«Մի մոմենտ եկան, 1-2 ամիս առաջ, ասեցին, որ Թորոսյանը պետք է մասնակցի նիստերին, հետո ինքն էլ չմասնակցեց»:
Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը 3 օր առաջ վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետն է ճանաչվել, նա ունի մեծ ծրագրեր, եւ նոր քաղաքապետի պաշտոնում Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ, ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը կրկին Տարոն Մարգարյանին է տեսնում: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց տիկին Նահապետյանը:
Խոսելով մայիսի 5-ին ավագանու ընտրությունների մասին, տիկին Նահապետյանն ասաց, որ դա ընդամենը համայնքային ընտրություններ են` ոչ նախագահի, ոչ Ազգային ժողովի ընտրություններ են, ոչ թոշակի բարձրացում է, ոչ հայ-թուրքական հարաբերություններ են, այլ մայրաքաղաքի զարգացման խնդիրն է:
Հարցին, թե 2009-ին ՀԱԿ-ի ինքնաբացարկն ինչպե՞ս անդրադարձավ Երեւանի ավագանու աշխատանքի վրա, արդյոք պատկերն այլ կլիներ որոշումներ կայացնելուց եւ ՀԱԿ-ը մասնակցեր դրան, Երեւանի ավագանու հանրապետական անդամն ասաց. «Մենք անհամբեր սպասում էինք իրենց ներկայությանը, մի մոմենտ եկան, 1-2 ամիս առաջ, ասեցին, որ Թորոսյանը պետք է մասնակցի նիստերին, հետո ինքն էլ չմասնակցեց: Ես ասեմ` Երեւան քաղաքը դա տնտեսություն է, իհարկե, շատ լավ է, երբ սկսում են քննարկումներ, այդ քննարկումները մենք անում ենք հանձնաժողովների ներսում: Ես կարծում եմ` միայն հօգուտ երեւանցու կլիներ դա, այսինքն` եթե լիներ այն կուսակցությունը, որ սրտամոտ ա իրանց Երեւան քաղաքը եւ ուզում են ոչ թե ընդդիմադիր խաղան, այլ մասնակցեին, եթե իրենք ուզենային ինչ-որ մի ներդրում ունենային Երեւան քաղաքի մեջ եւ կարծում եմ՝ դա իրանց համար լավագույն հնարավորությունն էր 13 հոգով ներկայանային, բայց բոյկոտեցին, չեմ հասկանում ինչի, իսկ կարող էին այս տարիներին բավականին լուրջ ինչ-որ ծրագրերի հեղինակներ լինեին»:
Կարդացեք նաև
Նշենք, որ 2009 թվականին Երեւան քաղաքի ավագանու ընտրություններից հետո ՀՀԿ-ն ունեցավ 36 անդամ, ՀԱԿ-ն` ընդամենը 13, իսկ ԲՀԿ-ն` 17:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ