Լրահոս
Օրվա լրահոսը

Հակասություններ ու անհետեւողականություն՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ծրագրերի իրականացման հարցում

Մարտ 12,2013 15:37

«Անցած գումարման խորհրդարանի ժամանակ գործ ունեինք  կոնկրետ ծրագրերի եւ դրանց կատարողականի անհամատեղելիության հետ, այս գումարման խորհրդարանի դեպքում գործ ունենք անորոշության հետ: Մասնավորապես  ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի նախընտրական ծրագրերը նախորդի համեմատ բավականին անորոշություն են պարունակում, եւ սա թույլ չի տալիս չափել նրանց ծրագրային մոտեցումների կատարողականը»,- այսօր «Մեդիա » կենտրոնում  ասաց «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը` ներկայացնելով 5-րդ գումարման ԱԺ գործունեության իրենց վերլուծությունները:

Նրա խոսքերով, կոնկրետ են ՀՀԿ-ի այն ծրագրային դրույթները, որոնք մնացել են նախորդ գումարման ԱԺ ծրագրերից: Մոնիթորինգի խումբը պարզել է, որ  ՀՀԿ-ի ներկայացրած ծրագրերից ու գործողություններից հակասություններ կան  էթիկայի հանձնաժողովի հետ կապված. «Ծրագրում նշվել է, որ կուսակցությունը հետամուտ է լինելու հանձնաժողովի կայացմանը, ամրապնդմանը, բայց հետագայում ԱԺ կանոնակարգով  ներկայացված նախագծերի ժամանակ նկատվել է, որ հանձնաժողովը ցանկանում են քաղաքականացնել»:

ԲՀԿ-ին անդրադառնալով`  մոնիթորինգի խմբի փորձագետ Գ. Աբրահամյանն ասաց, որ  նկատվել է որոշակի անհետեւողականություն նախկին խորհրդարանից եկող ծրագրերը կյանքի կոչելու առումով: Մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգի եւ եկամտային հարկի  ներդրման դեպքում: Պարոն Աբրահամյանի դիտարկմամբ, կուսակցությունը, երբ դեռ կոալիցիա էր,  կիսում էր սոցիալական ոլորտի պատասխանատվությունը իշխանությունների հետ. «Բայց այժմ ավելի խուսափողական կեցվածք է դրսեւորել»:

ՕԵԿ-ի պարագայում, մոնիթորինգի խումբը արձանագրել է համահունչ ներդաշնակություն կառավարության հետ:  ՕԵԿ-ի որոշ նախաձեռնություններ, որոնք նախորդ խորհրդարանից տեղափոխվել են այս գումարման խորհրդարան, ՕԵԿ-ի կողմից  բավարար հետեւողականություն չի ցուցաբերվել այդ նախագծերը առաջ մղելու առումով. «Նկատելի է` այդ ծրագրային մոտեցումներից բխող օրենսդրական նախաձեռնությունները կոալիցիոն պարտավորություններին զոհաբերելու միտում»:

Պարոն Աբրահամյանի խոսքերով, զարմանալի է` «Ժառանգությունը» ,  բոլոր հիմնական խնդիրներին, առաջնահերթություններին  անդրադառնալով, կենսաթոշակային համակարգի հետ կապված որեւէ դրույթ չունի :

Պարոն Աբրահամյանը  ռոմատիկ մոտեցումներ է նկատում ոչ միայն «Ժառանգության», այլեւ ՀՅԴ-ի  ծրագրային որոշ դրույթներում: Ըստ նրա,   նախատեսված որոշ դրույթներում  այնքան էլ հիմնավորված չեն  երեւում, թե կուսակցություններն ինչպես են նախատեսում դրանք իրագործել, օրինակ  նվազագույն աշխատավարձի կամ  կենսաթոշակի սահմանմանը եւ առանձին ոլորտներին վերաբերող այլ առաջարկներում:

«Կա այդպիսի մի տենդենց ՀՅԴ-ի ծրագրի պարագայում. Օրինակ  200.00 աշխատատեղ ստեղծելու մոտեցման դեպքում  չի երեւում այն  ամբողջ ենթահամակարգը, որի միջոցով սա կարելի է իրատեսական համարել: Մնացած բոլոր առումներով «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն գործել են իրենց ծրագրային մոտեցումների դաշտում»:

ՀԱԿ-ի մասով  էլ պարոն Աբրահամյանն ասաց, որ նկատելի է` ԱԺ  քննարկումների ժամանակ ՀԱԿ պատգամավորները կենտրոնում  են ոչ այնքան բովանդակային քննարկումների, որքան քաղաքականացնելու, ինչ-որ տեղ հակադրվելու մոտեցումների վրա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031