Լրահոս
Օրվա լրահոսը

Անձեռնմխելի՞ է արդյոք Վարդան Սեդրակյանը

Մարտ 13,2013 13:11

Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանավորումն առաջադրեց նոր հարցեր, որոնց պարզաբանման առնչությամբ դիմեցինք Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին

Անդրադառնալով Նախագահի թեկնածուի կալանավորման հարցին, Դուք էլեկտրոնային մամուլում զետեղեցիք մի հակիրճ գրառում այն մասին, որ չպետք է շփոթել թեկնածուի կարգավիճակը՝ վերջինիս իրավունքների ու պարտականությունների հետ: Այդպիսով, կարող ենք համոզվել, որ նշված թեկնածուի կալանավորումն իրավաչա՞փ էր:

-Չեմ կարծում, թե այդ հարցը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի: Այո, պետական կամ քաղաքական գործչի «կարգավիճակն» ավելի լայն հասկացություն է, քան «իրավունքներն ու պարտականությունները», քանի որ այն ներառում է ոչ միայն այդպիսիք, այլև առնվազն պատասխանատվության հիմքերն ու կարգը: Ընդ որում, թեպետ օրենսդրությունը ոչ միշտ է համամասնորեն արտացոլում իրավունքի տեսության համընդհանուր սկզբունքներն ու սահմանումները, դիցուք այս դեպքում հստակ ու համարժեք ամրագրված է այդ երկու հասկացությունների տարանջատումը: Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմի համաձայն. «Հանրապետության Նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Uույն oրենuգրքով uահմանված իրավունքները և պարտականությունները Հանրապետության Նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչև Հանրապետության Նախագահ ընտրվելու մաuին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար uահմանված ժամկետի ավարտը, իuկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչեւ uահմանադրական դատարանի որոշում ընդունելը»:

Այլ կերպ ասած, ԿՀԸ-ի որոշումից հետո, դադարում է թեկնածուների կարգավիճակը` բացառությամբ նրանց իրավունքների և պարտականությունների:

Հավելենք, որ խոսքը, բնականաբար, այն իրավունքների ու պարտականությունների մասին է, որոնք գործում են ԿԸՀ-ի որոշումից հետո ընկած հատվածում, քանզի թեկնածուների իրավունքներն ու պարտականություններն ընտրական գործընթացի յուրաքանչյուր փուլում տարբեր են:

Ինչ վերաբերում է կալանավորման իրավաչափությանը, ապա այն չի սահմանափակվում միայն անձեռնմխելիության ինստիտուտի համարժեք կիրառմամբ: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիան (5-րդ հոդված) նախատեսում է էլ ավելի սկզբունքային նորմեր, ըստ որոնց կալանավորումը կարող է իրավաչափ համարվել միայն այն դեպքում, երբ ոչ միայն առկա է հանցագործություն կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկած, այլև` կան հավաստի տվյալներ առ այն, որ անձը կխուսափի քննությունից կամ կխոչընդոտի քննությանը կամ առկա է հասարակական վտանգ: Այս հարցադրումներին առնչվել և վերացական պատասխաններ տալ չի կարելի:

Ինչ վերաբերում է տվյալ դեպքում առանց ԿԸՀ-ի համաձայնության կալանավորելուն, ապա, իմ համոզմամբ, այն որևէ աղերս չունի օրենսդրությունը շրջանցելու հետ:

Գեւորգ Դանիելյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031