Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորից ժողովրդի քվեն անտեր մնաց»

Մարտ 13,2013 14:05

ՀԱԿ պատգամավորը՝ ԲՀԿ-ի առանցքի շուրջ համախմբվելու, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի եւ ներկուսակցական խնդիրների մասին:

Անցած շաբաթվա սկզբում ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնությամբ հանդես եկավ՝ Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր դաշտի միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ: Մինչ այդ նման տեսակետ հնչել էր նաեւ Դաշնակցությունից: Հայաստանյան ընդդիմադիր դաշտի կուսակցությունները անգամ հասցրին մեկ-երկու քննարկումներ անցկացնել Երեւանի իշխանությունը վերցնելու հավանական տարբերակների շուրջ՝ ԲՀԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» եւ «Ժառանգություն»-ՀԱԿ ֆորմատներով: Բայց շաբաթ օրը կայացած ընդլայնված քաղխորհրդի նիստում ԲՀԿ-ն որոշեց, որ մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին՝ մնացյալ ուժերին թողնելով «ԲՀԿ-ի առանցքի շուրջը» համախմբվելու հնարավորություն: «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ՀԱԿ-ում ԲՀԿ-ի առանցքի շուրջը համախմբվելու հնարավորություն տեսնո՞ւմ են, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «ՀԱԿ-ում քննարկումներ եղել են միասնական ցուցակով հանդես գալու շուրջ: Մենք հայտարարության մեջ նաեւ պատրաստակամություն էինք հայտնել անգամ առաջին տեղերի շուրջ քննարկում չանելու մասին: Զիջելու պատրաստ ենք, որովհետեւ նպատակը շատ ավելի մեծ է, քան կոնկրետ առաջին-երկրորդ տեղի խնդիրը: Եթե մեզ հաջողվի 3-4 քաղաքական ուժերով եւ միասնական ցուցակով հանդես գալ՝ դա ռեալ հնարավորություն է, որպեսզի մենք այնտեղ կարողանանք լրջագույն դիրքեր ունենալ: Առանձին-առանձին գնալը ոչ մի արդյունք չի տալու»: Ինչ մնում է ԲՀԿ-ի դիրքորոշմանը, մեր զրուցակիցը դեռ չի ցանկանում վերջնական կարծիք հայտնել՝ հույսով, որ ԲՀԿ-ի հայտարարությունը հնարավոր է՝ վերանայվի: «Ես կարծում եմ՝ մի փոքր շտապողականություն է միանգամից հայտարարել, որ պատրաստ ենք մեր առանցքի շուրջը համախմբման, որը կարող է բանակցությունների ընթացքը մի փոքր փոխել: Կարծում եմ՝ բանակցություններն առավել դրական կընթանային, եթե նման հայտարարություն չլիներ, եւ միավորման ավելի մեծ հնարավորություններ կլինեին: Իհարկե, չեմ կարծում, որ միավորման հնարավորությունն այլեւս կորսված է, բայց արդեն մի փոքր զգուշավոր եմ այդ մասին հստակ կարծիք արտահայտելիս: Մենք պիտի հասկանանք մի շատ կարեւոր բան. երբ նախագահական ընտրություններից առաջ մենք բանակցությունների մեջ էինք ու չհաջողվեց միասնական թեկնածուի շուրջ համախմբվել՝ արդյունքում ունեցանք այն, ինչ որ ունեցանք: Հիմա գոնե պետք է կարողանայինք այդ ձեւաչափն ապահովել, որովհետեւ իշխանությունը միշտ մի բանից է օգտվում՝ միավորման հնարավորությունը չտեսնելով, իր մեթոդներով ապահովում է իր մեծամասնությունը»,- ասում է մեր զրուցակիցը՝ վստահ, որ եթե այս անգամ ընդդիմությանը հաջողվի միավորվել, դա կարող է մնացյալ գործընթացների սկիզբ դառնալ: Այլապես ոչ մի քաղաքական ուժ միայնակ չի կարող դիմադրել իշխանական ընտրական «մեխանիզմներին ու մշակույթին»:

«Առավոտի» հարցին՝ ՀԱԿ-ում չե՞ն զղջում, որ տարիներ առաջ չօգտագործեցին Երեւանի ավագանիում իրենց հատկացված հարթակը, Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Այդ մասին չենք խոսել: Որոշումը սկզբում կայացվեց, եւ այդ որոշմամբ շարունակեցինք: Բայց այն ժամանակ մի փոքր այլ իրավիճակ էր, եւ զուգահեռներ տանելը հիմա մի քիչ դժվար է: Կարծում եմ՝ առանձնապես զղջալու բան չկար, քանի որ 13 ավագանու տեղ ունենալով՝ մենք խնդիր լուծող չէինք: ԲՀԿ-ն ուներ բավականին տեղեր, բայց իրականում ՀՀԿ-ական մեծամասնությունը որոշում է ամեն ինչ՝ ինչպես ԱԺ-ում եւ մնացյալ տեղերում: Ուստի խնդիրը համախմբվելն է՝ իշխանությանը հակադարձելու համար, ինչը մեզ առայժմ չի հաջողվում»:

Անդրադառնալով հացադուլ հայտարարելու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլին՝ տիկին Սարգսյանն ասում է, որ հետընտրական շրջանում ձեւավորված պայքարի ալիքին, ժողովրդի դժգոհությանը եւ Ազատության հրապարակում հավաքվածների պահանջներին պետք էր մեծ պատասխանատվությամբ վերաբերվել. «Ժողովուրդը պահանջում էր գործընթացի շարունակություն եւ խնդրի արդարացի լուծում: Բայց այն քայլերը, որոնք անում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ իս, դոփում էին տեղում: Դա ոչինչ չէր կարող տալ: Ժողովուրդն ու քաղաքական ուժերը ակնկալում էին, որ մարտի 10-ի հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը քայլերի իր ծրագիրը պետք է ներկայացնի: Ինքս ակնկալիքներ չունեի այդ մասով, քանի որ արդեն տեսանելի էր, որ Րաֆֆին ծրագիր չունի, փորձում է ժամանակ շահել: Հացադուլը քայլերի ծրագիր չէ: Դա անելանելիությունից դրդված որոշում է, բողոքի ակցիա, բայց ծրագիր չէ: Ցավալի է, որ ժողովուրդը մեկ անգամ եւս հուսախաբ է լինելու, չի տեսնելու պայքարի շարունակությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ցավալի է, որ նորից ժողովրդի քվեն անտեր մնաց, եւ հերթական անգամ վճռական գտնված հասարակությունը արդյունքի չհասավ»:

Ի դեպ, մարտի 14-ին կայանալու է վերջին նիստը, որը կորոշի ՍԴՀԿ-ի ճակատագիրը՝ կուսակցության կնիքը կմնա Լյուդմիլա Սարգսյանի՞ մոտ, թե՞ կփոխանցվի Գեւորգ Պերկուպերկյանին, ո՞վ կլինի ՍԴՀԿ ատենապետը՝ Սարգսյա՞նը, թե՞ Պերկուպերկյանը: Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ դատավորը արդար որոշում կկայացնի՝ հօգուտ իրեն, քանի որ մոտ մեկ տարի ձգվող հնչակյան թնջուկի դատական հանգուցալուծման գործընթացում առավել ակնառու են դարձել հակառակ կողմի «անօրինական քայլերը»  եւ գրանցման համար պետռեգիստր ներկայացված փաստաթղթերի «շինծու» լինելը: «Պետռեգիստրին պարտադրվել է, որ կեղծիքների փաթեթն ընդունվի որպես հիմք եւ գրանցվի նոր ատենապետ: Արդարադատության նախարարն ամեն ինչ արեց, որ այդ օպերացիան բարեհաջող ավարտի: Այն անօրինականությունների շարքը, որի մեջ հայտնվեցինք մենք, այն անորոշությունը, որի մեջ ապրում ենք մենք շուրջ մեկ տարի, պայմանավորված է Հրայր Թովմասյանով»,- ասում է մեր զրուցակիցը՝ վստահ, որ Թովմասյանը գործել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով. «Ունե՞ն այդ մարդիկ բարոյական իրավունք՝ վարչապետ եւ արդարադատության նախարար կոչվելու, երբ ոտնահարում են բոլոր օրենքները՝ զրոյականացնելով կուսակցությունների մասին օրենքը, որը սահմանում է, որ Հայաստանում գործող կուսակցությունը պիտի անկախ լինի եւ չուղղորդվի այլ երկրից: Իրենք ՍԴՀԿ-ն ուղիղ տանում են ամերիկյան ուժերի կողմից ուղղորդվելու»: Լյուդմիլա Սարգսյանը չի հասկանում իշխանության քաղաքական շահը այս ամենում, փոխարենը տեսնում է վարչապետի բիզնես-շահը. «Ժամանակին կար ՀԱԿ-ը կազմալուծելու խնդիր: Այսօր դա չկա: Տիգրան Սարգսյանը բիզնես-շահերի մեջ է ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ: Արդյոք ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանն այն արժե՞քն է, որի համար իշխանությունը պատրաստ է ամեն ինչ ոտնահարել: Ինձ կզարմացնի, եթե իշխանությունը փորձի դատարանում միջնորդություն ապահովել՝ հօգուտ Աճեմյանի վճիռ կայացնելու: Թեեւ Աճեմյանի՝ Հայաստան վերջին այցելության նպատակը եւ հանդիպումները վարչապետի ու նախագահի հետ հենց դա են վկայում: Ես հակված չեմ մտածել, որ նման իրավիճակում Սերժ Սարգսյանը կգնա նման զեղծարարության, կիջնի իր դիրքից այնքան, որ դատարանի վրա ճնշում կգործադրի: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը բանական կգործի այս իրավիճակում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031