Երեւանի ավագանու ընտրություններում «Ժառանգությա՞նը», թե՞ ԲՀԿ-ին կհաջողվի զբաղեցնել ընդդիմադիր դաշտը
Այն կարգավիճակը, որը «Ժառանգությանը» հաջողվեց ստանալ նախագահական ընտրություններում, այս պահին դժվար է ասել՝ կհաջողվի՞ ստանալ նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում, թե՝ ոչ. «Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանն՝ արձագանքելով լրագրողներից մեկի հարցին`Երեւանի ավագանու ընտրություններում «Ժառանգությա՞նը», թե՞ ԲՀԿ-ին կհաջողվի զբաղեցնել ընդդիմադիր դաշտը: «Հետընտրական զարգացումները թույլ չեն տալիս հստակ պատասխանել հարցադրմանը, որովհետեւ քաղաքական գործչի եւ թիմի կարեւորագույն հատկություններից մեկն այն է, որ ինքն իր առջեւ դնի իրատեսական խնդիրներ եւ հասնի դրանց: Ես չեմ բացառում, որ տեղի ունենան վերագնահատումներ «Ժառանգություն» կուսակցության եւ նրա լիդերի ընթացող գործընթացներին»,- ավելացրեց Գագիկ Մինասյանը
Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցությանը, Մինասյանն ասաց, որ ԲՀԿ-ն ունի բավական մեծ կառույցներ եւ հզոր ընտրազանգված, որի վկայությունն էին վերջին խորհրդարանական ընտրությունները: Ըստ նրա, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցությունը մրցակցություն կապահովի, կպայմանավորի նաեւ ընդդիմադիր դաշտի ձայների բաշխումը. «Ակնհայտ է, որ նախագահական ընտրություններում այդ եւ մյուս ուժի մասնակցության բացակայությունը ապահովեց Րաֆֆի Հովհաննիսյանի 37 տոկոս ձայների առկայությունը»:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդարանական ուժերի ընդհատված խորհրդակցություններին, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ որքանով տեղյակ է, դրանք ընդհատվել են միակողմանի, բայց. «Իշխանության ներկայացուցիչների համար այդ քննարկումները դեռ ավարտված չեն եւ նրանք պատրաստ են համապատասխան բարի կամքի դրսեւորման դեպքում շարունակել»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ