Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենակ Դովլաթյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկելու է իր քայլերը (տեսանյութ)

Մարտ 12,2013 22:01

Նա գտնում է, որ հացադուլի պատճառով իշխանությունները դժվար թե լուրջ զիջումների գնան:

Նախկին ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանն այսօր երեկոյան Ազատության հրապարակում էր: Նա եկել էր առաջարկ անելու Րաֆֆի Հովհաննիսյանին: Թե կոնկրետ ինչ քայլեր է առաջարկելու՝ չհրապարակեց՝ վստահեցնելով, որ դա էթիկապես ճիշտ չէ: Նախ պետք է խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, եթե ինքը կընդունի, նոր կհրապարակի, հակառակ դեպքում անիմաստ է ասել. «Նախագահական  ընտրություններին ինքն է մասնակցել, ինքն է թեկնածուն եղել եւ փաստացի ինքն է ընտրվել: Ինքը պետք է որոշում կայացնի»:

Ինչ վերաբերում է հացադուլին, Արմենակ Դովլաթյանը գտնում է, որ այն ցանկալի չէ. «Առավել եւս՝ նման իշխանությունների դեպքում, որոնք հաշվի չեն առնում որեւէ բան»:

Նա կարծում է, որ դժվար թե իշխանությունը լուրջ զիջումների գնա. «Նայած ինչ կանեն: Հնարավոր է առաջարկեն մի քանի նախարարական տեղեր, մարզպետների տեղեր կամ այլ պաշտոններ: Նմանատիպ զիջումներ եւ առաջարկություններ կարող է լինեն: Բայց դա խնդրի լուծում չի, բոլորս էլ հասկանում ենք: Այլ բան է, եթե ընդդիմադիր կամ ոչ իշխանական ամբողջ դաշտը, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն բոլորը եթե հրաժարվեն մանդատներից, դա կլինի քաղաքական լուրջ ճնշում»:

Մեր դիտարկմանը՝ ԲՀԿ-ին է՞լ եք համարում ընդդիմադիր, նա պատասխանեց. «Եթե իրենք գնան այդ քայլին, կդառնան ընդդիմադիր կեցվածքով ուժ եւ ցույց կտան իրենց դիրքորոշումը՝ կոնկրետ հարցի նկատմամբ: Այդ ժամանակ բավականին լուրջ քաղաքական  ճգնաժամի առաջ կկանգնեն ներկա իշխանությունները: Դա լուրջ քաղաքական քայլ կլինի»:

Հարցին՝ նախկին կոնգրեսականներն ինչո՞ւ այսօր այստեղ չեն՝ նկատի ունենալով Լեւոն Տեր-Պետրոսյանին, Լեւոն Զուրաբյանին, ՀՀՇ-ի թիմին՝ նա պատասխանեց. «Թիմի համար չեմ կարող ասել, ես կարող եմ ասել մեր կուսակցության անունից: Միշտ էլ մասնակցել եմ ես նման  պրոցեսներին, այլ կուսակցության փոխարեն պատասխան չեմ կարող տալ»:

Մեր հարցին՝ ի՞նչն է խանգարում ընդհանուր ընդդիմադիր դաշտին համախմբվել՝ ամբիցիանե՞րն են բարձր, նա պատասխանեց. «Տարբեր մոտեցումներ կան, մարդկային, անձնական խնդիրներ կան: Ամեն մեկն իր համար պետք է լուծի: Ես չեմ կարող Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Լեւոն Զուրաբյանի փոխարեն ասել, թե իրենք ինչու չեն քայլեր կատարում, առավել եւս, որ հիմա իրենց մոտ վերակազմավորում է, անվանափոխության  նման պրոցես կա, դա պետք է ձեւավորվի, որից հետո իրենք կակտիվանան ավելի, տեսնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ռաֆֆիի Հովհանիսյանը մեկն է,՝ խորհրդատուները միլիոնից ավել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031