Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեք համոզում, պարոն Հովհաննիսյան»

Մարտ 13,2013 11:18

ՍԴ-ին նույնիսկ մի լուրջ փաստ չկարողացան ներկայացնել, որից «տեղյակ» չլիներ ԿԸՀ-ն կամ ոստիկանությունը։ Մի՞թե պարզ չէ, որ ընտրությունները կեղծվել են՝ հռետորական հարցեր են հնչեցնում։ Ոչ, պարզ չէ, հարգելի «Ժառանգություն»։ Բոլորս գիտենք, որ կեղծվել են, բայց ոչ ոք փաստ չունի, որ կեղծվել են։ Սրանք տարբեր բաներ են։ Հետեւաբար՝ իմպրովիզացիա է նաեւ ՍԴ դիմելը։ Իմպրովիզացիա է նաեւ Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը՝ դիմեցինք, որ հետո չասեն՝ ինչու չդիմեցիք։ Է, հիմա էլ ձեզ ասում են՝ գնացեք տուն։ Ուրեմն գնացեք, որ հետո չասեն՝ ինչու չգնացիք։

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարտի 10-ին շատ կարեւոր հայտարարություն է անելու, իսկ ինքը գնաց Գեղարքունիք։ Շատ չանցած՝ լուրը հասավ, թե քիչ է մնացել Մարտունիում եւ Սեւանում ծեծեն նրան։ Հետո ինքը հասավ Երեւան ու իր ժամադրած օրը՝ մարտի 10-ին, հայտարարեց հացադուլի մասին։ Դա՞ էր այն ամենակարեւոր բանը, որ Րաֆֆին կարող էր ասել բերնեբերան լցված Ազատության հրապարակին։ Հարցնում ես՝ ինչո՞ւ հացադուլ, մարդ Աստծո, պատասխանում է՝ միայն իմ դիակի վրայով։ Այսքանից հետո էլ՝ մամլո ասուլիս եւ հայտարարություն՝ իմ պայքարը լուրջ է։

Չեք համոզում, պարոն Հովհաննիսյան։

Սա իմ ու Սերժի պայքարը չէ, սա հին ու նոր Հայաստանի պայքարն է։ Հասկացա։ Տուր ինձ անցման մեխանիզմը, հարգելի պարոն Հովհաննիսյան, եթե պարզ է, որ Սերժ Սարգսյանը, այսինքն՝ հին Հայաստանը, չի ցանկանում Րաֆֆի Հովհաննիսյանին, այսինքն՝ նոր Հայաստանին փոխանցել նախագահական նստավայրի բանալիները։ Ի՞նչ անենք, ազգովի նստենք հացադուլի՞։ Ինքնահրկիզումը, ինքնախարազանումը ազգը չի ընդունում, ի՞նչ անենք, եկեղեցին չի ընդունում, իսկ խարույկ բարձրանալու ժամանակներն էլ անցել են։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031