Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բացօթյա ասուլիս էր հրավիրել: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդակցություններ էր անցկացնում մի շարք կուսակցությունների հետ, այդ թվում՝ ԲՀԿ-ի, եւ այս պահին էլ սպասելի է, որ ԲՀԿ-ն, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում՝ միանա ժողովրդին եւ գա Ազատության հրապարակ: Դուք ձեզ ինչպե՞ս եք պատկերացնում ԲՀԿ-ի կողքին մի հարթակի վրա՝ հաշվի առնելով, որ նրանց համարում եք օլիգարխների կուսակցություն: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք ժողովրդի մեջ ենք: Մենք բոլորի հետ մեզ պատկերացնում ենք, ովքեր ժողովրդի հետ են, մեջ են եւ ոչ թե կողքից նայում են: Այնպես որ այդ առումով որեւէ խնդիր չկա: Ցանկացածը, ով որոշակի սխալներ արել է կամ չի արել մի գուցե կամ փոքր սխալներ է արել, «Ժառանգության» խնդիրը չէ դա, որ ասենք՝ ում հետ կարելի է շփվել, ում հետ՝ ոչ, բայց «Ժառանգությունը» բաց է եղել միշտ: Այն ուժը, որն այսօր ժողովրդի մեջ կլինի, ոչ թե կողքից, հեռվից կնայի, բնականաբար, տրամաբանությունից հեռու կլինի, որ չհամագործակցենք: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գագիկ Ծառուկյանի կոնսուլտացիաներին, դա ընդամենը հանդիպում է եղել, ինչպես այլ մյուս ուժերի հետ: Կոնսուլտացիաները լինում են, երբ խնդիրը կոնկրետ բանի է վերաբերվում եւ փորձում ես ինչ-որ համաձայնության գալ: Սա ընդամենը սովորական այն հանդիպումների շարքին է դասվում, որ մենք ունենում ենք բոլորի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է ասել, որ կուսակցական պայքար չի լինելու, կուսակցական դրոշները պետք է խոնարհվեն»:
Պարոն Մարտիրոսյանը, խոսելով ավագանու ընտրություններին ՀՅԴ-ի եւ «Ժառանգության»՝ առանձին գնալու մասին, ասաց, որ ՀՅԴ-ն 125 տարվա կուսակցություն է, ինքնուրույն է եւ որեւէ խնդիր չկա, որ առանձին է գնում ընտրություններին: Մեր հարցին՝ այսինքն, եթե ընդդիմադիր կուսակցությունները միավորվեին՝ դրանով կկորցնեի՞ն իրենց ինքնուրույնությունը եւ ընդհանրապես ի՞նչն է խանգարում, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի, ամբիցիանե՞րը՝ նա պատասխանեց. «Բացարձակ ինքնուրույնությունը չէին կորցնի: Ես մի փոքր տեղյակ եմ ինչի մասին է խոսքը, եւ դա ամբիցիաներին չի վերաբերում այնքան: Կուսակցությունները մտնում են դաշինքների մեջ, դուրս են գալիս այնտեղից, որեւէ խնդիր այդտեղ չկա: ՀՅԴ-ն ինքը կոալիցիայի անդամ է եղել երկար, իր ինքնուրույնությունը չի կորցրել: Ուստի այստեղ ինքնուրույնության խնդիր չկա: Ինչպես Դաշնակցությունը, այնպես էլ «Ժառանգությունը» կարող են եւ իրավունք ունեն ինքնուրույն որոշումներ կայացնեն: Սա է խնդիրը»:
Ի դեպ, այսօր գիշեր, ինչպես պատմեցին նստացույցի մասնակիցները, երբ տեղացել է անձրեւը եւ ոստիկանները թույլ չեն տվել վրան, անձրեւանոց տեղադրել Ազատության հրապարակում, նրանց խոսքերով՝ ժառանգականները իսկական «ապտակ» են հասցրել իշխանություններին ու քաղաքապետարանին. Նրանք բացել են մեծ անձրեւանոցը եւ ոչ թե ամրացրել են ասֆալտին, այլ ժամերով բռնել են այն ձեռքով: Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ իրենք հասկացան, որ մենք պատրաստ ենք պահել այդպես ամբողջ գիշեր, թեեւ ամրացնելու դեպքում էլ ասֆալտը դրանից հաստատ չէր վնասվելու:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի