Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանավորների «ճամբարից» դեպի հանրահավաք

Մարտ 12,2013 14:36

Լեւոն Մութաֆյանը պաշտոն չի ուզում

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ թատերագետ Լեւոն Մութաֆյանի «Մեր օրերի հայ անվանի կանայք» գրքի շնորհանդեսը: Գիրքն իր տեսակի մեջ հետաքրքիր է եւ «ոչ ավանդական», քանի որ ներկայացված են տարբեր ոլորտներում (քաղաքականությունից մինչեւ մշակույթ եւ լրագրություն) մեծ ձեռքբերումների հասած կանայք, որոնց հեղինակը ներկայացրել է նաեւ մարդկային նկարագրերի, անձնական մտորումների ու խոհերի համադրումով:

«Առավոտը» թատերագետից նախ հետաքրքրվեց՝ գուցե այս գրքի ստեղծման գաղափարը «հուշել» է ժամանակին ԱՄՆ-ում տպագրված Ալիս Նավասարդյանի իսկապես շքեղ «Հայ անվանի կանայք» գիրք-ալբոմը: «Բարձր գնահատելով տիկին Նավասարդյանի կատարած աշխատանքը, այնուամենայնիվ նշեմ, որ իմ հեղինակածը կապ չունի նրա գիրք-ալբոմի հետ: Ես անձնական շփումների արդյունքում ստեղծել եմ դիմանկարային 15 ակնարկ, ցանկանալով բացահայտել մեր նշանավոր տիկնանց հաջողությունների գաղտնիքը, ցույց տալ նրանց բնավորությունները, անգամ նրանց դիտարկելով առօրյայի մեջ»,- հայտնեց պարոն Մութաֆյանը: Ապա հավելեց. «Նրանցից ամեն մեկի համար ընտրել եմ առանձին ձեւ: Օրինակ՝ հայ բեմի մեծ տիկին Վարդուհի Վարդերեսյանի դեպքում ստեղծել եմ նրա մտերմական դիմանկարը, մեկ այլ հերոսուհու՝ Լուիզ-Սիմոն Մանուկյանին ներկայացնելով, արժեւորել եմ նշանավոր տիկնոջ բարեգործական գործունեությունը, իսկ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի դեպքում՝ դիմել եմ գրական ակնարկի ժանրին»: Կայացած շնորհանդեսին ներկա էին ՀՀ նախագահի տիկինը, Երեւանի քաղաքապետը, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այլք: Իսկ շնորհանդեսից ընդամենը մեկ օր անց՝ մարտի 10-ին, Լեւոն Մութաֆյանը հայտնվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքի հարթակում, ավելին՝ հանդես գալով հռետորական ելույթով: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Ես ընդդիմադիր չեմ՝ որպես քաղաքականությամբ զբաղվող մարդ, իշխանամետ էլ չեմ: Իմ նպատակն է հասնել ազգային համաձայնության, վերջ դնել այն դիմակայությանը, որն այսօր ձեւավորվել է իշխանության եւ ժողովրդի մի մասի միջեւ: Կոչ եմ արել պաշտոնյաներին գալ հրապարակ, բարեւ ասել ժողովրդին, որպեսզի ձեւավորվի ճշմարիտ երկխոսություն: Առաջարկել եմ ձեւավորել համերաշխության կլոր սեղան, քանի որ ցանկացած անխոհեմ քայլ ու չարդարացված հեղափոխականություն կարող է կործանարար լինել մեր երկրի համար…»:

Արդյոք մասնակցությունն ու ելույթը հանրահավաքում չի՞ ակնկալում պաշտոնի ձգտում: Այս հարցին Լեւոն Մութաֆյանը պատասխանեց. «Պաշտոն կարող եմ խնդրել իշխանություններից, ինչի համար անհրաժեշտ չեն հրապարակային ելույթները, իսկ ես իմ պաշտոնը վաղուց ունեմ. դա մտավորականի պաշտոնն է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Լևոն Մութաֆյանը մեր այսօրվա մտավորականության դասական տեսակն է: Որպես այսօրվա մեծ մտավորական, թեպետ ինձ ոչ ոք չի ճանաչում, ինչպես և մյուսներին՝, կուզեմ շարունակել խորհուրդ
    տալ, որ իրոք միայն համերաշխությունը կլոր սեղանի շուրջ,՝ կբերի բարեկեցություն: Այ օրինակ՝
    հհկ-ն, բհկ-ն, և օեկ-ն ժամանակին հասկանալով այդ պարզ փիլիսոփայությունը, համերաշխ նստեցին
    կլոր սեղանի շուրջ, որի վրա առատորեն լցված էր՝ խաշը, խորովածը, քյաբաբը, թփով տոլման և էլի
    հազար ու մի՝ բաստուրմա: Բաժակաճառերով խորը վերլուծության ենթարկեցին տիրող իրավիճակի
    պայթուցիկ հեղափոխական հետևանքները և եկան եզրակացության, որ համերաշխությունից լավ բան
    չկա, և այն բաժանեցին ըստ արժանապատվության, որոնցից օրինակ՝ արթուր բաղդասարյանը, որը
    իր ելույթով հաստատեց, որ առավել արժանապատիվն է,՝ ստացավ իր յուղալի բաժինը: Կարծում եմ
    այդ կլոր սեղանի շուրջ, ոչ ոք դատարկ ամանները չլպստեց, այլ հակառակ, որպեսզի լիությունից
    տրաքող սեղանը փրկեն, ամեն մեկը իր հերթին գրպանները լցրեց ափսեների մեջի բարիքներից,՝ բարեկամների, հարևանների համար: Շարունակությունը ինքներդ լավ գիտեք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031