Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՍԴ-ում նամակները քննարկման առարկա չեն դառնում»

Մարտ 13,2013 12:02

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվեց ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը: Նրանք վիճարկում են ԿԸՀ-ի այս տարվա փետրվարի 25-ին կայացրած 61-Ա եւ 62-Ա որոշումները:

Երեկ կիսատ էին մնացել նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հարցերը՝ ուղղված ԿԸՀ-ին: Նրան մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչպիսի՞ն են եղել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անձնական հարաբերությունները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, ինչպիսի գործառույթներ է իրականացրել ԿԸՀ-ն: Առաջին հարցի կապակցությամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հորդորեց հարցերը տալ վիճարկվող հայցի շրջանակներում, ասելով. «Պաշտոնյաների անձնական կամ այլ հարաբերությունները քննության առարկա չեն կարող դառնալ այս դատարանում»:

Դրանից հետո, սակայն, Անդրիաս Ղուկասյանը հարցեր էր ուղղում, որոնք դատարանի կողմից մի քանի անգամ հանվեցին, մասնավորապես, թե ընտրական հանձնաժողովներում ներառված 15600 հանձնաժողովականներին «ի՞նչն է մոտիվացնում. համբա՞վը, բարձր վարձատրությո՞ւնը»: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ի տարբերություն շատ-շատերի, իր կանխավարկածն այն է, որ հանձնաժողովում ընդգրկվել են պարկեշտ մարդիկ:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հարցեր ուղղեց Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին: Նրան հետաքրքրեց, թե այդ պահին հայտնի էպոսագետը՝ Վարդան Սեդրակյանը նախագահի թեկնածո՞ւ է, թե՞ ոչ եւ Սերժ Սարգսյանը ի՞նչ դերակատարություն ունի Վ. Սեդրակյանի ազատազրկման հարցում: Այդ հարցը հանվեց, քանի որ կապ չուներ դիմումի հետ:

Հետեւեց հաջորդ հարցը՝ թե ինչպես է գնահատում Գեղարքունիքի մարզպետի կողմից աշխատանքային խորհրդակցության ժամանակ՝ ընտրությունների հետ կապված նրա հայտարարությունը: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ տվյալ հայտարարությունը մարզպետի կայքէջում հայտնվել է մամուլի քարտուղարի սխալ ներկայացման պատճառով, ինչի կապակցությամբ նրան խիստ նկատողություն է հայտարարվել եւ որ ինքը չի կարող պատասխանել, այդ թվում՝ արդեն իսկ զետեղված, հերքված փաստի մասին հարցին:

Եթե երեկ դատարանը մի քանի անգամ հղում արեց Սերժ Թանկյանի նամակին ու Սերժ Սարգսյանի դրա պատասխանին, ապա այսօր երբ Զարուհի Փոստանջյանը փորձեց նույն հարցը տալ Դավիթ Հարությունյանին, դատարանի կողմից թույլ չտրվեց, ավելին՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հորդորեց. «Նամակը քննության առարկա մի դարձրեք»:

Այս գործով հարակից պատասխանողներ են ճանաչվել ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ ոստիկանությունը: Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն ասաց, որ պիտի մերժվեն նախագահի թեկնածուների դիմումները, քանի որ խախտումները համակարգային բնույթ չեն կրել եւ չեն կարող հիմք հանդիսանալ ԿԸՀ-ի 61-Ա եւ 62-Ա որոշումներն անվավեր ճանաչելու համար: Նա տեղեկացրեց, որ 4 քրեական գործեր՝ 6 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ընդհանուր իրավասության դատարաններ: Ընտրական գործընթացների վերաբերյալ մարտի 7-ի դրությամբ 247 հաղորդումների է ընթացք տրվել, որոնցից 187-ը՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի մշտադիտարկման արդյունքում: Ըստ Ա. Թամազյանի՝ 3 հաղորդում գտնվում է քննարկման փուլում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031