Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Բարգավաճը» կարող է խնդիրներ ստեղծել «Ժառանգության» համար (Տեսանյութ)

Մարտ 12,2013 14:12

Ըստ Սերգեյ Մինասյանի` ԲՀԿ-ի մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին կանդրադառնա «Ժառանգության» ձայների վրա

«Րաֆֆի Հովհաննիսյանի համար քաղաքական պատկերը բարդանում է, որովհետեւ «Բարգավաճի»` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հանգամանքը «Ժառանգության» համար խնդիրներ կստեղծի,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ապա հավելեց,- հասկանալի է, որ նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ համախմբել իր շուրջը նաեւ «Բարգավաճ Հայաստանի» էլեկտորատը: Բայց «Ժառանգության» համար շատ պարագաներում մարդկային ռեսուրսի խնդիր կա: Ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների առումով «Բարգավաճն» ավելի լուրջ դիրքեր ունի, ինչը կարող է անդրադառնալ Երևանի ավագանու ընտրություններից հետո հրապարակվելիք արդյունքների վրա»:

Քաղաքագետի դիտարկմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանին չհաջողվեց կապիտալիզացնել ունեցած քաղաքական ռեսուրսը. «Նրա քաղաքական պայքարի ձեւը միտված է ինչ-որ կերպ գործող նախագահի համար ստեղծել ավելի բարդ քաղաքական իրավիճակ: Եթե այլ քաղաքական ուժերի կողմից լուրջ արձագանք լինի, կարող ենք խոսել հետագա զարգացումների մասին, բայց չեմ կարծում, որ հացադուլը կտրուկ կփոխի ներքաղաքական պատկերը Հայաստանում: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նպատակ ունենար քաղաքական պատկեր փոխել, ապա դա կաներ ոչ թե հացադուլի, այլ հանրահավաքների միջոցով: Բայց եթե դու 20 օր առաջ հավաքում էիր 10-20 հազարանոց հանրահավաքներ, իսկ այս պահին ` մի քանի հազար, ուրեմն պետք է փոխես ոճդ: Չնայած չեմ բացառում այն բացատրությունը, որ Հովհաննիսյանն այս քայլին գնաց իր ավանդական իմպրովիզացիոն ոճից ելնելով»:

Պարոն Մինասյանի խոսքով. «Հացադուլի թիրախը ապրիլի 9-ն է, ոչ թե ավագանու ընտրությունները»:

Բանախոսը նաեւ նշեց, որ առաջիկայում լուրջ փոփոխություններ ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի չեն ունենա. «Եթե «Ժառանգությունը» Երևանի ավագանու ընտրություններում լուրջ ձայներ չստանա, ներկայիս քաղաքական ակտիվությունը բավական շուտ կնվազի: Դա չի բերի հասարակական լարվածության: Հետընտրական փուլը Հայաստանում փաստացի ավարտվել է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031