Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնականն ու քաղաքականը

Մարտ 13,2013 14:00

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին գրում են թե լավը, թե վատը: Ընդ որում, որքան էլ հակասական թվա, երկու կողմերի փաստարկների մեջ էլ կա բանական հատիկ: Եվ այդ երկվությունը գալիս է նրանից, որ մենք մինչեւ վերջ չենք հասկանում այդ քաղաքական գործչի վարքի տրամաբանությունը:

Ամբողջ խնդիրն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղում է, զուգորդում է կրոնա-բարոյական եւ քաղաքական պայքարը: Կրոնը շատերիս՝ նաեւ իմ պատկերացմամբ, անձնական, անհատական, նվիրական գործ է, կրոնական զգացմունքները չարժե ի ցույց դնել հրապարակում: Եթե ես ճիշտ եմ ընթերցել Ավետարանը, ապա այնտեղ նույնպես գրված է, որ աղոթքը, պահքը կամ մոմավառությունը չպիտի լինեն ցուցադրական: Ի հակադրություն դրա՝ քաղաքական գործունեությունը չի կարող չկրել հրապարակային բնույթ, որովհետեւ քաղաքական գործիչն իր գաղափարներն ու ծրագրերը ձգտում է հասցնել հնարավորինս լայն զանգվածների: Երկու տարի առաջ՝ գարնանը, երբ Ազատության հրապարակը «պատկանում էր» Լեւոն Տեր-Պետրոսյանին, վերջինս, որքան հասկանում եմ, մոտավորապես այդ փաստարկներով էր քննադատում Րաֆֆի Հովհաննիսյանին: Գուցե առաջին նախագահի խոսքերը չափից դուրս խիստ էին, գուցե դա հիմք չպիտի հանդիսանար այն պահին պարոն Հովհաննիսյանին չբարեւելու համար, բայց հոգեւորի եւ աշխարհիկի, ֆիզիկականի եւ մետաֆիզիկականի տարանջատումը, որն առաջարկում էր Տեր-Պետրոսյանը, գոնե ինձ համար միանգամայն ընդունելի է:

Իսկապես, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում, որովհետեւ հիմա Մեծ պահքի շրջան է, եւ նա ուզում է ինքնամաքրվել, ինչպես որ ինքն է ասում, այդ դեպքում նման բաներով պետք է զբաղվել տանը՝ որեւէ մեկին տեղյակ չպահելով սեփական ինքնազոհության մասին: Եթե, այնուամենայնիվ, նա հացադուլ է անում, որպեսզի ստիպի Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, իսկ չհաջողելու դեպքում պատրաստ է զոհվել, ինչպես որ նույնպես հայտարարում է, ուրեմն Մեծ պահքի եւ ինքնամաքրման մասին խոսելն անիմաստ է, անպատեհ:

Բայց պետք է հաշվի առնել, որ Սփյուռքում քաղաքականի եւ կրոնականի միջեւ չկա այն հստակ սահմանը, որը գոյություն ունի այստեղ մեր հոգեբանության մեջ: Սփյուռքում տասնամյակներ շարունակ եկեղեցին, ի պատիվ իրեն, հսկայական դերակատարություն է ունեցել հայապահպանման, տարբեր երկրների հայկական համայնքները կազմակերպելու եւ այս կամ այն չափով ղեկավարելու գործում: Այդ ամենի հետեւանքով վերաբերմունքը կրոնի, եկեղեցու, նրա ինստիտուտների նկատմամբ տարբեր է այստեղ՝ Հայաստանում, եւ Սփյուռքում: Ինձ, օրինակ, ինչպես եւ հարյուր հազարավոր հայաստանցիների, բացարձակապես չի հետաքրքրում՝ կգա՞ Ամենայն հայոց կաթողիկոսը նախագահի երդմնակալությանը, թե՞ չի գա: Մեզ համար նա համակարգի մի մասն է՝ երդման արարողությանը նրա ներկայությունը կամ օրհնությունը նույն նշանակությունն ունի, ինչ որ ցանկացած հանրապետական պատգամավորի պարագայում: Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերմունքն այլ է: Սա է, հավանաբար, տարբերությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Sona says:

    ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՎԵՀԱՓԱՌԻ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆԸ
    Ինչպես շատ երկրների առաջին դեմքեր, այնպես էլ վեհափառը շա՜տ շտապեց Սերժ Սարգսյանին շնորհավորել, նա չսպասեց անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների ամփոփմանը. այն պարագայում, երբ ժողովուրդը չէր համակերպվում կեղծված ընտրությունների հետ. Ազատության հրապարակում փոթորկված էր ժողովուրդը: Կարծում եմ, դա իմ անձնական կարծիքն է իհարկե, երբ հոգևոր հովիվն իր հոտի հետ չէ, այդ հոտը տարբեր ուղղություններ է իր համար բռնում, հոգևոր սով է ապրում, որի ականատեսն ենք այսօր: Այստեղ են ասում. տերն է խաչը զորավոր դարձնում, իսկ երբ այդ տերը խաչն ընդամենը գործիք է համարում հայոց հոգևոր գահին նստելու, անհաղորդ է ժողովրդի դարտ ու ցավին, այս ֆոնի վրա ժողովուրդն էլ իրենից է երես թեքում, որի արդյունքում մեր Քրիստոնեական դարավոր հավատքի հիմքերն են խարխլվում…
    Այսօր դրա ականատեսն ենք ամենուրեք…

  2. Տիգրան says:

    Եղբայր, քո տեղեկությունները կյանքի տարբեր բնագավառների մասին իսկապես չափազանցված են… Օրինակ, գրում ես, թե սփյուռքում եկեղեցին հսկայական դերակատարություն ունի հայապահպանման գործում, որը բնաբ չի համապատասխպանում իրականությանը… ԱՄՆ-ում, որտեղ մեկ միլիոնից ավելի Հայություն կա, մի քանի հազար մարդկանց ներկայությունը եկեղեցիներում չի կարող ոչ մի ազդեցություն ունենալ զանգվածների վրա, և իրականում էլ չունի… Եկեղեցում աշխատանքը համարվում է եկամտաբեր և հանգիստ աշխատանք, այն մի ոլորտ է, ինչպես ասենք գյուղնախարարությունը… Ինչով է զբաղվում գյուղնախարարությունը… Այ, նույն բանն էլ կատարվում է եկեղեցում, կամ էլ ստիպված ենք ենթադրել, որ եկեղեցին անջատ է հասաչակությունից, իր վրա չի կրում մի շարք սովորություններ, որոնք հատուկ են չինովնիկական ածխատաոճին… ԵՎ երկրորդ, փաստերը քննարկելիս, դու անպայման փորձում ես ապացուցել, որ մարդիկ կատարելություն չեն, շարունակ շեղվում են և այլն… Բայց ով չգիտի, որ մարդ չի կարող կատաչյալ լինել, որոնցից մեկն էլ դու ես և նաբականաբար կատարյալ չես ոչ որպես լրագրող, ոչ էլ որպես մարդ, ինչպես բոլորը այդ թվում և ես… Եթե ուզում ես որ, լուրջ մարդիկ հաճուքով կարդան քո հոդվածները, պարզապես նշիր, որ դու, ասենք, Րաֆիի մասին խոսում ես որպես կատարելության, բայց քանի որ Րաֆին էլ մեզ նման մարդ է, մեկ-մեկ կարող է սխալվել, բայց քանի որ մենք էլ մարդիկ ենք, մենք էլ կարող է սխալվենք Րաֆիի գործելակերպում շարունակ սխալներ փնտրելով… Ամեն դեպքում, քո ձգտումը լինել անկախ լրագրողների շարքում որպես առաջամարտիկ գովելի է և առանց քո առավոտի հայաստանի մամուլն իսկապես մի քիչ կկաղար…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակալություն բարի խոսքերի համար: Միայն մի փոքրիկ ճշտում: Ես գրել եմ «Սփյուռքում տասնամյակներ շարունակ եկեղեցին, ի պատիվ իրեն, հսկայական դերակատարություն է ունեցել…»՝ անցյալ ժամանակով: Ինձ թվում է, դա ծեծված ճշմարտություն է: Բայց գուցե կան տվյալներ, գրքեր, հոդվածներ, որոնք հերքում են այդ տարածված տեսակետը: Հաճույքով կծանոթանայի դրանց:

  3. Վալոդ says:

    Վերջին երկու խմբագրականները (ու ոչ միայն) հիմնականում արտահայտում են հեղինակի բացասական վերաբերմունքն ու հակակրանքը Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ: Ուրիշ որեւէ ինֆորմացիա չեմ ստանում: Հասկանում եմ, հասարակ մարդ է, հաստավիզ ու ջղայն թիկնապահներ չունի: Բայց մի գուցե ժամանակն է կենտրոնանալ ու ծիծաղի առարկա դարձնել մեկ ա՞յլ գործիչի:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Իմ հոդվածների չափազանց սուբյեկտիվ ընկալում է: Ես Րաֆֆիին համակրում եմ: Ի դեպ, նա էլ ինձ:

    • Կարեն says:

      Բացասական վերաբերմունք չկա, ընդամենը խոհեր են․․․ կարծում եմ բնական խոհեր մտածող մարդու, որը իր ճանապարհով գնալու քայլերն ինքն է որոշում, ի տարբերություն շատերի։ Օրինակ, չեմ հասկանում մարդկանց, որոնք միայն փոփոխության, բնական, ցանկությամբ պատրաստ են նախ հետևել մի գործչին, հետո մյուսին, չնայած դրանք իրարից առնվազն գաղափարներով եւ մոտեցումներով խիստ տարբերվում են /չբարևելու մասին չեմ էլ ասում/։
      Իսկ համաձայն լինել, բայց մտածել հնարավոր է․․․

      Շատ շնորհակալ եմ պրն․ Աբրահամյան, որ գրում եք այն ինչ պետք է անկախ համակրանքներից։

  4. Հ. Մանուկյան says:

    Պարոն Աբրահամյան, ձեր դիտարկումը, որ կրոնը անձի մասնավոր գործն է, ճիշտ է, բայց ոչ լիարժեք: Սփյուռքի հետ կապված ձեր դիտարկումն էլ ճիշտ է: Սակայն անհասկանալի է, ձեր վերջին եզրակացությունը նախագահի երդմնակալության արարողությանը մասնակիցների հետ կապված:
    Թե ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը այս կամ այն անձի ներկայությունը ձեզ համար ինչ է նշանակում, դա ձեր գործն է: Ցավալի է սակայն, որ Հայաստանում հրապարակայնություն եւ ընթերցողների լայն շրջանակ ունեցող թերթի գլխավոր խմբագիրը, որը նաեւ կարեւոր մեկնաբանություններով է հանդես գալիս Հայաստանում եւ սփյուռքում հեռարձակվող եւ ճանաչում ունեցող հեռուստատեսություններից մեկով, նմանօրինակ եւ ոչ ադեկվատ միտք է արտահայտում` դուռս բացելով տարատեսակ եւ ոչ հասկանալի քննարկումների, ցավալի է:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Հ.Մանուկյան, Դուք չեք մատնանշում, թե որ միտքն եք ոչ ադեկվատ համարում: Եթե խոսքն այն մասին է, որ Հայաստանում Վեհափառի հեղինակությունը հավասար է ՀՀԿ խմբակցության որոշ անդամների հեղինակությանը,իսկ որոշ հանրապետականներինը ավելի բարձր է, ապա դա, կարծում եմ, ակնհայտ է ցանկացած հայաստանցու համար:Իսկապես ցավալի իրողություն է:

      • Հ. Մանուկյան says:

        Պարոն Աբրահամյան, իրապես ցավալի է, որ այդպես եք մտածում եւ դա զուտ ձեր սուբյեկտիվ կարծիքն է, որ այսօր լրատվամիջոցներով մատուցվում է մեր հասարակությանը:

  5. 1915ARM says:

    какая польза человеку, если он приобретет весь мир, а душе своей повредит? или какой выкуп даст человек за душу свою? ибо приидет Сын Человеческий во славе Отца Своего с Ангелами Своими и тогда воздаст каждому по делам его

  6. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ says:

    ,,Հայաստանում Վեհափառի հեղինակությունը հավասար է ՀՀԿ խմբակցության որոշ անդամների հեղինակությանը,, Պարոն Աբրահամյանը իրոք շատ ցավալի իրողություն է արձանագրում: Ասեմ ավելին` հաշվի առնելով այսօրվա ՀՀԿ գրեթե զրոյական վարկանիշը, երբ այնտեղ կամ վատն են կամ ավելի վատը /մեղմ ասած/, ապա մնում է հուսալ, որ գոնե հավասարվում է վատերին:
    <>, ժողովրդին կատարած ընտրության համար անգիտակից անվանող քաղաքական ուժը չի կարող վայելել Ժողովրդի սերն ու հարգանքը:
    Մի դիտարկում ևս. 2008 թ. Սերժի կարգախոսներից մեկն էր <>; երդվելուց առաջ լավ կլիներ, որ նա մի պահ խորհեր` 2500 դրամ արժանապատվության գործակցով հնարավոր է ապահով Հայաստան կառուցել?

  7. Anahit says:

    Ցավալի փաստ է,որ մեր սերունդը ականատեսը եղավ Առաքելական հովվապետարանի հոգեվոր սովին ու պատեհապաշտությանը.Անգամ Խորհրդաըին ԿԳԲ-ի զգոն «հայացքի» տակ լոսահոգի վեհափառԳարեգին Ա-ն կարողանում էր հայի հոգում մաքուր,ազգային,ոչ նյութապաշտ հոգեվորականների օգնությամբ հավատ ու սեր սերմանել.
    Զուտ մարդկային առումով,նույն հակակրանքն եմ զգում ՀՀԿ-ական երիտթեվականների ու հասարակությանը ոչ անհայտ կուշտ,լկտի պահվածքով հոգեվորականի նկատմամբ,որոնք գիտենն,թե ումից ինչ օրինակ են վերցնում .
    Ափսոս մեր հազարավոր երիտասարդներին,որ հոգու սովը ստիպված աղանդավորության մեջ են հագեցնում.

  8. Մեկնաբան says:

    Ինձ համար նախ անհասկանալի է, թե ինչու՞ է պետք կաթողիկոսի ինստիտուտ և ի՞նչ է նշանակում հովվապետ: Ու՞մ է ծառայում նման կառուցվածքը:
    Հովվապետն ու Եկեղեցու գլուխը Քրիստոսն ինքն է (տես Կողոսացիներին 1: 18 կամ Եփեսացիներին 5:23):
    Քրիստոսը չի հիմնել ո’չ Հայ, ո’չ Ռուս, ո’չ Կորեական կամ այլ եկեղեցի: Նա հիմնել է Իր Եկեղեցին:
    Հայ պատմության մեջ անհաջող կաթողիկոսը ունենալը պատմական ստանդարտ է ու ո’չ թե բացառություն:
    Ինչ վերաբերվում է աղանդներին, Քրիստոնեական աշխարհի բացարձակ մեծամասնության կարծիքով Հայ Առաքելական Եկեղեցին աղանդ է: Մասնավորապես այս կարծիքին են հետևում Ռուս Ուղղափար Եկեղեցին, և առնվազն մինչև Գարեգին Ա-ի Կաթողիկ եկեղեցու հետ ստորագրած հայտնի փաստափուղթը, որն ընդվզում առաջացրեց Հայ Եկեղեցու մի շարք բարձրաստիճան սպասավորների շարքերում, անգամ Կաթողիկ եկեղեցին էր Հայ Եկեղեցուն աղանդավոր որակում: Չգիտեմ, թե ինչքանով է սա փոխվել հիմա:
    Իմ խորին համոզմամբ, Հայ Եկեղեցին աղանդավոր չէ՝ այլ հեթանոսական: Այս եկեղեցու կենտրոնական կերպարը ո’չ թե Քրիստոսն է ու նպատակը Նրան ծառայելը, այլ, ինչպես Հայ Առաքելական Եկեղեցին հպարտությամբ կհայտարարի՝ Հայ Ազգին: Նույնիսկ եթե սա ճշմարիտ է, ապա, ըստ սահմանման սա Հայ Եկեղեցուն որակավորում է որպես հեթանոսական (էթնոսական բառից): Փաստացի Քրիստոսը Հայ եկեղեցու համար երկրորդական դեմք է, իսկ Աստվածաշունչը՝ երրորդական գործոն:
    Հայաստանում Քրիստոնեության տարածման պատմությունը վկայում է այն մասին, որ արդեն 4-րդ դարից ի հայտ է եկել ներեկեղեցական ընդվզում այն հայտարարությամբ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հեռացել է 1-ին դարի քրիստոնեության սկզբունքներից և հայ քրիստոնյաների մի ստվար զանգված շարունակել է իր բողոքի տարբեր դրսևուրումները՝ իր զենիթին հասնելով 10-րդ դարում և ճանաչում ստանալով որպես Պավլիկյան շարժում: Վերջինս համատեղ դաժանագույն հետապնդումների ու ցեղասպանության է ենթարկվել Հայ Առաքելական Եկեղեցու և Բյուզանդական կայսրության կողմից (այստեղ ես օգտվում եմ Ցեղասպանություն տերմինի լիարժեք իրավաբանական սահմանումից): Նկարագրության համար, Բյուզանդական Թեոդորա կայսրուհին մի հարվածով 100000 պավլիկյան հայ է կոտորել: Հետաքրքրվողների համար կարող եմ նշել, որ ի դեմս Բագրատունյաց դինաստիայի, Հայաստանի անկախության վերականգնումը հենց մարտատենչ Պավլիկյան շարժման ու դիմադրության արդյունքն էր:
    Երբ Հայ Առաքելական Եկեղեցին, Բյուզանդական կայսրության հետ միասին հաջողացրեց հարյուր-հազարավոր պավլիկյան հայերի Հայաստանից արտաքսել-հեռացնել (ի դեպ մեկընդմիշտ խախտելով Հայաստանի դեմոգրաֆիական հավասարակշռությունը և երկրից հեռացնելով ռազմական գործում Հայաստանի ամենափառապանծ զանգվածներին, ում մարտական արվեստի առջև անգամ Բյուզանդական կայսրությունն էր գլուխ խոնարհում), սկսվեց Հայաստանի պետական անկման վերջնական ժամանակաշրջանը:
    11-13-րդ դարերում պավլիկյաններին փոխարինելու ու նրանց դիրքեր լրացնելու եկան Թոնդրակեցիները, որոնք ևս ենթարկվեցին դաժանագույն հալածանքների: Պետք է նշել, որ նրանց հիմնական ընդվզումները դոկտրինային չէին այլ կապված էին Հայ Առաքելական Եկեղեցու կոռումպացիայի դեմ բողոքի ալիք բարձրացնելու հանգամանքի հետ:
    19-րդ դարում նոր Հայ Առաքելական Եկեղեցու կոռումպացիայի դեմ ռեֆորմիստական նոր ալիք սկսվեց աշխարհագրական Արևմտյան Հայաստանի տարածքում: Սակայն վերջիններիս եկեղեցին առողջացնող նկրտումներին լսելու փոխարեն, Հայ Առաքելական Եկեղեցին նրանց վտարեց եկեղեցու շարքերից: Այսպես ստեղծվեց Հայ Ավետարանական Եկեղեցին: Այս պատճառով էլ Հայ Առաքելական Եկեղեցու ապոլոգետները ամենից շատ փնովում են Ավետարանականներին՝ քանի որ նրանք ներքին երևույթ են ու նրանց գույությունն ինքնին Հայ Առաքելական Եկեղեցու կոռումպացիայի կենդանի վկայությունն է:
    Այս թեման շատ ծավալուն է ու ես կարող եմ մոտենալ դրան տարբեր անկյուններից: Ավարտելով պարզապես կոչ եմ անում մի քիչ զսպվածություն ցուցաբերել սրան-նրան «աղանդավոր» որակելիս: Հատկապես զսպվածության կոչ եմ անում նրանց, ովքեր երբևէ Աստվածաշունչը չեն կարդացել՝ կամ էլ կարդացածը հասկացել (սա մեղադրանք չէ): Սրան-նրան աղանդավոր որակելու միակ չափանիշը Նոր Կտակարանն է: Արդյոք այդ չափանիշին համոզվածորեն տիրապետու՞մ են այլոց «աղանդավոր» որակողները:
    Դիտարկեք վերջին տարիների Ձեր կյանքի օրոք տեղի ունեցած Հայ պատմագրության կեղծիքները: Անգամ մեկ ամիս առաջվա պատմություն ունեցող ընտրությունների համատեքստում առկա են իրարամերժ կարծիքներ ու շարադրանքներ: Ինչպե՞ս է հնարավոր արժանահավատ համարել հարյուրամյակների պատմութունը կամ պատմական առասպելները:

  9. Maxim says:

    Այսքան խելացի և գրագետ մեկնաբանություններից հետո կցանկանայի ընդհամենը մի կարճ ռեպլիկ
    անել: Հավատացեք խնդրում եմ,՝ այսօրվա Հայ Առաքելական Եկեղեցին այնքան է կոռումպացված,
    որքան որ ՀՀԿ-ն: Եթե գրեմ մի երկու փաստերի մանրամասնություններ, ապա ոմանց համար վատ
    հետևանքներ կունենա, բայց կարճ ասած,՝ նույն անօրինական հարկահավագությունը այստեղ է:
    Նորմալ մարդը երբեք իր չիմացածի մասին չի խոսի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031