Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցին հայ կնոջը անպատվել է ու ծեծել

Մարտ 12,2013 14:29

pat3Ժաննա Զաքարյանը Երկրապահի անդամ է:

«Ձեզ քիչ է, լավ են արել թուրքերը, որ ձեզ մորթել են, պետք է ձեր քոքը լրիվ կտրվի»: Այս խոսքերը Իրանի քաղաքացի Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահին ասել է մի հայ կնոջ՝ Ժաննա Զաքարյանին, որը Հանրապետության հրապարակում սպասելիս է եղել Իրանից ժամանող զբոսաշրջիկ մի ընտանիքի: Կինը, մինչեւ հոգու խորքը վիրավորվելով, Իրանի քաղաքացուց զայրացած պահանջել է բացատրություն տալ նման պահվածքի համար, սակայն այս անգամ էլ կինը ենթարկվել է ֆիզիկական բռնության: Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահին Ժաննա Զաքարյանին ծեծել է, ապա կծել կնոջ ձեռքը եւ քաշել մազերը: Այս ամենը մանրամասն նկարագրված է նաեւ Իրանի քաղաքացուն առաջադրված մեղադրական եզրակացության մեջ: Սակայն, ինչպես պատմեց երեկ «Առավոտի» խմբագրություն եկած Ժաննա Զաքարյանը, այսօր դատավորից սկսած՝ ոստիկաններով ու դատախազով համոզում են, որ կինը հաշտության գնա: Դեպքին ականատես վկաներին էլ անգամ սպառնում են, որ ցուցմունքները փոխեն եւ տիկինն Ժաննային էլ մտափոխեն՝ չբողոքի:

«Ինձ նույնիսկ գումար են առաջարկում, բայց ինձ փող պետք չէ, սա ինքնասիրության հարց է, նա անարգել է իմ երկիրը եւ պետք է իր ասածների համար պատասխան տա»,- մեզ հետ զրույցում ասաց Ժաննա Զաքարյանը: Նրա պատմելով՝ դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի հուլիսի 31-ին, գիշերվա ժամը 1-ին:

«Ես հրապարակում սպասում էի Իրանից եկող մի ընտանիքի, որին պետք է ուղեկցեի վարձակալությամբ տրվող մի բնակարան: Նրանք զբոսաշրջիկներ էին, իսկ ես օրինական գրանցված իմ ֆիրմայով միջնորդ եմ աշխատում եւ արտերկրից եկող հյուրերին օրավարձով բնակարաններ եմ առաջարկում: Եվ դեռ մեկ ժամ կար մինչեւ իմ հյուրերը կժամանեին, ես հրապարակում կանգնած մի քանի հայերի հետ զրուցում էի, նրանք նույնպես մարդու էին սպասում: Եվ մեկ էլ լսում եմ իրանցու հայհոյախառն բառերը՝ դավայ եղի ստեղից: Զարմացած հարցնում եմ, թե ի՞նձ նկատի ունի, իրանցի երիտասարդը շարունակում է հայհոյել: Երբ մոտենում եմ, որ բացատրություն պահանջեմ, հարձակվում է ինձ վրա եւ սկսում հարվածել»,- ասաց տիկին Ժաննան:

Կնոջ բղավոցներին արձագանքում են տարածքը հսկող ոստիկանները եւ ուղեկցում ոստիկանության կենտրոնի բաժանմունք: Այնտեղ արդեն, տիկին Ժաննայի պատմելով, ոստիկանները սկսում են համոզել, որ ցուցմունք չգրի եւ «բարիշեն», քանի որ, ինչպես ոստիկաններն են ասում՝ դիմումին ընթացք տալով հարցը քաղաքական երանգներ կստանա, սակայն Ժաննա Զաքարյանը պնդում է, որ իրենից գրավոր բողոքն ընդունեն:

«Ներողություն խնդրելու փոխարեն Աբոլֆազլ Ղոլամ Հասսանն ինձ հաթաթա է տալիս, թե միեւնույն է՝ իրեն ոչինչ չեն անի, քանի որ իր մեջքին Ծառուկյանն է կանգնած: Տեղեկություններ կան, որ նա Հայաստանի դրոշի տակ հանդես եկող սպորտսմեն է»:

Որ Իրանի քաղաքացին ինչ-որ հովանավոր, այնուամենայնիվ, ունի մեր երկրում, տիկին Ժաննայի համար պարզ է դառնում գործի հենց սկզբից, երբ մինչեւ դատավարությունը նույնպես նրան համոզում են հետ կանգնել բողոքից:

«Բայց ես գնալու եմ մինչեւ վերջ»,- վստահեցնում է Ժ. Զաքարյանը:

Այսօր առավոտյան Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի մոտ լսվելու է քրեական այս գործի շարունակությունը: Ժ. Զաքարյանի պատմելով՝ դատավորը նախորդ նիստերից մեկի ժամանակ ընդմիջում է հայտարարել եւ վկաներին հրավիրել իր մոտ. «Հիմի էլ էդ դեպքին ականատես վկաների վրա են ճնշում գործադրում, որ հրաժարվեն իրենց տեսածից: Ադրբեջանցին հայ զինվորին սպանեց եւ մնաց անպատիժ, սա էլ, ինչպես որ ինձ հետ են վարվել, նման պատմությունների շարունակությունն է, իսկ ինձ այսօր դատավորից սկսած՝ համոզում են հաշտություն: Ոչ թասիբ ունեն, ոչ ինքնասիրություն»:

Ժաննա Զաքարյանը արցախյան պատերազմի ազատամարտիկ է, երկրապահ անդամ եւ հայրենիքին մատուցած իր ծառայությունների համար պարգեւատրվել է պատվոգրերով. «Հայկական բանակի կազմավորման առաջին ամիսներին կամավոր զինվորագրվել եմ եւ մասնակցել պատերազմին: 1995-96-ին Մանվել Գրիգորյանի 5-րդ բրիգադում եմ մարտնչել: Ամուսինս նույնպես ազատամարտիկ է: Մենք գնանք, պատերազմենք մեր երկրի, հող ու ջրի, պատվի համար, այսօր իմ երկրում, իմ հողում ինձ անպատվեն, հայհոյեն ու ծեծեն, եւ իմ երկրում ես պաշտպանված չլինեմ, անգամ օրենքի կողմից»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Հակառակ կողմի տեսակետը կներկայացնենք «Առավոտի» հաջորդ համարում: Այսօրվա դատական նիստում ներկա է լինելու նաեւ Իրանի քաղաքացի Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Ամոթ` հաշտություն առաջարկող հայ պաշտոնյա տղամարդկանց…

  2. Գոհար Արշակյան says:

    Ապրես Ժաննա, քո պահվածքով բազմաթիվ տղամարդկանց կհակակշռես…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031