Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող Մոնղոլիայի առողջապահության նախարարությունն այն կարծիքին է, որ դա հնարավորություն կտա զարգացնելու համապարփակ ապացույցների վրա հիմնված քաղաքականություն և իրականացնելու առողջության առաջնային պահպանման ռազմավարության բարեփոխումներ:
Ընդունելով Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդհանուր գծերով ներկայացրեց անկախացումից հետո առողջապահական համակարգում իրականացված բարեփոխումները։ Ընդգծելով առողջության առաջնային օղակի կարևորությունը` փոխնախարարն անդրադարձավ ընտանեկան բժշկության ներդրման ուղղությամբ իրականացված քայլերին և այդ ինստիտուտի գործարկմանը։
Սերգեյ Խաչատրյանը վստահեցրեց, որ նախարարությունը պատրաստակամ է ներկայացնելու ընտանեկան բժշկության կայացման մեր երկրի փորձը և նպաստելու, որ Մոնղոլիայի պատվիրակության այցն արդյունավետ լինի։
Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Բաասայ Բուլգանչիմեգը նշեց, որ իրենք տեղեկացված են, որ վերջին տարիների ընթացքում ընտանեկան բժշկությունը Հայաստանում կայացել է, և այս ոլորտում հայ մասնագետների փորձը լավագույնն է տարածաշրջանի երկրներում։
Կարդացեք նաև
Այնուհետև Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակությունը և ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն անցակցրեցին աշխատանքային քննարկումներ։
Պատվիրակության անդամները կայցելեն հանրապետության տարբեր մարզերում գործող ընտանեկան բժշկության գրասենյակներ, կուսումնասիրեն տրամադրվող ծառայությունների մատուցմանը, դրանց որակի հսկողությանը վերաբերող, ինչպես նաև կազմակերպչական, ֆինանսական և այլ հարցեր։
ՀՀ առողջապահության նախարարություն