Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի 3-րդ օրը Ազատության հրապարակում (Տեսանյութ)

Մարտ 12,2013 15:26

Արդեն 3-րդն օրն է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում Ազատության հրապարակում: Նա այս գիշեր , չնայած տեղումներին, անցկացրել է առանց վրանի, քանի որ քաղաքապետարանը թույլ չի տվել «Ժառանգությանը» տարածքում վրան տեղադրել՝ պատճառաբանելով, թե պատմամշակութային շինություն է:

PrevPhoto
NextPhoto

Այսօր վաղ առավոտից Րաֆֆի Հովհաննիսյանին են մոտենում տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ, երեխաներ, սեղմում են նրա ձեռքը ու ողջունում: Ոմանք՝ հատկապես կանայք խնդրում են հաց ուտել:

4-5 տարեկան Նիկոլայն ու Վիկտորը խնդրել էին ծնողներին, որ տարեք մեզ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ծանոթանալու: Հավաքվածների մեջ ով շնորհք ունի, փորձում է դա ցույց տալ եւ իր զորակցությունն այդպես հայտնել. մարդիկ երգում են ժողովրդական, ազատագրական պայքարի երգեր եւ զբաղեցնում եւ ոգեւորում Րաֆֆի Հովհաննիսյանին:

Ժամանակ առ ժամանակ պարոն Հովհաննիսյանն ինքն է վեր կենում եւ շրջում տարածքում: Aravot.am-ի դիտարկմանը, որ այդպես էներգիա կկորցնեք՝ անընդհատ քայլելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ մարդկանց հանդիպելով, քայլելով՝ հոգեկան լիցք է ստանում, թեեւ էներգիա է ծախսում:

Արդեն Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին բազմաթիվ նամակներ էին կուտակվել՝ քաղաքացիներից: Նրա համար բերել էին նաեւ Աստվածաշունչ:

Պապիկները երբեմն խորանալով քաղաքականության մեջ՝ սկսում էին թունդ բանավիճել: Մեկն ասում էր՝ «հեսա իշխանությունները հանձնվելու են», մյուսը՝ թե «խելքիդ ձուն գա, իշխանություն կա՞, որ հանձնվի»: Քննարկելով Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան սպասվելիք հանդիպումը՝ մի մարդ վստահեցրեց, որ թուրքը մեր թշնամին է, բայց ռուսը մեզ դավաճանեց: Զրուցակիցը չհամաձայնեց. «Առաջին դավաճանն ո՞վ էր, որ մտավ խորհրդարան, էդ գոզալ մարդկանց վերացրեց: Այ էդ լիդերներն էին: Մեկը հենց ինքն ա, մեկն էլ Քոչարյանն ա: Էսի կառավարությո՞ւն ա, Սերժը կառավարությո՞ւն ա: Ասում ա՝ 5 տարի էլ նստեմ, որ իմ Սերժիկ թոռնիկս վայելի: Բա ո՜նց, ուրեմն էս ամբողջ հայ ժողովուրդը կոտորվեն, ինքը որ մի հատ տղա թոռնիկ ա ունեցել…»:

Նկատենք, որ հավաքված մարդկանց մեջ երբեմն լինում էին հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող, նյարդային, անհավասարակշիռ մարդիկ, եւ ոստիկանները հենց կենտրոնանում էին նրանց վրա:

Քիչ առաջ տեսնելով տարածքում չխոսող եւ ուղղակի ձայներով անհամաձայնության կոչ անող մի մարդու, ոստիկաններն անմիջապես շրջապատեցին նրան ու սկսեցին տեսանկարահանել իրենց վրա մատ թափ տվող եւ հարձակողական ժեստեր անող հիվանդ մարդուն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031