«Ի՞նչ է կատարվում երկրում: Գիտե՞ք»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողները բարձրաձայնեցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի`երեկ Ազատության հրապարակում հնչեցրած դիտարկումը, որ իշխանությունները չգիտեն, թե երկրում ի՞նչ է կատարվում: Ակումբի բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանն անպատասխան թողեց հարցը, չանդրադարձավ այդ դիտարկմանը: Aravot.am-ի հարցին`ՀՀԿ-ում ավելի լա՞վ գիտեն, թե հանրապետությունում ինչ է կատարվում ու այդ պատճառով եք հարցը շրջանցում, թե՞ ՀՀԿ-ում ընդհանրապես չեն էլ ուզում հասկանալ, թե իրականում ինչ իրավիճակ է մեր երկրում, Գագիկ Մինասյանն ասաց. «Պարոն Հակոբյանն իմ վաղեմի մտերիմ ընկերն է, ուղղակի ես գտնում եմ, որ այդ արտահայտությունը կոռեկտ չէ եւ չի համապատասխանում իրականությանը, դրա համար չեմ ուզում անդրադառնալ»:
Aravot.am-ի հաջորդ հարցին`Րաֆֆի Հովհաննիսյանը քանիցս Սերժ Սարգսյանին հրավիրել է Ազատության հրապարակ, Դուք որեւէ տարբերակ տեսնո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը ի վերջո գնա Ազատության հրապարակ, Գագիկ Մինասյանն ասաց. «Արդյոք պարոն Հովհաննիսյանին կհաջողվի իրացնել այն տոկոսները, որ ինքը ձեռք է բերել նախագահական ընտրությունների արդյունքում եւ մնալ թիվ մեկ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը: Այդ խնդիրը հեշտ չէ իրականացնել: Այդ խնդիրը լուծելու համար պետք է ունենալ ծրագիր, պետք է ունենալ հետեւողականություն, պետք է դնել եւ իրացնել իրատեսական ծրագրեր: Շատ ավելի հեշտ է հռչակել ծրագրեր, որոնք առաջին հայացքից բավականին հրապուրիչ են, ականջ շոյող են, սակայն իրականացման որեւէ հեռանկար չունեն: Այդպիսի մի քանի ծրագրեր, փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ, դրանցից մեկի հետ կապված, համոզված եմ՝ բոլորը տեղյակ են, թե ինչ արձագանք ստացավ հենց խորհրդարանական խմբակցությունների կողմից: Ես կարծում եմ, որ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որը հավակնում է դառնալ թիվ մեկ ընդդիմադիր դաշտում, պետք է, իսկապես, իրատեսական ծրագրեր առաջարկի»: Փաստորեն, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն այս կերպ շարունակի իր պայքարը, Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակում նրան չի այցելի:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ հացադուլը «ամենաընդունված եւ ամենակիրառելի» քաղաքական գործիքը չէ`քաղաքական խնդիրների լուծման համար: Ուստի, ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է վերանայի իր պայքարի ձեւը, մեթոդները, տրամաբանությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Իշխանությունը ուզուրպացրած ուժը՝ ՀՀԿ-ն, որն իրեն համարում է միակ հնարավոր տարբերակն իշխելու, այլ բան չի կարող ասել: Այս մարդիք, որոնցից շատերին ճանաչել եմ որպես համեստ ու ազնիվ մասնագետներ, դեգրադացվել ու դարձել են ստի ու իշխանական գարշահոտության իրակման կրողներ: Մնում է միայն խորհել մարդկային տեսակի հնարավոր այլ այլասերումների մասին, որոնք չգիտեմ թե ուր կարող են տանել մեր ժողովրդին: Տխուր է: Այնքան տխուր, որ այլևս մարդու ծիծաղն էլ չի գալիս: Հետո էլ ասում են թե (մեծն շուշան պետրոսյանի որակումը) մեր ժողովուրդն ի սկզբանես խոպանչի է: