Սյունիքի մարզում գործում է 3 տոհմային տնտեսություն: Անցած տարվա ընթացքում կատարվել է 3300 գլուխ խոշոր եղջերավոր անասունների արհեստական սերմնավորում, իսկ դրան նախորդող տարում` 1600 գլուխ: Բացի խոշոր եղջերավոր անասուններից Սյունիքում արհեստական սերմնավորվել է նաեւ 70 գլուխ խոզ:
Մարզում արհեստական սերմնավորման կայանների ստեղծման ծրագրին օժանդակել են մի շարք կազմակերպություններ:
«2012թ.-ին «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» ՄԲԿ-ի կողմից կատարվել է 4,5 մլն դրամի չափով ներդրում, սոցիալապես անապահով ընտանիքներին օժանդակելու նպատակով տրամադրվել է գյուղատնտեսական կենդանիներ, որի ընդհանուր գումարը կազմել է 9մլն դրամ: «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ կողմից մարզում «Անասնապահության զարգացման ծրագիր Սյունիքի մարզում» նախագծի շրջանակներում իրականացվել է 8 միջոցառում` 195 մլն դրամ գումարով», – գյուղատնտեսության ոլորտում 2012թ.-ին կատարված աշխատանքներն ամփոփելիս` նշեց Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը:
Գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքների եւ ձեռքբերումներից զատ, առկա են նաեւ մի շարք դժվարություններ ու խնդիրներ, այդ թվում` գյուղտեխնիկայի մաշվածությունը: Ըստ պատասխանատուի` գյուղատնտեսական տեխնիկան հիմնականում մաշված է, հիմնախնդիր է նոր տեխնիկայով համալրումը և առկա հավաքակազմի արդիականացումը:
Կարդացեք նաև
Ի տարբերություն Դավիթ Բեկ, Կաղնուտ, Վ.Խոտանան, Տաթև, Ակներ, Խոզնավար, Վաղատուր, Վերիշեն, Խնածախ, Խնձորեսկ, Հարժիս, Շուռնուխ եւ եւս մի քանի համայնքների, որտեղ Զանգեզուրի պղնձամոլբդենային կոմբինատի կողմից 2012 թվականին տրամադրվել է գյուղտեխնիկա (համաֆինանսավորում), մարզի մյուս բազմաթիվ գյուղերում դեռեւս շարունակում է լուրջ մնալ գյուղատնտեսական տեխնիկայի բացակայության հարցը: Այդ համայնքներում գյուղացիները ստիպված են լինում կամ անմշակ թողնել հողակտորները, կամ ձեռքով իրականացնել, կամ էլ այլ համայնքներից տեխնիկա վարձակալել եւ իրենց հնարավորության սահմաններում իրականացնել այդ աշխատանքները` ամեն անգամ բախվելով բազմաթիվ դժվարությունների:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ