Հարցազրույց դերասանուհի, երգչուհի եւ հաղորդավար Մերի Մակարյանի հետ
– Կյանքում Մերին շա՞տ է փոխվել սերիալի հերոսուհի Մերիի միջոցով հայտնի դառնալու արդյունքում:
– Շատ չէ, բայց փոխվել է: Հայտնի դառնալն իր հետ բերում է ինչպես հաճելի զգացողություն, այնպես էլ մեծ պարտավորվածություն, որը կրելը հեշտ չէ: Նոր իրողությունը իր պահանջներն ունի ու շատ բաների ստիպված ես հարմարվել:
– Սերիալի Մերիի մասին ի՞նչ կարծիքի ես: Հատկապես նրա բնավորության ի՞նչ գծեր են քեզ համար անընդունելի:
– Երեւի թե՝ ինքնատիրապետման պակասը, ցածր ինքնագնահատականը, սեւեռվելը մի տղամարդու վրա, որը անարժան է քեզ, կյանքը մաքուր էջից սկսելու անկարողությունը, հարազատների նկատմամբ անարդարացի վերաբերմունքը եւ այլն:
– Երկրպագուներիցդ ստացած ամենաինքնատիպ նվերը, անակնկալը:
– Իմ դիմանկարը, չնայած նվերներ շատ են եղել: Անակնկալ են եղել անծանոթների սիրո տարաբնույթ խոստովանությունները:
– Ամենազվարճալի բամբասանքը, որ լսել ես քո մասին:
– Որ ֆիլմի մեջ իմ վարած կարմիր մեքենան ինձ համար գնել է Միհրան Ծառուկյանը:
– Ի՞նչ նոր ծրագրեր ունես, գուցե այլ սերիալում կամ ֆիլմում նկարվելու առաջարկ:
– Ծրագրերը շատ են, օրինակ, Հայաստանից դուրս գործնական մի քանի ուղեւորություններ, իսկ վերադառնալուց հետո կմտածեմ: Այստեղ առայժմ մերժել եմ բոլոր առաջարկները, մի փոքր կհանգստանամ՝ հետո կորոշեմ:
– Ինչպիսի՞ դեր երբեք չես խաղա:
– Կարծում եմ՝ վատ դերեր չկան: Բոլոր դերերն էլ դերասանի համար են, եթե, իհարկե, ասելիք կա: Դերասանը պետք է բոլոր դերերն էլ մարմնավորի այնպես, որ այն ազդեցություն թողնի հանդիսատեսի վրա, մտածելու մղի նրան, ուղղակի կցանկանայի խաղալ գեղարվեստական լուրջ ֆիլմում:
– Ինչը կարող է հունից հանել Մերի Մակարյանին, ինչը՝ ոգեւորել:
– Ցինիզմը, անազնվությունը, ժլատությունը. Իսկ ոգեւորվելու համար շատ բան պետք չէ, երազանքն էլ կարող է ոգեւորել:
– Քո ամենանվիրական երազանքը:
– Գաղտնիք է…
– Քեզ երգչուհի՞ ես համարում, հաղորդավարուհի՞, թե՞ դերասանուհի:
– Բոլոր երեքն էլ այս պահին իմն են, թե որը իմ կյանքում առավել մեծ տեղ կգրավի՝ ցույց կտա ժամանակը:
Զրուցեց ԱՐՄԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ