Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր դրոշի տակ հանդես եկող իրանցի ըմբշամարտիկը ազատամարտիկ կնոջ մատը կծել է, որ նրանից ազատվի

Մարտ 12,2013 16:14

Իրանի քաղաքացի Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դովլաթխահ Լաին, որը մեղադրվում է Հանրապետության հրապարակում մեր երկրի քաղաքացի Ժաննա Զաքարյանին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ , այսօր Կենտրոն եւ Նորք -Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստից հետո հրաժարվեց Aravot.am-ի հարցերին պատասխանել` պատճառաբանելով, որ հարմար չի գտնում այդ թեմայով խոսել: Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահին Հայաստանի դրոշի տակ հանդես եկող ըմբշամարտիկ է եւ միջազգային ասպարեզում ներկայացնում է մեր երկիրը:

Երկու երկրների քաղաքացիների միջեւ միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարի ամռանը` հուլիսի 31-ին, գիշերվա ժամը 1-ին: Ժաննա Զաքարյանը հրապարակում սպասելիս է եղել Իրանից ժամանող զբոսաշրջիկների ընտանիքին, իսկ Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահին եղբոր հետ Հանրապետության հրապարակ է եկել Իրանից ժամանող սեփական հյուրերին դիմավորելու եւ իրենց բնակարան տանելու համար: Ժաննա Զաքարյանը, որը բնակարանները վարձով տվող միջնորդ է աշխատում եւ գործ է ունենում նաեւ Իրանի քաղաքացիների հետ, մեզ հետ զրույցում ասաց, որ Աբոլֆազլ Ղոլամն ու նրա եղբայրը վիճաբանություն են սկսել, հայհոյել եւ ագրեսիվ պահվածքով պահանջել Ժաննայից` «դավայ լինի հրապարակից»:

Մեզ հետ զրույցում Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահինի պաշտպան Արթուր Ալիխանյանն ասաց, որ մինչ իր պաշտպանյալի ժամանումը, Ժաննան մոտեցել է Աբոլֆազլ Ղոլամի հյուրերին եւ վարձով բնակարան առաջարկել, ինչից իրանցի հյուրերը հրաժարվել են:

Ըստ Արթուր Ալիխանյանի, հետագայում այդ մարդիկ եւս գրավոր հայտնել են, որ Երեւան ժամանելուն պես մի տհաճ իրավիճակի մեջ են ընկել: Պատմել են, որ Ժաննայի ծառայություններից հրաժարվելուց հետո եկել են իրենց դիմավորող Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահին եւ նրա եղբայրը, որ իրենց տուն ուղեկցեն եւ տեսնելով, որ Ժաննան է նրանց տուն առաջարկում, հենց այդ ժամանակ էլ սկսվել է վիճաբանությունը:

Մեզ հետ զրույցում Ժաննա Զաքարյանը պնդում է, որ ինքը միանգամայն այլ մարդկանց է սպասելիս եղել, մի իրանցի ընտանիքի, որը նախապես պայմանավորված է եղել Ժաննայի հետ եւ Աբոլֆազլ Ղոլամին հարձակվել է իր վրա ու ծեծել:

Այսօր դատական նիստում Ժ. Զաքարյանը միջնորդություն է ներկայացրել հեռախոսազանգերի վերծանումները հանել, քանի որ կասկածներ կան, որ Աբոլֆազլ Ղոլամի հյուրերին բերող հայ վարորդն է զանգահարել Ժաննա Զաքարյանին` հայտնելով, որ իրանցի զբոսաշրջիկներ է բերում: Տիկին Զաքարյանը պնդել է, որ ինքն այդ տաքսու վարորդին երբեւէ չի զանգել, չի ճանաչում, ոչ էլ վարորդն է իրեն նման հարցով զանգել:

Աբոլֆազլ Ղոլամիի հյուրերն իրենց գրած հայտարարության մեջ նաեւ հայտնել էին, որ վիճաբանության ժամանակ դանակ են տեսել, սակայն հստակ չէին կարողացել ասել, թե ում ձեռքին: Դատական նիստերից մեկում այս հարցը նույնպես քննարկվել էր: Պաշտպան Ալիխանյանի խոսքերով, ուշագրավ է, որ դանակի մասով ոստիկանության քննիչը քննություն չի արել. «Բայց բազմակողմանիության, օբյեկտիվության համար պետք է ճշտեր, չէ,՞ քննիչը»:

Պաշտպանի խոսքերով, տուժող Ժ. Զաքարյանը «չափից ավելի ցուցմունքներ է տալիս, որը իրականությանը չի համապատասխանում»: Ըստ նրա. «Դատարանում ինքն ասում է, որ իմ պաշտպանյալը հարվածել է իր ոտքերին, ձեռքերին, գլխին որովայնին, բայց դատաբժշկական եզրակացության մեջ հստակ երեւում է, որ նման վնասվածքներ չկան, ուղղակի մարմնական վնասվածքը մատը կծելու հետեւանքն է, որ ցանկացել է իմ պաշտպանյալը հեռանա դեպքի վայրից, բայց տուժողը թույլ չի տվել»:

Ըստ Արթուր Ալիխանյանի, Ժաննա Զաքարյանը տաքսու շարժը կանգնեցնելու համար մյուս ձեռքով կախվել է առջեւի աջ կողմի դիմապակուց եւ սկսել է ճանկռել Աբոլֆազլ Ղոլամին, որը ազատվելու համար տիկնոջից, նրա մատը կծել է. «Ինչը որ ամրագրված է դատաբժշկական եզրակացության մեջ եւ եթե այլ վնասվածքներ լիներ, ապա դրանք էլ եզրակացության մեջ կլինեին»:

Այս գործով արդեն 4-5 դատական նիստ եղել է` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Հարցաքննվել են մի քանի վկաները, ոստիկանները, ինչպես նաեւ մեղադրյալ Աբոլֆազլ Ղոլամին:
Ժաննա Զաքարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ամենաշատը վիրավորվել է նրանից, որ Աբոլֆազլ Ղոլամին վիճաբանության ժամանակ ասել էր. «Լավ են արել թուրքերը, որ ձեզ մորթել են, պետք է ձեր քոքը լրիվ կտրվի»:
Պաշտպանի խոսքերով, Աբոլֆազլ Ղոլամին իր ներդրումն ունի մեր երկրի սպորտի ասպարեզում, ինչի վկայությունն են սպորտում ունեցած հաջողությունների համար նրան շնորհված դիպլոմներն ու պատվոգրերը: Աբոլֆազլ Ղոլամին Ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից պարգեւատրվել է 2-րդ հուշամրցաշարի ազատ ոճի ըմբշամարտի դիպլոմով: Ուստի պաշտպանը գտնում է, որ իրանցի երիտասարդը, որը մեր երկիրն է ներկայացնում դրսում, չէր կարող հայ ժողովրդի հասցեին հայհոյանքներ տալ ու անհարգալից արտահայտություններ անել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031