Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը հաստատում է՝ ԲՀԿ-ն ուզում էր, որ իր թեկնածուն գլխավորի ցուցակը, «Ժառանգությունն» ուզում էր՝ իր թեկնածուն գլխավորի

Մարտ 13,2013 12:35

Հատվածնոր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հարցազրույցից:

Պարոն Ռուստամյան, անցյալ շաբաթվա վերջին «Ժառանգության», ՀՅԴի եւ ԲՀԿի միջեւ եռակողմ բանակցություններ սկսվեցին Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու շուրջ ու թեեւ հասկանալի է, որ դրանք, ըստ էության, տապալվեցին, սակայն կողմերից երկուսը դեռ չեն շտապում պաշտոնապես այդ մասին հայտարարել։ ՀՅԴի գնահատականն ինչպիսի՞ն է։

– Բանակցությունների նախաձեռնողը մենք էինք։ Մենք իսկապես անկեղծ նպատակ էինք հետապնդում այս ընտրությունները դարձնել լուրջ հնարավորություն՝ քաղաքային իշխանությունը ոչ իշխանական ուժերի կողմից վերցնելու համար։ Մենք սա դիտում էինք նաեւ այս սկիզբ առած

շարժման տրամաբանության մեջ հանգրվանային լուծումներով հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը երկրում։ Մեր ծրագրերը թե բանավոր, թե գրավոր, ներկայացրել էինք նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին, քննարկումներ են եղել եւ մենք համարում ենք, որ եթե ամբողջությամբ այսօր չես կարող հասնել իշխանության, ապա պետք է գոնե մաս-մաս հասնել եւ ավագանու ընտրությունները կարող են լինել առաջին կարեւոր հանգրվանը։ Այդ նպատակով մենք հանդիպում էինք կազմակերպել մյուս երկու քաղաքական ուժերի հետ, որպեսզի առնվազն երեքով մասնակցենք այդ ընտրություններին։ Բնական է, այդ համագործակցությունը կարող էր բաց մնալ նաեւ այլ քաղաքական ուժերի համար, որոնք կարող էին միանալ

նախաձեռնությանը։ Մենք մեր կողմից ամեն ինչ արեցինք, որպեսզի եռամիասնությունը հաջողվի։ Բայց դժբախտաբար, դա տեղի չունեցավ։

Ո՞րն էր պատճառը։

– Եթե կարճ ձեւակերպենք, հիմնական պատճառն այն էր, թե ով պետք է գլխավորի ցուցակը։

Այսինքն, ԲՀԿն ուզում էր, որ իր թեկնածուն գլխավորի ցուցակը, «Ժառանգությունն» ուզում էր՝ իր թեկնածուն գլխավորի։

– Այո։

Իսկ անուններ հնչե՞լ են։

– Տարբեր անուններ էլ են հնչել, բայց հիմնական սկզբունքային խնդիրն այն էր՝ ով պետք է որոշի թիվ մեկին։ Իրականում, կարեւորն այն է, որ հասնեինք Երեւան քաղաքի իշխանությանը, ինչը իսկապես հնարավորություն կստեղծեր

այս միահեծան իրավիճակին վերջ դնելու սկզբի եւ իշխանությունից ավելի լուրջ զիջումներ ստանալու, որովհետեւ նրանք հաշվի են նստում ուժի հետ։ Ես վստահ եմ, որ սա նաեւ թափ կհաղորդեր շարժմանը։ Բայց ինչ-որ տեղ նաեւ ռազմավարական առումով՝ մոտեցումների տարբերություն կար, որովհետեւ լիարժեքորեն չկիսվեց մեր այն մոտեցումը, որ հանգրվանային ճանապարհով գնալը եւ շարժումը տեւական պայքարի հուն մղելը ոչ թե

շարժումը կթուլացներ, այլ կդարձներ շատ ավելի կազմակերպված

եւ ավելի տեւական։

Դուք դեռ շարունակո՞ւմ եք «Ժառանգության» հետ բանակցությունները միասնական ցուցակի շուրջ։

– «Ժառանգությունը» դժբախտաբար այս ընտրությունները առաջնահերթությունների մեջ չի դիտարկում։ Իհարկե, նպատակի առումով մեր մոտեցումները նույնն են՝ հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը, բայց դրան պետք է հասնել բոլոր մակարդակներում, որտեղ հնարավորություն կա, առիթ կա, այդ առիթը ձեռքից բաց չթողնել եւ հանգրվան առ հանգրվան դրան գնալ։ Այսինքն, մարտավարական հարցերի շուրջ տարբերություններ կան։ Եթե ոչ իշխանական ուժերը միավորվեին, ավելի ամբողջական վերահսկողություն կկարողանային իրականացնել նաեւ հանձնաժողովներում։ Բայց դեռ այս հնարավորությունը պահպանված է, ես չեմ համարում, որ բանակցությունները այն աստիճանի ձախողվեցին, որ որեւէ հարաբերության տեղ չի մնում։ Կարծում եմ, որ հիմա եւս մեկ քայլ կարելի է անել, օրինակ, հայտարարել հետընտրական դաշինքի մասին։ Այսինքն, քանի որ չհաջողվեց ընտրություններին միասին մասնակցել եւ գնում ենք առանձին-առանձին, ապա ոչ պակաս կարեւոր քայլ կլինի հենց հիմիկվանից հայտարարել հետընտրական դաշինք ձեւավորելու մասին եւ փորձել քաղաքի իշխանությունը վերցնել արդեն այնտեղ։ Այդ հնարավորությունն էլ կփորձենք իրականացնել։

Այսինքն, միասնական ցուցակի շուրջ «Ժառանգության» հետ այլեւս չե՞ք բանակցում։

– Ոչ։ Եթե շարժումը խնդիր դներ, որ ավագանու ընտրությունները հանգրվան են եւ դա չառանձնացներ իր դրած նպատակից, այլ համարեր քայլ դեպի այդ նպատակին հասնելը, այդ պարագայում, բնականաբար, կարծում եմ, որ հենց ինքը Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր գլխավորել ցուցակը եւ «Ժառանգության» հետ գնալն այդ իմաստը կունենար։ Մեզ համար ոչ իշխանական ճամբարում ավելի մեծ, հզոր ալյանս ձեւավորելու խնդիրն էր շատ կարեւոր էր եւ բացատրեցի, թե ինչու չստացվեց։ Բայց նորից ուզում եմ ասել, որ համագործակցելու տեղ կա դեռ։ Հնարավոր է հետընտրական դաշինքով էլ հասնել նույն նպատակին՝ մասնակցել առանձին եւ հետո դաշինք կազմել։

Իսկ ճի՞շտ է, որ ԲՀԿն ձեզ առաջարկել է իր հետ միասնական ցուցակ կազմել։

– Այդպիսի առաջարկներ՝ 2-2, նույնպես քննարկվել են, բայց գլխավոր խնդիրը իսկապես միասին գնալն էր։ Սա նույնպես առանձին-առանձին գնալու ինչ-որ տարբերակ է, որը մեր կարծիքով, այն էֆեկտը չէր տա, ինչ կտար միասնական ընթացքը։ Դժբախտաբար, մեզ համար անհասկանալի է՝ այս կարեւոր հրամայականը եւ հնարավորությունը ինչու չկարողացանք լիարժեք օգտագործել։

Դուք ԲՀԿին արդեն պատասխանել ե՞ք։

– Հիմա ամեն մեկն իր առանձին ցուցակները ձեւավորելու խնդրով է զբաղված։ Մենք կմասնակցենք այս ընտրություններին այս կամ այն կերպ։ Եթե չի ստացվում այսպես, բնականաբար, մենք կգնանք առանձին տարբերակով։ Մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ իշխանությունը հեզասահ վերարտադրվի։:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031