Վերջին շրջանում շատ է խոսվում, նաեւ ԶԼՄ-ներն են լայն անդրադարձ կատարում Սյունիքի մարզի արոտավայրերից երկարատեւ ժամկետով Իրանի Իսլամական Հանրապետությանը նշանակալի չափով հողատարածքներ վարձակալության տալու մասին: «Առավոտը» Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, որպես անվտանգության խնդիրներին քաջածանոթ անձ, խնդրեց մեկնաբանել հարցը:
Արթուր Բաղդասարյանի խոսքով. «Սյունիքի մարզը գյուղատնտեսական կենդանիների խտությամբ եւ կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ծավալներով հանրապետությունում առաջատար դիրք է գրավում: Մարզում աճող բուսատեսակներից շատերը գրանցված են Կարմիր գրքում, իսկ որոշները համարվում են էնդեմիկ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարզում գյուղկենդանիների եւ կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ծավալները զգալիորեն ավելացնելու համար առկա է իրատեսական բնատնտեսական մեծ ներուժ, այնինչ 1980-ականների համեմատությամբ Սյունիքում խոշոր եղջերավոր անասնագլխաքանակը նվազել է առնվազն երկու, իսկ մանր եղջերավորինը՝ գրեթե երեք անգամ: Այդ իսկ պատճառով, ելնելով նաեւ Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման ռազմավարական մոտեցումներից, հարցն առավել կարեւորվում է մարզում անասնաբուծության հեռանկարային զարգացման տեսանկյունից: Ինչ վերաբերում է արոտավայրերը վարձակալական հիմունքներով տրամադրելու նախաձեռնությանը, ապա պետք է նշեմ, որ խոսք է գնում մանր եղջերավոր կենդանիների արածեցման համար իրանական կողմին շուրջ 50 հազար հեկտար տրամադրելու շուրջ ընթացող բանակցությունների մասին, որը հղի է կանխատեսելի հեռանկարային եւ երկարաժամկետ բացասական հետեւանքներով»:
Թե ինչ բացասական հետեւանքների մասին է խոսքը եւ ինչի այն կարող է հանգեցնել՝ Արթուր Բաղդասարյանը նշեց. «Առաջին հերթին պետք է նկատել, որ համաձայն պաշտոնական տվյալների՝ մարզում 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ բուծվել են 52.5 հազար գլուխ խոշոր եւ 86.3 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանիներ: Անասնաբուծության զարգացման եւ վերջին տարիներին անասնագլխաքանակի աճի միտումների հիման վրա հնարավոր է հստակ կանխորոշել առաջիկա 10 տարիների ընթացքում մարզում անասնագլխաքանակի աճի տեմպերը, ինչը միտված է երկրի պարենային անվտանգության ապահովման ռազմավարության իրականացմանը: Բացի այդ, մարզի մի հատվածի չօգտագործվող արոտավայրերը, որպես այլընտրանքային արոտավայրեր, հնարավոր է օգտագործել նաեւ Վայոց ձորի եւ հանրապետության ինտենսիվ երկրագործության տարածաշրջանների անասնագլխաքանակի արածեցման համար: Իսկ նախաձեռնության իրագործումը նախ եւ առաջ կհանգեցնի մարզի արոտավայրերի գերծանրաբեռնվածության առաջացմանը, իմ կողմից նշված բացառիկ բուսատեսակների վերացմանը եւ ի վերջո՝ բնապահպանական իրավիճակի վատթարացման վտանգի:
Հաջորդը՝ պետք է նշել, որ 2012 թվականի ընթացքում Հայաստանից Իրան է արտահանվել շուրջ 40.000 գլուխ ոչխար՝ այն պարագայում, երբ իրանական կողմը նախատեսում է Հայաստանում բուծած մոտ նույնքան գլխաքանակը հետագայում եւս արտահանել Իրան, ինչը լուրջ հարված կհասցնի հայկական գյուղացիական տնտեսություններին՝ նրանց զրկելով ֆերմերային տնտեսությունների զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող արտահանման հնարավորություններից: Այնինչ, մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ արտահանման հնարավորությունների ապահովման դեպքում տեղական ֆերմերային տնտեսությունների ակնկալվող եկամուտները առնվազն մի քանի անգամ կարող են գերազանցել արոտավայրերը իրանական կողմին վարձակալությամբ տրամադրելու դիմաց սպասվող տարեկան գումարները: Իսկ ինչու չառաջնորդվել այս ճանապարհով, մեր ֆերմերային տնտեսությունների զարգացումն ապահովելու նպատակով հայկական ծագման մանր եղջերավոր կենդանիների արտահանման համար իրանական կողմին առաջարկել եւ ներկայացնել մարզի սահմանակից տարածքներում համապատասխան սպանդանոցներ կառուցելու համար ներդրումային բիզնես-ծրագրեր եւ այլն: Մի խոսքով՝ վերլուծելով իրավիճակը եւ նկատի ունենալով, որ խնդիրը վերաբերում է ՀՀ տնտեսական, բնապահպանական, պարենային անվտանգության ապահովման խնդիրներին, ինքս անթույլատրելի եմ համարում առանց համապատասխան մասնագիտական, վիճակագրական վերլուծությունների եւ դրանց արդյունքում ծնված գնահատականների հաշվառման, առանց հեռանկարային զարգացման ծրագրային մոտեցումների՝ նման նախաձեռնությունների մեկնարկումն ու իրականացումը»:
Կարդացեք նաև
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Հարգէլի պարոն խմբագիր, ինձ համար զարմանալի է ձեր հարցադրումը, երբ նույնիսկ եվոպական դիտորդը նամակով տեղեկացրել է կեղծարարըությաան փաստի մասին եւ նշում է որ պետք է վերահաշվարկ կատարվի: Ես կարծում եմ որ նա կարող է որպէս վկա հրավիրվի դատարան: Ձեզ համար Լֆիկ Սամոյի մասնակցությունը ընտրություններին եվս կասկած չի հարուցում: Նույնիսկ ամենափոքր կեղծարարությունը իշխանության կողմից բավական է մրցակցին հաղթող ճանաչել: