Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթի ընդունման չգործող կետերը եւ մարզպետի ոսկե մեդալը

Մարտ 13,2013 10:43

Դրանց ստեղծման համար մեծ ֆինանսներ են ծախսվել

Վարկային, դրամաշնորհային եւ այլ ծրագրերի միջոցով Տավուշի մարզում ստեղծվել է կաթի հավաքման եւ վերամշակման շուրջ 20 ձեռնարկություն: Դրանց բացարձակ մեծամասնությունն այժմ անգործության է մատնված: Զանգահարեցինք մարզի տարբեր տարածքներում առկա կաթի ընդունման եւ վերամշակման ձեռնարկություններ:

«Էմուլիկ» կաթի սպառողական կոոպերատիվը գործում է Իջեւան քաղաքի մերձակա Գանձաքար գյուղում: Կոոպերատիվի տնօրեն Էմմա Հակոբյանի ամուսին Զարմայիլ Մարդանյանը, ով Գանձաքարի գյուղապետի տեղակալն է, ասաց, որ ներկայումս կոոպերատիվը շատ քիչ ծավալով է կաթ հավաքում, կաթի ընդունման գինը շատ թանկ է, լիտրը` 200 դրամ: Այս ձեռնարկությունն ամիսը 300-400 լ կաթ է ընդունում, դրանից մածուն պատրաստում: Զ. Մարդանյանի խոսքերով՝ իրենք հույս ունեն, որ գարնան սեզոնի հետ կավելացնեն կաթի ընդունման քանակը, նաեւ նպատակ ունեն օգտվել Համաշխարհային բանկի գյուղատնտեսական ծրագրերից:

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում գործում է «Վարդաշեն» կաթի սպառողական կոոպերատիվը: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ այն ստեղծվել է 3 տարի առաջ,կոոպերատիվն աշխատել է ընդամենը 15 օր, եւ փակվել, որովհետեւ լիտրը 250 դրամով կաթ հավաքելը տնտեսապես ձեռնտու չէ:

Տարբեր ծրագրերով կաթի ընդունման կետեր են ստեղծվել Բերդի տարածաշրջանի Նավուր, Վարագավան, Նորաշեն,Տավուշ գյուղերում, սակայն դրանք բոլորն էլ անգործության են մատնված:

Նոյեմբերյան քաղաքում գործում է «Արշալույս Իսրայելյան» ՍՊԸ-ն, որը ֆերմերներից հավաքած կաթից պանիր է պատրաստում, իրացնում Նոյեմբերյանում եւ Երեւանում: Ձեռնարկության սեփականատեր Արշալույս Իսրայելյանը հայտնեց, որ ներկայումս բնակչությունից կաթ չեն ընդունում, առաջիկայում կսկսեն կաթի հավաքումը Ոսկեպար, Բաղանիս, Դովեղ գյուղերում, քիչ չափով՝ նաեւ Նոյեմբերյան քաղաքում,լիտրը՝ 150 դրամով: Ա. Իսրայելյանն ասաց, որ նախատեսում են հավաքած կաթից ոչ միայն պանիր, այլեւ՝ մածուն պատրաստել:

2008թ. Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծվեց կաթի ընդունման կետ: Այն Ազատամուտի եւ հարեւան համայնքների ֆերմերներից հավաքած կաթը հանձնում էր «Աշտարակ կաթ» ընկերությանը: Մի քանի ամիս աշխատելուց ընդունման կետը փակվեց:

2012 թ. դեկտեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանում մամուլի ասուլիս է ունեցել, որի ժամանակ ներկայացրել է գյուղատնտեսական տարվա արդյունքները, ձեռքբերումները: Տավուշցի լրագրողները մարզպետին հարցեր են ուղղել գյուղատնտեսական խնդիրների՝ այդ թվում մարզում հիմնված, սակայն չգործող կաթի ընդունման կետերի մասին:

Հավելենք, որ 2012թ. հոկտեմբերի 21-ին գյուղատնտեսական աշխատողի օրվա եւ գյուղատնտեսության ոլորտում հաջողությունների կապակցությամբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը 5 մարզպետների՝ այդ թվում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին պարգեւատրել է գյուղնախարարության ոսկե մեդալով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031