Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Շնորհավորանքի երկրորդ նախադասությունն արդեն վերաբերում է Ղարաբաղին»

Մարտ 12,2013 13:28

Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

Ի պատիվ Սերժ Սարգսյանի պիտի արձանագրվի, որ նախորդ նախագահի օրոք այս վիճակը հնարավոր չէր, այլակարծության, հանդուրժողականության որոշակի վիճակ կա, երբ իշխանությունը չի դիմում կոշտ հակադարձման, չեն կասեցվում հանրահավաքները, այնուամենայնիվ, կարծո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը այն ներքաղաքական, աշխարհաքաղաքական իրավիճակն է տեսնում Հայաստանում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշում կայացնի։

– Այնպես չէ, որ խոչընդոտներ չեն ստեղծվում, ուժային կառույցները մեր ակտիվիստների հետ սկսել են աշխատել։

– Բայց ո՛չ ձերբակալվածներ կան, ո՛չ հատուկ դրություն է, ո՛չ կրակոցներ։

– Դրան չենք էլ հասնի, համոզված եմ, բայց և Րաֆֆի Հովհաննիսյանը, և հրապարակը այսօր մեկ բառ են վանկարկում՝ «Հայաստան», այսինքն, մեր պայքարն իշխանության դեմ չէ, Հայաստանի ապագայի համար է։ Իշխանավորները պետք է համոզված լինեն, որ իշխանությունը թողնելուց հետո «վհուկների որս» չի լինելու, իշխանությանը չի կարելի անկյուն քշել, փափուկ ուժով պայքարի տեխնոլոգիան ավելի արդյունավետ է։

– Բայց՝ դանդաղ։

– Դանդաղ՝ գուցե, բայց երկար չի կարող տևել, որովհետև գործընթացն է իր տրամաբանությունը թելադրում։ Իսկ արտաքին քաղաքականության առումով հակառակը՝ գործող նախագահը հիմա պետք է վճռական քայլեր անի։ Երբ այսպիսի ընտրություններից հետո նրան շնորհավորում են գործընկերները, և շնորհավորանքի երկրորդ նախադասությունն արդեն վերաբերում է Ղարաբաղին կամ հայ-թուրքական հարաբերություններին, մտածելիք կա։ Ժողովուրդը չի ընդունում մադրիդյան սկզբունքները, որ իշխանությունը ժառանգել է դեռ նախորդ իշխանությունից, Լեռնային Ղարաբաղը չի ընդունում, պարզ է, որ խնդիր կա։ Աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի չես կարող մեղադրել իր շահը սպասարկելու մեջ, խնդիրն այն է, որ մենք պիտի մեր շահը սպասարկենք։ Հայ-թուրքական արձանագրությունները ևս հայ հանրությունը, առավել ևս սփյուռքը, չընդունեց։ Թուրքիան նույնիսկ սառեցված վիճակից բավականին շահեց։ Ժամանակն է արտահերթ լուծումներով այնպիսի իշխանություն ձևավորելու, որ, հասարակության տրամադրություններն արտահայտելով, թույլ չտա այս ամենը կենսագործել։ Հայաստանի շահի առումով՝ որքան շուտ Հայաստանում ձևավորվեն իշխանություններ, որոնք ունեն ժողովրդի վստահությունը, այնքան շուտ կկարողանանք արտաքին քաղաքական հարցերը լուծել։

– Եթե Սերժ Սարգսյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների չգնա, ի՞նչ է անելու «Ժառանգությունը»։

– «Ժառանգության» խնդիրը չէ, այլ քաղաքացիների, «Ժառանգությունը» հարթակում կանգնած քաղաքական ուժերից մեկն է ընդամենը։ Սա ժողովրդի պայքարն է, և ես չեմ կարող ասել՝ ինչ է լինելու, որովհետև փակուղային իրավիճակ կարող է ստեղծվել, որը ոչ իշխանություններին, ոչ պետությանը ձեռնտու չէ։

– Չե՞ք կարծում, որ ժամանակի մեջ եք տանուլ տալիս, անորոշությունը վտանգավոր վիճակ է, ժողովուրդը վճռական գործողություններ չտեսնելով՝ կվերադառնա իր խեցու մեջ։

– Հանրահավաքների մասնակիցների թվով պետք չէ պայմանավորել շարժման ընթացքը, Ձեր ասած հռետորաբանությունն ու քայլերը միշտ էլ կան, բայց մենք որոշակի քաղաքական պատասխանատվություն ենք ստանձնել և փորձում ենք խնդիրը լուծել ոչ թե այդ տրամադրությունների հանգույն, այլ կանխելով այդ ծայրահեղ տրամադրությունները և ուղղելով նորմալ հուն, ինչի համար անհրաժեշտ է իշխանությունների երկխոսության պատրաստակամությունը։ Բովանդակային երկխոսության։ Հիմա որոշակի առաջարկներ են հնչում՝ եթե ուզում են գործ անել, թող կառավարության անդամ դառնան, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ լինեն, ես կարծում եմ, որ դա ոչինչ չի տա։ եթե նույնիսկ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին լիազորություն տրվի ամբողջ կառավարությունը ձևավորել և վարչապետ լինել, միևնույն է, վաղը ամենափոքր իսկ բարեփոխման օրինագիծ խորհրդարանը մերժելու է։ Նման օրինակներ գործող վարչապետի օրոք էլ շատ են եղել։ Ամենափոքրիկ բարեփոխումն իսկ խորհրդարանում այնքան է աղճատվում, որ դառնում է անիմաստ, բավական է հիշել միայն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների պատմությունը։ 2008-ին արված բոլոր առաջարկները 2011-ին ընդունված Ընտրական օրենսգրքից դուրս մնացին։ Նախկին ձևով երկխոսությունը կամ առևտուրը ոչինչ չի տալու, դա է պատճառը, որ մենք համապետական լուծում ենք առաջարկում, որի արդյունքում կձևավորվեն ժողովրդի շահերն արտահայտող իշխանություններ։

– Իշխանությունները չե՞ն փորձի «Ժառանգությանն» ուղղորդել Երևանի ավագանու ընտրություններ և դրանով այս հարցը փակել։

– Ոչ, պայքարի գլխավոր և միակ ուղղությունը մնում է համապետական լուծումը։ Երևանի ավագանու ընտրությունները, կարևորագույն լինելով, ոչ մի դեպքում չեն կարող համապետական ընտրությանը փոխարինել։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031