Սահմանադրական դատարանում վաղը առավոտյան ժամը 10-ին կշարունակվի ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆի Հովհաննիսյանի եւ Անդրեաա Ղուկասյանի դիմումների քննությունը, որոնք կապված են այս տարվա փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի հետ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի ելույթից հետո նրան հարցեր ուղղեցին Ր.Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Կարեն Մեժլումյանը, Զարուհի Փոստանջյանը:
Մասնավորապես, Զարուհի Փոստանջյանին հետաքրքրում էր, թե ինչպես են դիտորդական առաքելություն իրականացնում օտարերկրացի դիտորդները, որքան կազմակերպություններ են դիմել այդ կապակցությամբ, արդյոք Տիգրան Մուկուչյանը տեղյա՞կ է, որ օտարերկրյա դիտորդական կազմակերպության անվան տակ գործել է ՀՀ-ում գործող Հանրապետական կուսակցության անդամ Էդգար Հակոբյանի «Ազատ հասարակություն» կազմակերպությունը, եւ ի՞նչ քայլեր պիտի անի ԿԸՀ-ն՝ դիտորդական առաքելությունից նրանց զրկելու համար:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ինքը չի կարող պարզաբանել, թե որեւէ օտարալեզու քաղաքացու ով է հրավիրել:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանին հետաքրքրում էր, թե կաշկանդվա՞ծ է արդյոք ԿԸՀ նախագահը, քանի որ Սերժ Սարգսյանն է իրեն նշանակել, արդյոք, կաշկանդվա՞ծ է Սերժ Սարգսյանին «խփելով», ընտրական թվեր «խփելով» (նկատի ուներ փետրվարի 9-ին Գյումրիում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Ինչքան ուզենք, կխփենք»), Տիգրան Մուկուչյանն ասաց.«Գնայիք, վիճարկեիք դատական կարգով»:
Իսկ այն հարցին, թե տեղյա՞կ է, որ Գեղարքունիքի մարզի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր այն աշխատակիցներին, ովքեր «ճիշտ են կողմնորոշվել» եւ ապահովել են ընտրություններում բարձր ցուցանիշները:
Տիգրան Մուկուչյանը խոստովանեց, որ հրապարակումից հետո տեղեկացավ եւ որ Կենտրոնական ընտրականն էլ «գլավլիտը» չէ, եւ չի կարող մեկնաբանել, թե ով ինչ է ասել:
Կարճ ժամանակով դատական նիստերի դահլիճ եկան ճանաչված փաստաբան Վահե Գրիգորյանը, որն ի դեպ, ընտրությունների արդյունքներ է վիճարկել Սահմանադրական դատարանում՝ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչը լինելով, «Ժառանգություն» կուսակցությունից Ստեփան Սաֆարյանը, եւ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները:
Դատական նիստերի դահլիճի դիմաց այսօր երկրորդ անգամ միջադեպ գրանցվեց. եթե առաջին անգամ մի երիտասարդ փորձեց վիրավորել Տիգրան Մուկուչյանին, ապա երկրորդ անգամ նա փորձեց մոտենալ եւ դատական համակարգի դեմ ուղղված ր զայրույթն ուղղել Հրայր Թովմասյանին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ