Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում միասնական նպատակադրում ունեցող ընդդիմություն գոյություն չունի

Մարտ 13,2013 12:58

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում, անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու ձեւաչափին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «ԲՀԿ-ի առանցքի շուրջ ովքեր կցանկանան համախմբվել, մենք կարող ենք ընդունել»:
Ճիշտն ասած, մենք լավ չենք պատկերացնում «Բարգավաճ Հայաստանի» առանցքի էությունը, որովհետեւ այս կուսակցությունը ոչ վաղ անցյալում փաստորեն իրեն դուրս դրեց քաղաքական գործընթացներից` հրաժարվելով նախագահի ընտրություններին մասնակցելուց եւ որեւէ թեկնածուի սատարելուց: Հիշում ենք միայն մանր ու միջին եւ մանավանդ մանր քաղաքական ուժերի հուզական սպասումը ԲՀԿ առաջնորդի` նախագահի թեկնածու առաջադրվելու մասին վերջնական որոշմանը:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» դիրքորոշմանը, այստեղ եւս անհասկանալի պահ կա: Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքներում հայտարարում է, որ Ազատության հրապարակում այլեւս կուսակցություններ գոյություն չունեն, այլ միայն հանրապետության հպարտ քաղաքացիներ: Նույնը երեկվա ասուլիսում հայտարարեց կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հասկացանք. բայց ինչո՞ւ է այդ դեպքում «Ժառանգությունը» բանակցում կուսակցական ձեւաչափով եւ իր պարտադրած թեկնածուներով: Ստացվում է, որ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցություն չկա, բայց դրա սահմաններից դուրս լավ էլ աշխատում է:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ ասել է. «Համախմբման պայմաններից մեկն այն է, որ քաղաքական ուժերը փորձեն իրենց հավակնությունները զսպել եւ ճիշտ կոմպրոմիսային լուծումների գնալ: Մենք բանակցությունների ժամանակ հանդես ենք եկել այդ դիրքերից եւ որեւէ անառողջ հավակնություն չենք ցուցաբերել: Իսկ թե ինչու մինչեւ հիմա չունենք միասնական ճակատ` գնահատականները թողնում եմ ձեզ»:
Մենք էլ գնահատում ենք եւ ասում, որ Հայաստանում միասնական նպատակադրում ունեցող ընդդիմություն գոյություն չունի: Այս պարագայում չի կարող լինել նաեւ համախմբում: Խոսքով բոլորը միասին են. գործը չտեսանք: Արդեն տեւական մի շրջան: Հետեւաբար իրավունք ունենք մտածելու մի անհայտ պատվերի մասին, որը ոչ մի կապ չունի Հայաստանի հպարտ քաղաքացիների եւ նրանց ցանկությունների հետ:
Անընդհատ նույն անդիմությունը տեսնելն ավելի դժվար է, քան կոնկրետ սխալը ներելը: Իհարկե, այն սխալը, որը ճակատագրական չէ: Այնինչ մեր այսօրվա քաղաքական կանգառի չվացուցակում դեռեւս նորմալ հասցեներ չկան:

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031