Նա գտնում է, որ ընդդիմադիրները պետք է մանդատներն իսկապես վայր դնեն:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 3 քայլ է առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հացադուլը, որն արդեն սկսել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդդիմադիր պատգամավորների մանդատների վայր դնելը եւ ուրբաթ օրը հնարավորինս շատ մարդ հավաքելը:
Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատասխանել Արամ Սարգսյանին եւ իր դիտարկմամբ՝ ի՞նչ կտա այս պայքարին մանդատները վայր դնելը: Նա պատասխանեց, որ Արամ Սարգսյանն էլ Մեծ պահքի մեջ է, եւ դա էլ է նրան հնարավորություն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր գնահատել. «Ինքը ինձ տեղյակ պահեց դրա մասին: Առաջին կետն արդեն կատարվել է, երրորդը՝ ուրբաթ օրը կտեսենք, թե քանի հոգի է հավաքված: Մենք ոչխարի հոտ չենք, որ մեզ գլխաքանակով հաշվեն: Մենք ամեն տեղ ենք: Ինչ վերաբերում է երկրորդ կետին՝ որպես առաջարկ, հայեցակետ, ինձ համար ընդունելի է, եթե բոլոր խմբակցությունները դուրս գան, որովհետեւ շատ շուտով պիտի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ նրանք, ովքեր փոքրամասնության մեջ են, պիտի դառան մեծամասնություն»: Իսկ թե դա ինչ կտա պայքարին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «Մենք արդեն համալիր լուծումների ենք գնում եւ դա կլինի ոչ շատ ուշ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ այս անգամ սպասո՞ւմ եք Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ նախորդ հացադուլի ժամանակ սպասում էիք, Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղեց. «Ես ոչ մի հացադուլի ժամանակ չեմ սպասել որեւէ մեկին: Ով եկել է, եկել է կամովի: Ոչ մեկը պարտադիր չի եկել: Եկել է մի պահ, երբ Սողոմոն Թեհլերյանի տարեդարձին ես եկա դրոշով, մի քանի օր անց հրապարակ մտան մյուս գործընկերները, ակնկալիք կար, որ կլինի ձեռքսեղմում: Դա չկայացավ, բայց դա չի նշանակում, որ սպասում էի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ