Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանն իր վրդովմունքը հայտնեց Խոջալուի վերաբերյալ ընդունած բանաձեւի առնչությամբ

Մարտ 12,2013 17:15

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մարտի 12-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան եւ ՉՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը:

Հանդիպման ընթացքում Նաիրա Զոհրաբյանն իր վրդովմունքը հայտնեց փետրվարի 7-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Խոջալուի վերաբերյալ ընդունած բանաձեւի առնչությամբ: «Ցավում եմ, որ Չեխիայի խորհրդարանի այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել այս անհեթեթությանը, ուղղակիորեն ընկել են թուրքաադրբեջանական նավթադոլարային եւ խավիարային քարոզչության ազդեցության տակ»,- ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց Խոջալուին առնչվող դեպքերում առնվազն խորհրդակցել չեխ լրագրող Դանա Մազալովայի հետ, ով կարող է օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել կատարվածի իրական կազմակերպիչների եւ պատասխանատուների մասին:

Ըստ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի՝ հասկանալի է, որ Չեխիա ներկրվող նավթի 25 տոկոսը Ադրբեջանից է, եւ Չեխիան Ադրբեջանի հետ կապված ունի որոշակի էներգետիկ շահեր: Այդուամենայնիվ, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, «եթե ցանկանում ենք իրապես ունենալ եվրոպական ընտանիք, ապա պետք է ուղղակիորեն թույլ չտալ, որ նման խայտառակ բանաձեւեր ընդունվեն Եվրամիության անդամ երկրի խորհրդարանում»:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրին: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ շատ կարեւոր է, որ Եվրամիության վերաբերմունքը հարավկովկասյան երկրների հանդեպ չլինի որպես մեկ միավորի, այլ յուրաքանչյուր երկրի առաջընթացը գնահատվի առանձին: Այս առումով նա կարեւորեց աշնանը Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը՝ նշելով, որ բավականին առաջընթաց արձանագրվել է Ասոցացման համաձայնագրի բանակցություններում, սակայն որպես եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իր համար շատ կարեւոր է, որ Եվրամիությունը դրական ներգործություն ունենա Հայաստանում հետեւողականորեն բարեփոխումներ իրականացնելու գործում:

Կողմերն անդրադարձան նաեւ մայիսի 5-ին նախատեսված Երեւանի ավագանու ընտրություններին, քննարկեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

ՀՀ Ազգային ժողով 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031