձնաժողովը կեղծել է քվեարկության արդյունքները, ուրեմն առանց նախապայմանների եւ սուղ վերջնաժամկետների պետք է տեղամասում բացել զմռսած քվեատուփերը եւ վերահաշվարկել: Ընտրությունները անվավեր կճանաչվի միայն վերահաշվարկի պարագայում, իսկ Րաֆֆու թիմը դանդաղեց. դա հեշտ գործ էր եւ ուղիները դեռեւս սպառված չեն (Սահմանադրական դատարանը կհայտարարի՝ ապացույցներ չկան):

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031