Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասներից 42 %-ն առանց կարդալու է ստորագրել ձերբակալության արձանագրությունը

Մարտ 13,2013 13:39

«Խոշտանգումը ամենանողկալի հանցագործություններից մեկն է: Խոշտանգումը ավելի մեծ հանցանք է, քան մանր կամ նույնիսկ խոշոր գողությունը: Այս հանցանքը ավելի քան առկա է մեր հասարակության մեջ: Շատերը պարզապես չգիտեն դրա առկայության մասին, մյուսները փորձում են անտեսել այն»,-ասում է «Քաղաքացիական հասարակության ինստիուտի» նախագահ Արման Դանիելյանը՝ մեր երկրում ազատազրկման դատապարտված անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների ուսումնասիրությանը նվիրված այսօր «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսին:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը կարծում է, որ ազատազրկման մեջ գտնվող անչափահասների իրավունքները մեր երկրում շատ սահմանափակված եւ ոտնահարված են.

«Կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անչափահասների հանդեպ կիրառվում է ֆիզիկական ուժ: Սա վերաբերում է ոչ միայն մեղադրյալներին, այլ նաեւ կասկածյալներին, որոնք կարող են իրականում անմեղ լինել: Ես կարծում եմ, որ անչափահասների շրջանում հանցանքների իրականացումը եւ դրանց համար պատիժ սահմանող արդարադատական համակարգը լուրջ փոփոխությունների կարիք ունի եւ չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Այս ոլորտը համակարգելու եւ վիճակը այստեղ բարելավելու համար կարեւոր են ոչ միայն օրինապահ մարմինների, այլեւ դատավորների, հոգեբանների, անչափահասների ընտանիքների հետ տարվող աշխատանքները»:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի խոսքերով, նման ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս ի հայտ բերել առկա խնդիրները եւ լուծում տալ դրանց. «Ես ողջունում եմ նման ուսումնասիրությունները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս կողքից, դիտորդի աչքով տեսնել ոլորտում առկա խնդիրները եւ հնարավորինս շուտ լուծում տալ դրանց: ՀՀ արդարադատության նախարարությունը անչափահասների գաղութներում բռնության դեմ պայքարի խնդրի լուծման հարցում համագործակցում է ՄԱԿ-ի հետ եւ հաշվի կառնվեն ուսումնասիրության արդյունքում առաջացած խնդիրները: Այս հարցը ընդգրկվել է նաեւ Հայաստանի 2012-2016 թթ. դատական բարեփոխումների ծրագրում»:

Կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 82 անչափահասներից 21 %-ն իրազեկված չեն եղել ձերբակալման պատճառների մասին, 42 %-ն առանց կարդալու է ստորագրել ձերբակալության արձանագրությունը, 31 %-ը խոստովանել է, որ իրենց երբեք չեն իրազեկել իրենց իրավունքների մասին, իսկ հարցաքննությունները մեծ մասամբ իրականացվել են առանց փաստաբանի ներկայության:

Աննա ԹԱՄԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031