Պայմանը սա է՝ պետք է տրվի համազգային տագնապի հստակ լուծում
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ ուղերձ ունի նախագահ Սերժ Սարգսյանին, որը պետք է հանդիպի Վլադիմիր Պուտինին: Նա պատասխանեց. «Ես պարոն Սարգսյանին ուղերձ չունեմ: Միակ ասելիքս, որ ասացի վերջին անգամ, իրեն կընդունեմ Ազատության հրապարակում՝ իր հարմար ձեւաչափում՝ բաց եւ փակ: Իմ ասելիքը ես ներկայացրի, մերժվեց, ինչպես գիտեք, պատրաստակամություն հայտնեցի նորից գնալ գրասենյակ մինչեւ այս հանգրվանին հասնելը, հիմա ես կոչ եմ անում գալ հրապարակ՝ կամ հրապարակային, կամ մասնավորություն քննության առնել մեր հիմնախնդիրները: Անկախ նրանից՝ ով ինչպես քվեարկեց փետրվարի 18-ին կամ չքվեարկեց, արդեն մենք պետք է սիրով հաղթահարենք»:
Նա նշեց, որ դեմ է մաքսային միությանը, ինչպես նաեւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է երկկողմանի ամուր հարաբերություններ ունենա նրանց հետ: Ըստ նրա, շատ ավելի կարեւոր է, քան Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ՆԱՏՕ-ին, շատ ավելի կարեւոր է, որ մենք դառնանք ռազմավարական հաղորդակցության մի ցանց՝ համաշխարհային եւ թույլ տան, որ մենք դառնանք որպես քաղաքակրթությունների խաչմերուկ այն տեղը, որտեղ ոչ թե հակամարտությունների, այլ երկխոսությունների տեղ է: Այսինքն՝ Հայաստանը պետք է դիտորդի կարգավիճակում հետեւի միությունների գործընթացներին:
Հարցին՝ ՀՀԿ-ականները չեն բացառում, որ Սերժ Սարգսյանը կգա հրապարակ, եթե եկավ, դուրս կգա՞ք հացադուլից՝ նա պատասխանեց, որ կողջունի, եթե նա գա հրապարակ եւ կողջունի, եթե այդ ընթացքում կամ դրանից առաջ ՍԴ-ն արդար, իրավական վճիռ կայացնի. «Ես հավատում եմ, որ մարդը կարող է ուղղվի, կարող է մաքրվի, եւ կարծում եմ, որ ՍԴ-ն ունի եզակի, եթե ոչ վերջին հնարավորություն՝ իր հետագիծը մաքրելու եւ ներկայացնելու իրական պատկերը փետրվարի 18-ի: Հույս ունեմ, որ նախադեպային վճիռ կհրապարակվի: Երկրորդը՝ սիրով կլսեմ պարոն Սարգսյանի հանգուցալուծման առաջարկները, որովհետեւ մնացածները ես եմ արել եւ այլեւս ավելացնելիք չունեմ: Եթե կամ դատարանից կամ պարոն Սարգսյանից ստանամ այդ երաշխավորված լուծումը, որը կներկայացնեմ ժողովրդին, որը թույլ կտա ճանաչելով ժողովրդի սահմանադրական իշխանությունը, հանգուցալուծում գտնել այս համազգային տագնապին, իհարկե, կդիտարկեմ հացադուլից դուրս գալու հնարավորությունը: Իսկ եթե ոչ մեկը չեղավ, ոչ մյուսը, իսկ մինչեւ ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ուժը չգտավ ինքնաբացարկի գնալ, ուրեմն կրկնում եմ, որ այսպես թե այնպես մենք միասին կտոնենք թե որակով, թե քանակով համազգային տարողությամբ նոր Հայաստանի երդմնակալությունը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ