Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ նախագահի կայքէջում տեղ գտած տեղեկատվությունը տեղադրվեց նաեւ ՀՀ նախագահի կայքում։ Խմբագրված էր միայն ամենակարեւոր հատվածը

Մարտ 13,2013 11:08

Երեկ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո պաշտոնական Կրեմլը հաղորդագրություն տարածեց դրա մասին, որտեղ տեղադրված էր նաեւ Պուտինի ողջույնի խոսքն ուղղված Սերժ Սարգսյանին։ «Մեկ անգամ եւս ցանկանում եմ Ձեզ շնորհավորել համոզիչ հաղթանակի կապակցությամբ՝ ավելի քան 60 տոկոս, դա շատ լավ արդյունք է, որը խոսում է ժողովրդի վստահության մասին և Ձեզ հնարավորություն տալիս իրագործել բոլոր այն ծրագրերը, որոնք Դուք Ձեր առաջ դրել էիք նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- ողջունելով Սարգսյանին՝ ասում է Պուտինը։ Սա ոչ թե ողջույնի խոսքի է նման, այլ ծաղրի, որովհետեւ նախ՝ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ոչ թե ավելի քան 60 տոկոս, այլ նույնիսկ 60 տոկոս ձայն չի ստացել։ Պուտինը բնականաբար տիրապետում է սրան, ինչպես նաեւ տիրապետում է Հայաստանում տեղի ունեցող հետընտրական իրադարձություններին: Բայց նա ոչ միայն չի խոսում դրանց մասին, այլև ճոխացնում է Սարգսյանի ստացած վստահության քվեն։ Միայն տոկոսները մեծացնելը, դեռ ոչինչ, ասենք կարող էր վրիպել, բայց խոսքի շարունակությունը, այն է՝ «դա խոսում է ժողովրդի վստահության մասին եւ հնարավորություն տալիս իրագործել բոլոր այն ծրագրերը…»,- հուշում է, որ վրիպակը հանգամանալից մտածված էր։ Վլադիմիր Պուտինին քիչ է հետաքրքրում, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանն ինչ ծրագրեր է դրել իր առաջ։ Պուտինին հետաքրքրում են այն ծրագրերը, որ ինքն է դրել ՀՀ-ՌԴ հետագա համագործակցության առաջ, եւ ահա նա քաջալերում է Սերժ Սարգսյանին՝ դրանք կատարելու համար։ ՌԴ նախագահը մոտավորապես ասում է, որ կարևոր չէ՝ ինչ է կատարվում Հայաստանում, կարեւոր չէ նույնիսկ որքան ձայն է ՀՀ իշխանական համակարգը հաջողացրել վերագրել Սերժ Սարգսյանին, ինքը կարող է ավելին անել, «ինչքան ուզես, էնքան կխփենք» տրամաբանության մեջ, բայց անհրաժեշտ է, որ Սարգսյանն էլ իրագործի «ծրագրերը»։

Հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունների մեջ ի դեպ խոսք անգամ չկա Մաքսային եւ Եվրասիական միություններին՝ ՀՀ-ի ինտեգրման մասին, կարծես այդ մասին չի էլ խոսվել, չնայած նրան, որ Վլադիմիր Պուտինի որեւէ հանդիպում այդ միությունների պոտենցիալ անդամ հանդիսացող երկրների ղեկավարների հետ չի շրջանցել այդ թեման եւ դա արձանագրվել է հաղորդագրություններում։ Ենթադրվում է, որ այս լռությամբ ռուսական կողմն ուղղակի ժամանակ է տվել Սերժ Սարգսյանին։

Ի դեպ, Սարգսյանի այցից առաջ ակնկալվում էր, որ Պուտինի հետ կքննարկվի հարցերի լայն շրջանակ՝ ոչ միայն եվրասիական միության ստեղծման ուղղությամբ գործընթացները, այլեւ՝ Հայաստանին մատակարարվելիք ռուսական գազի գինը, աբխազական երկաթուղու գործարկումը, Ստեփանակերտի օդանավակայանի բացումը եւ այլն։ Որևէ մեկի վերաբերյալ պաշտոնապես ոչինչ չհաղորդվեց։

Ի դեպ, հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղ գտած տեղեկատվությունը մի քանի ժամ անց թարգմանված տեղադրվեց նաեւ ՀՀ նախագահի կայքում։ Խմբագրված էր միայն ամենակարեւոր հատվածը. Պուտինի խոսքում «ավելի քան 60 տոկոսը» դարձել էր՝ «մոտ 60 տոկոս»:

Աննա Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031