Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարի փիլիսոփայությունը քաղաքացիական անհնազանդությունն է

Մարտ 12,2013 14:22

Ըստ ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի՝ ընդդիմադիր հանրությունը չի կարող համախմբվել ԲՀԿ առանցքի շուրջը, նա իշխանական տիրույթում է:

– Պարոն Վարդանյան, ընդդիմության պահանջների հասցեատերը իշխանությունն է, որը չի գնում զիջումների: Շաբաթ օրը Գեղարքունիքի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստ է ընդունել նոր ընտրության կամ երկրորդ փուլի հնարավորությունը: Նրա հացադուլը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ այս պահանջները իրականանան:

– Դա կախված է հասարակության ճնշումից։ Բոլորը սպասում են վճռական քայլերի, չեն ցանկանում կորցնել հաղթանակը… Ո՞վ է այդ քայլերն անելու, կազմակերպելու, ի՞նչ մեխանիզմներով: Ր. Հովհաննիսյանը չի ցանկանում, որ ինքը թելադրողը լինի, ասի՝ եկեք իմ հետեւից: Նա իր այդ քայլով դաշտ է ստեղծում, որպեսզի հասարակությունն ինքնակազմակերպվի, որպեսզի բոլոր ակտիվ քաղաքական եւ քաղաքացիական խմբերը շատ արագ լուծումներ գտնեն եւ անցնեն կոնկրետ գործողությունների: Ի վերջո՝ այդ գործողություններից առաջացող ճնշումը կարող է ստիպել իշխանություններին գնալ զիջումների: Միանշանակ է, որ եթե չլինի հասարակության ճնշում՝ դժվար է պատկերացնել, որ իշխանությունները կհամաձայնեն զիջել իրենց համար այդքան քաղցր իշխանությունը: Ժողովրդի այսքան ակտիվությունից, դժգոհության այս ալիքից հետո իշխանությունները եթե չեն ցանկանում որեւէ զիջման գնալ, նշանակում է իրենց համար թանկ է այդ իշխանությունը, նշանակում է, որ իրենք սովոր չեն առանց այդ իշխանության ապրել: Միայն ու միայն ուժեղ ճնշումը կարող է իրավիճակ փոխել:

Հ. Հովհաննիսյանը տվեց պայքարի շրջանակները. այսօրվա դրությամբ լինելով ընդդիմության առաջնորդ եւ շատերի համոզմամբ՝ ընտրված նախագահ, նա հստակ ասել է, որ բռնի գործողություններ չեն լինելու, ովքեր դիմեն այդ քայլին՝ կամ սադրիչ են, կամ ոչ մի կապ չունեն շարժման հետ, այսինքն՝ ճնշումը լինելու է միայն խաղաղ, Սահմանադրության շրջանակներում: Սա ըստ էության քաղաքացիական անհնազանդության կոնցեպցիայի փիլիսոփայության շրջանակներում է: Հիմա կտեսնենք՝ արդյոք քաղաքացիական անհնազանդությունը սահմանափակվո՞ւմ է Ր. Հովհաննիսյանի գործողություններով: Կարծում եմ՝ պայքարի հռչակված շրջանակները, փիլիսոփայությունը քաղաքացիական անհնազանդությունն է, երբ քաղաքացիները չեն ենթարկվում անօրինականությանը, այդ չենթարկվելը իրականացնում են կոնկրետ գործողություններով՝ երթեր, պիկետներ, նստացույց, հացադուլ, գործադուլ, դասադուլ, եւ այդ միջոցներով զրկում են իշխանություններին իրենց ռեսուրսներից: Իշխանությունների հիմնական ռեսուրսը ժողովուրդն է, ժողովրդի հնազանդությունն է: Եթե չես խաղում իր խաղի կանոններով՝ այդ դեպքում իշխանությունները հայտնվում են անելանելի վիճակում, չեն կարողանում կառավարել, եւ դրա արդյունքում տեղի է ունենում համակարգափոխություն: Սա է կոնցեպցիան: Ր. Հովհաննիսյանի քայլը կարող է մարդկանց մեջ ինչ-որ բան շարժել այն առումով, որ մարդը չկարողանա արդեն հանգիստ նստել տանը, մտածել՝ եթե ես պայքարող եմ, չեմ համակերպվում անարդարության հետ, հիմա այն մարդն այնտեղ կարող է մահանալ, հիմա ես նստեմ-սպասե՞մ, որ այդ մարդը մահանա՞… Այդ գիտակցումը կդրդի մարդուն ինքնակազմակերպվել եւ փոփոխություն անելու պատասխանատվություն վերցնել: Այս կոնցեպցիան տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում արդյունավետ է եղել եւ հանգեցրել է դրական արդյունքների:

– Մարտի 9-ին տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստը, ԲՀԿ-ն որոշել է մասնակցել Երեւանի ավագանու ընտրությանը, Գագիկ Ծառուկյանը հրապարակել է ԲՀԿ ցուցակը, այն գլխավորելու է Վարդան Օսկանյանը: Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ի նշաձողը հաղթանակն է լինելու: Սակայն զուգահեռ ընթացող կոնսուլտացիաների առիթով շեշտում են, որ ԲՀԿ-ն պատրաստ է իր առանցքի շուրջը առավել լայն համախմբման: Տպավորություն է ստեղծվում, որ նախագահական ընտրություններում չմասնակցած ուժերի եւ Ր. Հովհաննիսյանի վերջին քայլի միջեւ որոշակի կապ կա՝ այն առումով, որ նախագահական ընտրություններին չմասնակցած ուժերը ընդդիմադիր դաշտը նորից գրավելու փորձեր են անում: Ոչ իշխանական ուժերի միջեւ պայքարը կարո՞ղ է ավելի սրվել, պարոն Վարդանյան:

– Ամեն դեպքում համագործակցություն տարբեր ուժերի հետ լինելու է, բայց ԲՀԿ-ն իր հայտարարությամբ, որ՝ եթե իր առանցքի շուրջը համախմբում լինի՝ պատրաստ է համագործակցության, խոսում է այն մասին, որ ԲՀԿ-ն իրեն դուրս է դնում այս վերջին գործընթացներից, ինչպես նախկինում ասում էր՝ «այլընտրանք» է Սերժ Սարգսյանի թիմին, հիմա էլ է ասում՝ այլընտրանք եմ, ընդդիմադիր չեմ, համակարգափոխությանը միտված գործընթացների մասնակից չեմ:

– «Այլընտրանք» են, բայց նախագահական ընտրություններին չմասնակցեցին:

– Այո, որովհետեւ որոշակի պայմանավորվածություններ, համաձայնություն էին ձեռք բերել: Եթե դու ընդդիմություն չես, ուրեմն մի քաղաքական խումբ ես, որը իշխանական տիրույթում է գտնվում եւ փորձում է իշխանական տիրույթում ունենալ ավելի շատ լծակներ ու ռեսուրսներ, եւ այդ գործընթացում կարող է գնալ զիջումների, համաձայնությունների, հնարավոր է նաեւ պայքարը սրվի իշխանական խմբերի միջեւ:

Ակնհայտ է, որ երբ ընդդիմադիր հանրությունն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նա է ընդդիմադիր դաշտի ֆավորիտը, պարզ է, որ այն կուսակցությունը, որը չի մասնակցել ընտրություններին եւ այս պահի դրությամբ չի էլ հայտարարել, որ ընդդիմադիր հանրության հետ է, չի հայտարարել, որ ընդդիմություն է, նշանակում է, շարունակում է մնալ որպես «այլընտրանք»: Այս պայմաններում ինչպե՞ս կարող է ընդդիմադիր հանրությունը համախմբվել ԲՀԿ-ի առանցքի շուրջը, դա ուղղակի բացառվում է: Սա գիտակցում են, բնականաբար, նաեւ ԲՀԿ-ում, երբ հայտարարում են՝ «ԲՀԿ առանցքի շուրջը համախմբման» հնարավորության մասին: Սա նշանակում է, որ ԲՀԿ-ն շարունակում է իր գիծը՝ իր կոնցեպցիայի շրջանակներում: Պարզապես ընդդիմադիր հանրությունը չպետք է մոռանա այդ ամենի մասին եւ ճիշտ գնահատի իրավիճակը:

– ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» համագործակցություն հնարավո՞ր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական կոնսուլտացիաներ տեղի ունեցան, նույնիսկ միասին հանդես գալու կոչեր հնչեցին:

– Որոշակի խորը համագործակցություն կարող է լինել ՀՅԴ-ի, «Ժառանգության», ինչու չէ՝ ՀԱԿ-ի միջեւ, այս երեք ուժերի համագործակցության հավանականությունն ավելի մեծ է, բայց չեմ կարող ասել, թե ինչ ֆորմատով: Կարծում եմ՝ Ր. Հովհաննիսյանն իր քայլով եւս մեկ անգամ փորձում է ցույց տալ, որ հիմնականը համակարգափոխությունն է՝ Սերժ Սարգսյանի, իշխանության հրաժարականն է, ոչ թե ավագանու ընտրությունները, ինչը իշխանությունները կարող են փորձել անել՝ շեղելով հասարակության ուշադրությունը հիմնական պայքարից: Կարծում եմ՝ հանրությունը հակված չէ այդ խայծը կուլ տալու: Երբ Ր. Հովհաննիսյանը նշեց, որ կուսակցությունները պետք է խոնարհեն իրենց կուսակցական դրոշները եւ պետք է բարձրացնեն պետականության դրոշը, սրանից եկող վտանգը իշխանությունները գնահատեցին եւ ի հակառակ այդ հայտարարության՝ փորձում են այնպես անել, որ կուսակցությունները իրենց դրոշներն էլ ավելի բարձրացնեն, այլ ոչ թե խոնարհեն: Ավագանու ընտրությունների հետ կապված իշխանությունների այս քարոզչությունը այդ մասին է վկայում: ԲՀԿ-ի վերջին հայտարարությունները գուցե հենց դրանով էին պայմանավորված։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031