Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մազմանյան. «Պարոն Հախվերդյանը վերջերս, հավանաբար, շատ քիչ է սթափ լինում»

Մարտ 12,2013 13:49

Հատվածներ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ հարցազրույցից:

– Պարոն Մազմանյան, արժե՞ր, որ հետընտրական այս թոհուբուհի մեջ մխրճվեին նաև մտավորականները։

– Նախ չեմ կարծում, որ մտավորականը երբևէ պիտի դուրս լինի խաղից։ Քաղաքականությունը մանդատ ունենալն ու կուսակցական լինելը չէ։ Ժամանակին հասարակական, հանրային գործիչներ ունեինք, որոնք հարմար պահին իրենց խոսքն ասում էին։ Տարբերությունն այն է, որ մշտապես պետք է գործառույթի մեջ լինել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ոչ թե պատեհ-անպատեհ արթնանալ, մխրճվել երևույթների մեջ և անպատասխանատու հայտարարություն, քայլեր անել։ Հանրության համար արտիստը հանրային մարդ է, ում խոսքը լսում են։ Ուստի չի կարելի այդ զանգվածի հետ բաշիբոզուկի պես վարվել, ինչպես արեց Ռուբեն Հախվերդյանը։ Չէի ուզի նրան այդքան կարևորել, որովհետև մեր շուրջն ավելի կարևոր բաներ կան։ Պոետը պիտի շատ լավ իմանա, որ խոսքը ծիտիկ չէ, բերանից թռնի-գնա։ Երբ ասում ես՝ Ադրբեջանի գավառ, դա արդեն նստվածք է թողնում։ Երբ հայտարարում ես՝ գյուղացին թող գնա իր գյուղը, մեզ չկառավարի, հետ նայիր անցյալիդ, դու էլ ես գյուղացի, Շիրազը, Պարույր Սևակը, Մինասը, Վիկտոր Համբարձումյանն էլ են գյուղացի։ Նման հարցադրումն ինձ համար հայադավություն է, ազգադավություն։

Հախվերդյանը նաև ասել է, որ Դուք պաշտպանում եք Սերժ Սարգսյանին, քանի որ ինքն է Ձեզ ռեկտոր նշանակել, և որ Դուք «Սերժի դրածոն» եք։

– Ռեկտորությունը շատ փոքր պատճառ է, որի համար ես պիտի պաշտպանեմ Սերժ Սարգսյանին։ Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանն իր կենսագրությամբ, կենսափորձով, քաղաքական հեղինակությամբ պաշտպանության մեծ կարիք ունի։ Դրա ապացույցը հենց ընտրապայքարն էր։ Պոպուլիզմով զբաղվելիս պետք չէ մոռանալ, որ խոսում ես պետության նախագահի մասին։ Պետականամետ պիտի լինել ու հարգել գոնե նախագահի ինստիտուտը։ Իսկ ո՞վ է Մազմանյանն այս ողջ պատմության մեջ։ Իմ և Սերժ Սարգսյանի հարաբերությունները շատ ավելի հին են։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե շենք եմ ծախել, ապա ծախել եմ իմ սեփականությունը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, այն ժամանակ Հրանտ Բագրատյանը կառավարության որոշումով այդ շենքն ինձնից խլում էր։ Խոսքը 340-350 քառակուսի մակերեսով վարձակալած տարածքի մասին է։ Պարոն Հախվերդյանը վերջերս, հավանաբար, շատ քիչ է սթափ լինում և Թատերական գործիչների միությունը շփոթում է «ԱԴՐԻ» պրոֆմիութենական հիմնարկի հետ։ Երբ ես այդ տարածքն արդեն վարձակալել էի, հիմնարկն այլևս գոյություն չուներ։ Սրա առքուվաճառքն անգամ ժամանակային առումով ոչ մի կապ չունի Սերժ Սարգսյանի հետ։ Հերիք է զազրախոսեք։

«Դրածոյի» առումով էլ նկատեմ. Երևանում կա այսպիսի հասկացություն՝ «գոյական դպրոց»՝ Մազմանյանի աշակերտներ, նրա՞նք էլ են դրածո։

– Պարոն Մազմանյան, Հախվերդյանը նաև մասնագիտական առումով է Ձեզ մեղադրանքներ ներկայացրել, իբր Դուք ներկայացում էլ չեք բեմադրում։

– Տեսնելու համար պետք է նայել կամ գոնե կարդալ։ Եթե մի քիչ կարդար, կիմանար, որ իմ առաջին միջազգային գրանպրին, որպես ռեժիսոր, 87-ին է եղել, որից հետո երկու– երեք տարին մեկ Մազմանյանի ներկայացումները միջազգային փառատոներին են ներկայացվում։ Վերջին անգամ անցյալ տարի Մոսկվայի «Ոսկե դիմակում» «Մեղր» ներկայացումն էր։ Չորս տարին մեկ այս ինստիտուտում սերունդ եմ տալիս։ Ուրախ եմ, որ Հախվերդյանի նման հանդիսատես չունեմ։ Շատ սիրում ու հարգում եմ Վարդան Պետրոսյանին, բայց մի օր գալ, չունենալով հստակ պատկերացում իրողությունների վերաբերյալ, պաթետիկ կոչ անել, ինչի՞ մասին։

– Պատրա՞ստ եք դեմ առ դեմ հանդիպելու և խոսելու Հախվերդյանի հետ։ Ի դեպ, վերջինս հայտարարել է, որ «ուրիշ» տեղ և «շատ մանրամասն» կխոսի Ձեզ հետ։

– Կյանքը շատ կարճ է։ Երբ բառեր ես շպրտում, այլևս մանրամասն խոսելու կարիք չկա։ Ա՞յլ կերպ է ուզում խոսել, ես ամեն ձեռնոց էլ վերցնող եմ։ Միակ բանը, որ ցանկանում եմ, թող երգ գրի, բայց եթե չես կարող, սարսափելի չէ։ Կլսենք, Մոնտան, Ժակ Բրել, Շարլ Ազնավուր, Վիսոցկի, Ռոզենբաում, ուղղակի իր մոտ հայերեն լավ էր ստացվում։ Բայց դա նրան իրավունք չի տալիս աջուձախ բոլորին կեղտոտելու, պիտակավորելու՝ լավ խաշից ու օղուց հետո։ Դա հասարակության հետ խոսելու ձև չէ։ Առողջություն եմ մաղթում իրեն, թող գոնե իր համերգներին սթափ ներկայանա, առանց սխտորի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031