Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ «Եթե Րաֆֆիի հացադուլն ավարտվի ողբերգությամբ, ապա իշխանությունը կհայտնվի շատ ծանր վիճակում»:
Սննդից կամավոր հրաժարվելը, այսինքն՝ հացադուլը, համաշխարհային պատմության մեջ տարբեր արդյունքներ է ունեցել. որոշ երկրներում դրանք ավարտվել են զիջումներով իշխանությունների կողմից, որոշ երկրներում էլ ողբերգական ավարտ են ունեցել՝ իշխանության կողմից առանց որեւէ զիջման:
Պատմության մեջ թերեւս չկա մի դեպք, երբ հացադուլի միջոցով իշխանափոխության կամ ասենք՝ պառլամենտի լուծարման եւ նմանատիպ պահանջներն իշխանություններն ընդունեն եւ դրական լուծում տան:
Հացադուլի միջոցով քաղաքական որեւէ պահանջ ներկայացնելը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, շատ ավելի ընդունված է անցումային կամ ավտորիտար երկրներում:
Կարդացեք նաև
Ժողովրդավար համարվող ԱՄՆ-ում հայտնի գիտնական Չարլզ Հայդերը 1986 թվականին Սպիտակ տան մոտ հացադուլ արեց՝ պահանջելով վերացնել միջուկային զենքը եւ արգելել դրա օգտագործումը: Գիտնականի հացադուլը տեւեց 218 օր, սակայն Ռեյգանի կառավարությունը ոչ էլ ուշադրություն դարձրեց բողոքի այս ակցիային: Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարիտ Թետչերի կառավարության ժամանակ էլ Հյուսիսային Իռլանդիայի անկախության համար 10 պայքարողներ՝ Իռլանդիայի հանրապետական բանակի անդամ Բոբի Սենդսի գլխավորությամբ, 66 օր հացադուլ արեցին՝ պահանջելով քաղբանտարկյալների կարգավիճակի վերականգնում եւ պառլամենտում առաջադրվելու իրավունք, սակայն Թետչերն էլ չգնաց զիջումների, ինչի արդյունքում 10 հացադուլավորներն էլ սովամահ եղան: 2010 թվականին կուբացի այլախոհ եւ լրագրող Գիլերմո Էռնանդեսը հացադուլի միջոցով հասավ դրական արդյունքի. նրա պահանջը քաղաքական չէր, գուցե դրա համար էլ հասավ արդյունքի: Էռնանդեսի 135 օր տեւած հացադուլի արդյունքում Կուբայի իշխանությունները համաձայնեցին ազատ արձակել 52 ծանր հիվանդ բանտարկյալների:
Ի՞նչ արդյունք կտա Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մեզ հետ զրույցում դժվարացավ ասել, սակայն հավելեց, որ ներիշխանական պայքարում հացադուլները Հայաստանում որեւէ էֆեկտ չեն տվել. «Ես կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը ոչ այնքան մտածված որոշում է, որքան անելանելի վիճակից դուրս գալու որոշում: Ինքը փաստորեն փորձեց կոմպրոմիսի դնել գործող նախագահին որեւէ հարցի շուրջ, իսկ նա կոմպրոմիսի չգնաց: Հովհաննիսյանի բոլոր առաջարկների շուրջ գործող նախագահի պատասխանը «ոչ» էր: Րաֆֆի Հովհաննիսյանը հաշվեց՝ եթե ոչ, այս պարագայում ինքը 2 տարբերակ ունի՝ կամ պիտի գնա տուն, կոպիտ ասած՝ թեյ խմելու, կամ պետք է գնա բախումների ճանապարհով, իսկ բախումների ճանապարհով նա չի ցանկանում գնալ: Նա չի ուզում հայտնվել այնպիսի իրավիճակում, որ հետո իրեն մեղադրեն, որ ինքը հրաժարվեց պայքարից, եւ իր մոտ առաջացել է այլընտրանքային տարբերակը՝ հացադուլը, որը, կարծում եմ, անելանելի վիճակից էր»:
Պարոն Բոզոյանի դիտարկմամբ՝ ժողովրդավարական երկրներում հանրությունը հավատում է ընտրությունների արդյունքներին, այս երկրներում հացադուլի կարիք չկա, որովհետեւ ընտրական մեքենան փայլուն է աշխատում. «Հայաստանի նման երկրում, որտեղ ընտրական մեքենան չի աշխատում, դատական համակարգը չի աշխատում, իրավական ինստիտուտները չեն աշխատում, եւ հասարակության վստահությունը չկա այդ համակարգերի հանդեպ, սկզբունքորեն հացադուլը դառնում է քաղաքական զենքի տեսակ, որը հիմա կիրառում է Րաֆֆի Հովհաննիսյանը»: Հացադուլը, ըստ քաղաքագետի, պարոն Հովհաննիսյանի համար այլընտրանքային տարբերակ էր, քանի որ նա բոլոր ճանապարհներով գնալով՝ հանդիպեց պատի, իսկ հեղափոխությունն էլ կարծես թե մերժում է, ուստի հացադուլը այն միջանկյալ մեթոդն էր, որին դիմեց նախագահի նախկին թեկնածուն:
Մեր այն հարցին՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլը մինչեւ վերջ տանի, հաշվի առնելով նրա այն արտահայտությունը՝ «միայն իմ դիակի վրայով», ի՞նչ քայլերի կդիմեն իշխանությունները, գոնե «թեթեւ» զիջումներ է՞լ չեն լինի, պարոն Բոզոյանն ասաց. «Այն, որ մինչ օրս հացադուլները Հայաստանում ոչ մի էֆեկտ չեն տվել, դա դեռ չի նշանակում, որ հաջորդ հացադուլը էֆեկտ չի տա: Րաֆֆին ուզում է նոր տարբերակով հանդես գալ, որով փորձում է տարբերվել նախկին իր ճակատագրակցից. այս իմաստով սա էքսպերիմենտ է, իսկ թե ուր կհասնի՝ ոչ ոք չի կարող ասել: Այն, որ ասում էին՝ նախագահական ընտրությունները առանց այլընտրանքի էին, հիմա եղավ այդ այլընտրանքը: Այստեղ հուրախություն մեր հասարակության՝ շատ շատերը կարող են սխալվել իրենց հաշվարկներում, այդ թվում նաեւ՝ քաղաքագետները: Այս հացադուլը նոր բան է եւ դժվար կանխատեսելի կարող է լինել, եթե ապրիլի 9-ին, ըստ էության, Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը լինի, եւ Կաթողիկոսը մասնակցի, եւ ի՞նչ կլինի Րաֆֆու հետ: Եթե հացադուլն ավարտվի ողբերգությամբ, ապա իշխանությունը ոչ նախանձելի եւ շատ ծանր վիճակում կհայտնվի»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ