Լրահոս
Օրվա լրահոսը

Կբաժանվե՞ն իրենց մանդատներից ընդդիմադիր պատգամավորները

Մարտ 13,2013 12:12

Բացօթյա իր ասուլիսում երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրել է, որ շատ շուտով նոր խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան: Լրագրողները հարցրին՝ ինչպե՞ս է նա վերաբերում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ իրեն ողղված առաջարկին՝ շարունակել հացադուլը, հորդորել ԱԺ ընդդիմադիր ուժերին վայր դնել մանդատները, Ր․ Հովհաննիսյանը նշել է, որ մանդատները վայր դնելու կետը, որպես հայեցակետ, իր համար ընդունելի է, բայց՝ «ժամանակի եւ տեխնիկական առումներով երկրորդական, որովհետեւ ավելի համալիր լուծումների ենք գնում, շատ շուտով արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու»:

Փաստացի Արամ Սարգսյանը փակուղուց դուրս գալու հստակ ճանապարհ է մատնանշել, իսկ որ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական օրակարգը փակուղում է, դա նույնպես ակնհայտ է: Հիմա ընդդիմադիր ուժերը, որոնք պնդում են, թե ընտրությունները կեղծված են եւ Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել ընտրություններում, եթե իսկապես դա համարում են անվիճարկելի իրողություն եւ անբեկանելի փաստ, ապա նրանց քայլերից իսկապես շատ բան է կախված՝ նրանք կարող են փրկել իրավիճակը:

Արամ Սարգսյանի առաջարկը միանգամայն տրամաբանական է եւ ներկա դրությանը համարժեք: Այդ առաջարկով կարելի է ստուգել ընդդիմադիրների անկեղծությունը: Եթե խորհորդարանական ընդդիմությունը համարում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել ընտրություններում, ապա նրանք կարող են վայր դնել իրենց մանդատները, դրանով իսկ խորհրդարանի հետագա արդյունավետ աշխատանքը կասկածի տակ կդրվի, իսկ իշխանությունը ստիպված կլինի գոնե խորհրդարանական նոր ընտրություններ նշանակել: Իսկ նման որոշման դեպքում, համաձայնեք, որ ներքաղաքական նոր իրավիճակ ու տրամադրություններ կստեղծվեն, եւ ընդդիմադիրների հետագա քայլերը, հնարավոր է, ավելի արդյունավետ քայլեր պարունակեն, քան հիմա:

Արդեն իսկ մի քանի պատգամավորներ անդրադարձել են Արամ Սարգսյանի առաջարկին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը 168.am-ին ասել է, որ պատրաստ է հրաժարվել պատգամավորական մանդատից, եթե դրա քաղաքական նպատակահարմարությունը հիմնավորվի․ «Մանդատը հո ինքնանպատակ չէ՞, եթե դա կարող է օգտակար լինել շարժման համար, կարելի է քննարկել որոշ ընդդիմադիրների հետ: Որեւէ խնդիր չեմ տեսնում: Եթե քննարկում լինի, եւ բերվեն փաստարկներ, որ դրանով կնպաստենք շարժման հաջողությանը, ես խնդիր չեմ տեսնում: Ինձ համար կյանքի երազանք չի եղել Ազգային ժողովի մանդատը, մանավանդ` այստեղ ձեւավորված»:

Րաֆֆի Հովհաննիսյանին ասուլիսի ընթացքում այցելած ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին լրագրողները հարցրել են՝ մանդատը պատրա՞ստ է վայր դնել, նա պատասխանել է, որ դրա իմաստը այս պահին չի տեսնում. «Դաշնակցությունը միշտ պատրաստ է, բայց ամեն մի քայլ որ անում ես՝ պիտի իմաստ ունենա: Կարող է ցանկացած պահի այդ իմաստը լինի, բայց ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչի՞ մասին է խոսքը»:

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների՝ «Ժառանգության», Հայ Հեղափոխական դաշնակցության եւ Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները պատրա՞ստ են վայր դնել իրենց մանդատները եւ երկրում իրավիճակ փոխել, ինչը անընդմեջ կարեւորում են․․․ Ի դեպ, ակցիային կարող են միանալ նաեւ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորնեը։ Չէ՞ որ նրանք հայտարարում են, որ «այլընտրանք» են իշխանությանը, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ հաճախ հիշեցնում է, որ ԲՀԿ-ն միշտ եղել է եւ կլինի ժողովրդի կողքին:

Այսպիսով, կարծես թե պատեհ առիթ է, որպեսզի ընդդիմադիր ուժերը ապացուցեն համախմբման, միասնության հասնելու իրենց պատրաստակամությունը: Նրանք այդ քայլով կոգեւորեն թե՛ հասարակությանը, թե՛ իշխանությանը վստահաբար կդրդեն կոնկրետ քայլերի, եւ ինչու չէ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին կաջակցեն, կօգնեն նրան ազատվելու այդ ծայրահեղ քայլից՝ հացադուլից, դրանով իսկ նոր քաղաքական օրակարգ ձեւավորելով: Այսինքն, ընդդիմադիր ուժերը կունենան բոլոր նախադրյալները՝ թելադրելու իշխանությանը խաղի նոր կանոններ:

Բայց արդյոք ընդդիմադիր պատգամավորները վայր կդնե՞ն, կբաժանվե՞ն իրենց մանդատներից՝ հանուն պայքարի, հանուն ժողովրդի․․․

Հարցը, իհարկե, հռետորական է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031